«Ենթադրում եմ՝ Ազգային անվտանգության ռազմավարության հեղինակներն Արցախի հարցում Լևոն Տեր-Պետրոսյանի մոտեցման ջատագովներն են». Ավետիք Չալաբյան
Հուլիսի 10-ին Հայաստանի Հանրապետության Անվտանգության խորհրդի նիստում ընդունվեց Ազգային անվտանգության ռազավարությունը, որն Անվտանգության խորհրդի անդամներն ընդունեցին՝ որպես ուղենիշային ռազմավարական փաստաթուղթ, որում սահմանված են անվտանգության ոլորտի հիմնական ուղղությունները, նպատակներն ու առաջնահերթությունները:
«Ազգային օրակարգ» կուսակցության համահիմնադիր Ավետիք Չալաբյանն ընդունված փաստաթուղթը համարեց ոչ թե ռազմավարություն, այլ հայեցակարգ՝ որը, ըստ նրա, ավելի անատամ է, պակաս հավակնոտ և իր առջև դրել է պակաս խնդիրներ՝ համեմատած 2007 թվականին ընդունված ռազմավարության։
«Կարծում եմ, որ այդ փաստաթուղթն իր ձևի մեջ ոչ թե ռազմավարություն է, այլ՝ հայեցակարգ։ Հայեցակարգն ու ռազմավարությունն ունեն էական տարբերություններ, առաջինը շարադրում է մոտեցումներ, իսկ երկրորդը՝ կոնկրետ ֆիքսված գործողություններ։ Այս փաստաթղթում գործողություններ չկան ձևակերպված, այնտեղ շարադրված են մոտեցումներ։ Զարմանալի է, որ փաստաթղթի հեղինակները հայեցակարգի և ռազմավարության տարբերությունը չեն պատկերացնում։ Այս իմաստով նախորդ՝ 2007 թվականին ընդունված ռազմավարությունն ավելի շատ գործնական տարրեր է պարունակում և շատ ավելի կոնկրետ էր, քան սա, որը շատ ավելի ծավալուն է, ավելի մեծ քանակությամբ ոլորտներ է ընդգրկում, համավարակով պայմանավորված՝ բավական մեծ անդրադարձ է կատարված, օրինակ, առողջապահական ոլորտին, բայց ավելի ծավալուն լիելով հանդերձ՝ պակաս կոնկրետ է»,- 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում ասաց Չալաբյանը։
Անդրադառնալով 2020 թվականին ընդունված փաստաթղթի մեջ Արցախի հանրապետության հիմնախնդրի վերաբերյալ արված ձևակերպումներին՝ նա նշեց, որ այս փաստաթղթի մեջ չկա իրական ուղիղ տեքստ Արցախի միջազգային ճանաչման մասին և խոսվում է ընդամենը Արցախի բնակչության անվտանգության և ինքնավարության մասին։
«Ես մի քանի անգամ եմ կարդացել, բայց չեմ հայտնաբերել այնտեղ Արցախի անկախություն և ինքնիշխանություն բառեր։ Փաստաթղթի հեղինակներին պետք է հարցնել, թե ինչո՞ւ է ստացվել այնպես, որ 2007 թվականին ընդունված փաստաթղթում գրված էր, որ ՀՀ-ն ամեն ինչ անելու է, որ Արցախի փաստացի ձեռք բերած անկախությունը ստանա միջազգային ճանաչում, իսկ 2020-ին ընդունվածում այդ մասին գրված չէ։ Այստեղ ամբողջ մոտեցումը վերադառնում է 1997 թվականի՝ Լևոն Տեր-Պետրոսյանի «Պատերազմ, թե՞ խաղաղություն կամ լրջանալու պահը» հոդվածին, որտեղ, ընդհանուր առմամբ, Տեր-Պետրոսյանն ասում էր, որ լավագույն լուծումն այն է, որ Արցախն ինքնավարության բարձր կարգավիճակով և անվտանգության երաշխիքներով վերադառնա Ադրբեջանի կազմ։ Ես ենթադրում եմ, որ այս փաստաթղթի հեղինակները հենց նույն մոտեցման ջատագովներն են, որ բանակցությունները պետք է բերեն նրան, որ Արցախը վերադառնա Ադրբեջանի կազմ անվտանգության և ինքնավարության բարձր երաշխիքներով։ Ստացվում է՝ 1997 թվականից մինչև 2020 թվականը՝ 23 տարի, մի ամբողջ սերունդ պայքարել է Արցախի անկախության և միջազգային ճանաչման համար, մենք այդ գործընթացն այդքան առաջ ենք տարել, նույնիսկ «Մադրիդյան սկզբունքներում» ազգերի ինքնորոշման իրավունքը ֆիքսված է՝ որպես այդպիսին, իսկ ՀՀ անվտանգության ռազմավարություն կոչվող փաստաթղթում դա չկա։ Սա ցավալի փաստ է»,- ասաց «Ազգային օրակարգ» կուսակցության համահիմնադիրը։
Մանրամասները՝ տեսանյութում