«Երկու կողմից շինարարություն է ու շների հաչոցներ, հոգնել ենք». Ֆիրդուսի բնակիչները բաժանվել են երկու ճամբարի
Ֆիրդուսի թաղամասի բնակիչների մի մասը համաձայն է բնակարանը վաճառել կառուցապատողին և այլ տեղ տուն գնել, մյուս մասն այդ մասին լսել անգամ չի ուզում: Բնակիչներից շատերը պնդում են, որ իրենց տները շատ ցածր են գնահատվել, և վերահաշվարկ են պահանջում: Թաղամասի վաղեմի բնակիչ Սուսաննա Կիրակոսյանը, օրինակ, իրեն խաբված է զգում:
«Երկու տարի առաջ եկել մեզ խաբել են և քմ-ն 650 դոլարով պայմանագիր են կապել: Շատ դժգոհ էինք, հետո՞ ինչ, որ կարիքների մեջ ենք եղել, բանկերի ճնշման տակ ենք եղել, ստիպված, խեղդված կապել ենք պայմանագիրը: Բայց այդ հսկայական տունը 100.000-ի՞ էր, ոչ հողը, ոչ 15 տոկոսը չեն հաշվել: 80 տարի հողի փող ենք մուծում, օրինական ամեն ինչը, իրենք անօրեն ձևով մեզ հետ վարվեցին: Իրենք առիթից օգտվեցին: 2018-ին է իրացվել իմ տունը, դիմելու եմ դատարան, եթե պետք է, իրենց տված կոպեկները շպրտեմ իրենց երեսին, ես վերականգնեմ իմ իրավունքները: Ես դեռ այստեղ եմ ապրում, էդ մի լավությունն արել են, թողել են, ապրում եմ այստեղ: Իրանց տված 100 հազար դոլարով էլ պարտքեր եմ մարել, նոր տուն չեմ առել: Ֆիրդուսը որ փլուզվեց, ընկանք պարտքերի տակ: Եթե իրենք չտան այն, ինչն ինձ հասանելիք է եղել, չեն տվել, ինձանից գողացել են, ապա չեղյալ եմ համարելու պայմանագիրը: Եթե գումարն ավելանա, ապա դա ինձ կբավարարի, եթե չէ, կդիմեմ դատարան»,- ասաց տիկին Սուսաննան:
Ֆիրդուսի բնակիչ Կարինե Չախոյանը իր հայրական տունը 4 տարի առաջ կապիտալ վերանորոգել է, սակայն դեմ չէ, որ այժմ այն իրացնեն:
«Եկել է ժամանակը, որ մենք հարմարվել ենք այդ մտքի հետ, որ պետք է իրացվի տարածքը, ոտքի են կանգնել, ասում են՝ պետք է պահպանվի: Որպես ի՞նչ պահպանվի: Մեր շենքը իմ ծնողներն են կառուցել, ես շատ կուզենայի, որ պահպանվեր իր արտաքին տեսքը, բայց ես էլ չեմ ուզում այդտեղ ապրել, որովհետև երկու կողմից շինարարություն է ու շների հաչոցներ, հոգնել ենք: 18 տարի կարծես մեր կյանքի վրա կալանք են դրել, ոչինչ մի արեք, գերակա շահ է: Հիմա ուզում ենք մեր կյանքը բարելավել, մենք կառուցապատմանը համաձայն ենք, համաձայն ենք իրացման հետ, եթե նորմալ գնահատեն: Այս փողոցը հուշարձա՞ն է Ձեր կարծիքով՝ Տիգրան Մեծի պողոտայի վրայի շինությունները միգուցե հուշարձան են, բայց ոչ այս գարաժները, տուրիստին բերում են՝ ի՞նչ ցույց տան: Տներ կան՝ 100 տարեկան են, բայց մշակո՞ւյթ են: Պայքարել ենք, որ գերակա շահ չճանաչեն, բայց մեր ձայնը տեղ չի հասել»,- ասաց Կարինե Չախոյանը:
Մեր նկարահանման ընթացքում Ֆիրդուսի բնակիչներից մեկը, որ իր տան առջև կանգնած էր, լրագրողների հետ զրույցում նեղսրտեց, որ անընդհատ հնչում են արտահայտություններ, որ իրենց թաղամասը «կռիսանոց» է:
