«ՌԴ–ն իր ուղղաթիռները բարձրացնելով Գյումրու երկինք՝ Թուրքիային ասում է՝ էստեղ ես եմ, չփորձե՛ս մտնել իմ ազդեցության գոտի». Իգոր Սարգսյան
Ադրբեջանը մշտապես սանձազերծել ու սանձազերծում է լարվածություն. դա անում է և՛ Հայաստանի սահմաններին, և՛ Արցախի, իսկ պատմությունը ցույց է տալիս, որ ադրբեջանցիներն իրենց ատամներն ամեն անգամ գցում են, հենց կտրեց, գնում են առաջ, հենց ոչ՝ քաշվում են իրենց բները, իսկ հուլիսի 12-ից Հայաստանի սահմաններին սանձազերձած մարտական գործողություններով ընդամենը փորձում է խլացնել իր երկրի ներսում ամեն օր զարգացող դժգոհության ալիքը։ Այս մասին 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում ասաց Հայ Հեղափոխական Դաշնակցության Գերագույն մարմնի ազատամարտիկների հանձնախմբի անդամ Իգոր Սարգսյանը։
Մեր զրուցակցի կարծիքով՝ այդ դժգոհությունը լռեցնելու համար էր նաև, որ այս գիշեր հակառակորդը փորձել է 100 հոգով հարձակվել Հայաստանի սահմանի վրա, և սա ոչ թե՝ դիվերսիա է, այլ՝ հարձակում։
«100 հոգին մի վաշտ է, իսկ 100 հոգով դիվերսիա՝ գաղտնի գործողություն, չեն անում։ Սա հարձակում էր՝ փորձել են վերցնել բարձունքը, բայց, բնականաբար, բարձունքից հետևող մեր զինվորականներն ասել են՝ ոչ։ Կարծում եմ՝ Ադրբեջանը չի՛ հաշտվի այդ կարևոր դիրքը կորցնելու հետ. այդտեղ այնքան գնդապետներ և գեներալներ են զոհվել, այդքան տեխնիկա է թողել և հիմա, բնականաբար, ինքն ադրբեջանցիներին պետք է պատասխան տա, որը, իհարկե, չի ցանկանա անել։ Ադրբեջանը կփորձի մեկ այլ տեղով մի թիզ նվաճել ու ցույց տալ, թե, օրինակ, Արցախի ինչ-որ մի տարածքից՝ Մարտակերտի, Աղդամի, Հորադիզի սահմաններից, մի բան կարողացավ պոկել, որ հերթական անգամ զսպի իր ժողովրդի ցասումն ու ասի՝ տեսեք՝ էնտեղ սար տվեցինք, հիմա մի թիզ հետ ենք բերել։ Ի դեպ, իմ տեղեկություններով՝ կուտակումներ կան Արցախում, հիմնականում կուտակումներ կան Հորադիզի և Ֆիզուլիի հատվածում և Թալիշի հատվածում»,- ասաց Սարգսյանը՝ շեշտելով, որ չի բացառում, որ լինեն լայնամասշտաբ ռազմական գործողություններ, ինչի համար անհրաժեշտ է պարզապես լավ պատրաստվել այդ զարգացումներին։
Անդրադառնալով Հայաստան-Ադրբեջան սահմանին ընթացող մարտական գործողություններին աշխարհի արձագանքին՝ Սարգսյանը նշեց, որ բոլոր պետություններն էլ Ադրբեջանի և Թուրքիայի հետ ունեն իրենց շահերը, և հայտարարություններ անելիս, բնականաբար, կարևորել են իրենց շահերը։
«Օրինակ՝ Վրաստանն ունի տարածքային ամբողջականության խնդիր՝ դրանով պայմանավորված՝ ասում է՝ խաղաղ մնացեք, նույնն է նաև Ուկրաինայի դեպքում, երբ ասում է, որ պաշտպանում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։ Այնպես որ, նման խաղաղասիրական կոչեր մենք հաճախ կլսենք։ Խնդիրն այստեղ այլ է՝ մենք պետք է գիտակցենք, որ մենակ ենք լինելու մեր կողքի թշնամիների հետ»,- ասաց Սարգսյանը։
Ինչ վերաբերում է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) արձագանքին՝ Սարգսյանը նկատեց, որ ՀԱՊԿ-ը կարելի է համարել հենց Ռուսաստանը, բայց դրանով հանդերձ՝ այդ կառույցը պետք է արձագանքի, որովհետև մենք ոչ թե շարքային անդամ ենք, այլ Ռուսաստանի ռազմավարական դաշնակիցը։
«Մենք պետք է հասնենք նրան, որ լուրջ անդրադառնա հարցին, հակառակ դեպքում անիմաստ է լինում մեր՝ ՀԱՊԿ-ում լինելը։ Երբ արվում է այնպիսի մի հայտարարություն, որով կողմերի միջև հավասարություն է դրվում, այն էլ՝ այն դեպքում, երբ կողմերից մեկը ՀԱՊԿ անդամ չէ, դա արդեն խոսում է ՀԱՊԿ անդամ պետությունների առանձին անդամների՝ Ադրբեջանի հետ ունեցած շահերի մասին»,- ասաց Սարգսյանը։
Ինչ վերաբերում է ադրբեջանական բանակի կողմից իրականացված գործողություններին Թուրքիայի սատարմանը՝ Իգոր Սարգսյանը նկատեց, որ արված աջակցող հայտարարությունները ցույց են տալիս, որ Թուրքիան մտադիր է իրականացնել Մեծ Թուրան պետություն ստեղծելու իր դարավոր երազանքը, իսկ եթե լինի մի ամբողջական թուրանական պետություն, ապա այդ գիշատիչ ցեղը կձգտի տիրել ամբողջ աշխարհին։
«Կազմ-պատրաստ վիճակում է Թուրքիան նաև այն պատճառով, որ շատ լավ գիտակցում է, որ 2021 թվականին լրանում է Մոսկվայի պայմանագրի 100 տարին, որը վերաբերում է Նախիջևանի խնամակալության հարցին, ու գիտի, որ աշխարհում այդ մասին կխոսվի և պետք է խոսվի, դրա համար փորձում է ամբողջական ֆիզիկական ներկայություն ունենալ Նախիջևանում։ Անընդհատ զորք ու զենք են մտցնում, նախապատրաստական աշխատանքներ են իրականացնում. պատերազմին պատրաստվելն այլ ի՞նչ ձև է լինում, դրա համար էլ Ռուսաստանը երեկ իր գերժամանակակից ուղղաթիռները Գյումրու երկիքն բարձրացնելով՝ Թուրքիային ասում էր՝ խելոք մնա՛, այստեղ ես եմ, սա իմ ազդեցության գոտին է, չփորձեք մտնել այստեղ։ Իհարկե, եթե այսպես շարունակվի, և ռուսները փորձեն միայն ուղղաթիռներով սաստել, թուրքերը կարող են շատ ավելի հեշտ մտնել։ Այստեղ ռուսները կոնկրետ գործողությունների պետք է դիմեն։ Եթե Թուրանական պետությունը նրանք ստեղծեն, ռուսական ազդեցությունն այս տարածաշրջանում կդարձնեն զրո, ու նաև հենց դրա համար ռուսները դրան անպայման կանդրադառնան, նաև Մոսկվայի պայմանագրի դրույթներին։ Ռուսաստանը պետք է այս խնդիրը բարձրացնի, ճիշտ կլինի, իհարկե, որ մենք նաև այս հարցը բարձրացնենք, որովհետև սա միայն հայի խնդիր չէ, սա մարդկության խնդիր է»,- ասաց նա։
Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում