Վեդիի աղբի վերամշակմանն գործարանը նոյեմբերին կշահագործվի. գործարանի տնօրեն

Արարատի մարզի Վեդի քաղաքից ոչ հեռու այսօր գործում է աղբավայր, որտեղ կուտակվում է ոչ միայն Վեդիի, այլև հարակից 10-ից ավելի գյուղերի աղբը:
Բնակիչները դժգոհում են, քանի որ աղբավայրը գտնվում է ուղիղ դեպի իրենց այգիներ տանող ճանապարհի վրա և դժվարություններ է առաջացնում այգի հասնելու համար:
Բացի այդ, Վեդիի բնակիչները բողոքում են, որ աղբն այրում են, և ամբողջ ծուխը նստում է քաղաքի վրա: Բնակիչներն անգամ ճանապարհի այդ հատվածում մի քանի օր առաջ բողոքի ակցիա էին իրականացրել՝ պատկան մարմիններից պահանջելով ուշադրություն դարձնել խնդրին: Նրանց հետ հանդիպել էր Վեդիի քաղաքապետ Վարուժան Բարսեղյանը:

Քաղաքապետը 168.am-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ Վեդիում աշնանը շահագործվելու է աղբի վերամշակման գործարանը, որից հետո այս հարցը մեկընդմիշտ կփակվի:

Մենք եղանք նաև այդ գործարանում և զրուցեցինք գործարանի տնօրենի՝ Յուրա Հարությունյանի հետ. «Մենք մեր գործունեությունը սկսեցինք 2010 թվականից և որոշ ժամանակ անց հասկացանք, որ աղբավայր շահագործելը ո՛չ տնտեսապես, ո՛չ էլ էկոլոգիապես ձեռնտու գործ չէ: Դրա համար դեռևս 2011 թվականից ձեռնամուխ ենք եղել աղբի վերամշակման գործարանի կառուցման ծրագրին: Մեզ այդ հարցում աջակցել է ՄԱԿ-ի ծրագրերից մեկը՝ հատկացնելով 50 հազար դոլար: Գործարանի տեխնոլոգիական մասն արդեն պատրաստ է: Օգտագործել ենք նաև սեփական միջոցներ, վարկային միջոցներ և արդեն հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին կսկսենք աղբն ընդունել գործարան»:

Հարությունյանը տարօրինակ համարեց Վեդիի բնակիչների բողոքը. «Մեր բնակիչներն անհանգստացած են մի խնդրով, որին լիարժեք չեն էլ տիրապետում: Ինձ մոտ որևէ մեկը չի եկել և չի հետաքրքրվել, թե ինչ է, ոնց է: Այդ ակցիայի փոխարեն, լավ կանեին՝ մի 2 օր գային այստեղ, օգնեին, եթե Վեդիի համար այդքան մտահոգ են: Վեդիում ավելի կարևոր խնդիրներ կան, որոնց մասին կարելի է բարձրաձայնել»:

Երբ ասացինք, որ բնակիչների համար դա այնքանով է խնդիր, որ չեն կարողանում իրենց բերքը վաճառել, քանի որ գնորդները չեն համաձայնում այդ ճանապարհով գնալ գյուղացիների այգիներ, Հարությունյանը պատմեց աղբավայրերում աղբի համատարած այրման մասին. «Այսօր Հայաստանի աղբավայրերի 100 տոկոսն այրվում են, դրանք լինում են և՛ մարդկային գործոնից ելնելով, և՛ ինքնաբռնկումների միջոցով: Դրանք են մեզ դրդել, որ հետ կանգնենք աղբավայր շահագործելու գաղափարից: Մի 2 տարի հետո այս աղբավայրի տարածքում կանաչ գոտի է լինելու, և միայն շինարարական աղբը երևի կհավաքվի այդտեղ և տեղում էլ կվերամշակվի»:

Գործարանի տնօրենի խոսքով՝ այս ծրագիրն այժմ բնապահպանական փորձաքննություն է անցնում. «Բազմաթիվ դիտողություններ են եղել, մենք դրանք շտկել և ուղարկել ենք, հիմա անցնում է ՇՄԱԳ-ի փուլը, մի խոսքով, պահպանել ենք միջազգային բոլոր նորմերը մեր գործարանը կառուցելու համար»:

Յուրա Հարությունյանի հետ շրջեցինք գործարանի տարածքով: Նա ոչ միայն պատմեց աղբի վերամշակումը կազմակերպելու գարծընթացի մասին, այլև գործարանում աշխատատեղերի բացման և այլ ծրագրերի մասին:

«Գործարանը հաշվարկած է տարեկան մոտավորապես 50.000 տոննա աղբի համար, այդքան էլ արտադրվում է մեր ամբողջ մարզում: Դա նախատեսված է 3 հերթափոխով աշխատելու համար, երբ ամբողջ մարզինն այստեղ ընդունենք, գործարանը 24 ժամ աշխատելու է: Ընդհանուր արտադրամասում 24 աշխատակից է լինելու, միջին աշխատավարձն էլ լինելու է 100-120 հազար դրամ»:

Տեսանյութեր

Լրահոս