«Ո՞նց կարելի է այդպես, կռիսանոց ասել ու կռիսանոց, մեղք էլ ենք, չի կարելի այսքան ոչնչացնել մարդու եղածը: Էս բոլոր բուծիկներն իմն են (ցույց է տալիս շրջակա ավտոտնակները), 540 քմ, շինությունս մեծ է, էս ամեն ինչը տամ իրե՞նց, պրծնե՞մ: Չի կարելի կանգնել սենց ապուշություններ անել: Մարդկանց խորտակում են, ասում են՝ 1200-ով հաշվենք, հողը չհաշվենք, 15 տոկոսն էլ մտնում է էդ 1200-ի մեջ, ամոթ չի՞»,- ասաց բնակիչներից մեկը:
Անահիտ Փխրիկյանը լրագրողների հետ զրույցում պատմեց, որ իր պապը Վանից է եկել, իրենց ընտանիքը Ֆիրդուսում ապրում է ավելի քան 100 տարի: Նա պնդեց, որ իրենց միշտ լարվածության մեջ են պահել, իրենք էլ չեն կարողացել վերակառուցել իրենց տները:
«Միշտ ասում են՝ քանդվում է, քանդվում է: Մենք, 100 տարի է՝ դա ենք լսում: Եթե մեզ ասեին, որ սա մնալու է Հին Երևան որպես, մենք մի քիչ կթարմացնեին, մեզ անընդհատ պահել են լարված, չենք կարողացել գործունեություն անել: Մենք եկամուտից էլ ենք ընկնում, ուզում ենք ինչ-որ հայկական բան բացել՝ տուրիզմի հետ կապված, ասում են՝ ձեռք մի տվեք, հես ա քանդում են: Գերակա շահի տակ են գցել, դա ես պատկերացնում եմ, որ գնացքի գիծ անցնի, պետության կարիքի համար մի կառույց, այստեղ սեփական շահ է»:
Ֆիրդուսի վաղեմի բնակիչ Էմիլիա Սաֆարյանն ասաց, որ իր հաշվարկներով՝ 25 տուն է մնացել, մի մասը տուն ստացել, գնացել են: Ինքն իր տունը, անկախ ամեն ինչից, վերակառուցել է, սակայն դեմ չէ վաճառելուն:
«4 քույր ենք, միայն ես եմ այստեղ ապրում, ինձ համար շատ լավ է, բայց սա հայրական տուն է, մի բան պետք է իրենց տամ: Թող վերցնեն շուկայական գներով, համաձայն եմ, բայց ոչ թե խաբված լինենք: Շուկան երբ գործում էր, էդ ժամանակ էլ համաձայն էինք, այնպես չէ, որ շուկայի համար մնացինք: Հիմա նենց վիճակ է, որ համաձայն ենք վաճառքի»,- ասաց Էմիլիա Սաֆարյանը:
Կլարա Մելքումյանը, ով Ֆիրդուսում ապրում է 32 տարի, այստեղ եկել է Բաքվից: Իր տանից մի քանի մետր այն կողմ կառուցապատողի կողմից փոս է փորվել, ինչի արդյունքում իր տան մի մասը ավելի վատ վիճակում է հայտնվել, քան մինչև այդ էր:
«Իհարկե, պատրաստ եմ վաճառել: Իմ գործը հիմա դատարանում է: 32 տարի է՝ այստեղ ապրում եմ, դատարաններից դուրս չեմ գալիս: «Գլենդել հիլզն» առանց ինձ գնահատել է տունս, շատ էժան, չեմ համաձայնել, ինձ տվել են դատարան: Ես էլ եմ դիմել դատարան, որ գան նորից գնահատեն տունս, այս անգամ արդեն՝ 2020թ.-ի գներով: 4-րդ կարգի վթարային է իմ տունը, ամեն ինչ ավերվում է»,- ասաց Մելքումյանը:
«Իմ տունը եղել է Ֆիրդուսի 78-ում, կնքել եմ պայմանագիր, ստացել եմ «Գլենդել հիլզի» նորակառույցում 123 քմ տուն, 45 քմ էլ գումարի դիմաց են տվել: Շատ գոհ եմ: Մարդ կա՝ կարող է գոհ չլինել, ես իմ տեղն եմ խոսում: Ես ավելի քան 30 տարի է՝ այստեղ եմ ապրում: 180 ընտանիքի տուն են տվել, ով չի ուզում, թող չկնքի, թող իր ուզած պայմանը դնի, ամեն մարդն ինքը գիտի՝ իր գույքը ոնց է տնօրինում: Արդեն քանդվում էր: Ինչի տակ, որ ես վերջնական ստորագրել եմ, ես գոհ եմ»: