
Brent մակնիշի նավթի գինն իջել է բարելի դիմաց մինչև 42,02 դոլար

Հուլիսի 10-ի առավոտյան նավթի գները նվազում են կորոնավիրուսի դեպքերի թվի աճի եւ պահանջարկի վերականգնման հեռանկարների ճնշման ներքո: Այդ մասին վկայում են սակարկությունների տվյալները:
Երեւանի ժամանակով ժամը 07:52-ի դրությամբ Brent մակնիշի հյուսիսծովյան նավթախառնուրդի սեպտեմբերյան ֆյուչերսների գինը նվազել է 0,78 տոկոսով՝ բարելի դիմաց մինչեւ 42,02 դոլար: WTI մակնիշի նավթի օգոստոսյան ֆյուչերսներն էժանացել են 0,98 տոկոսով՝ բարելի դիմաց մինչեւ 39,23 դոլար:
Չնայած այն բանին, որ բազմաթիվ վերլուծաբաններ համավարակից հետո սպասում են տնտեության եւ վառելանյութի պահանջարկի աշխուժացման, ԱՄՆ-ում, որն աշխարհում նավթի ամենախոշոր սպառողն է, կորոնավիրուսով վարակվածների թվի ամենօրյա ռեկորդային ավելացումն անհանգստություն է առաջացնում վերականգնման տեմպերի առիթով:
«Կորոնավիրուսի բռնկումների վերսկսումն աշխարհի առանձին մասերում ավելացրել է առաջիկա ամիսներին վերականգնման դանդաղման սպասելու պատճառները»,-Reuters գործակալությունը մեջբերում է Capital Economics-ի վերլուծաբանների կարծիքը:
Ըստ գործակալության տվյալների, հուլիսի 9-ին ԱՄՆ-ում գրանցվել է COVID-19-ի մոտավորապես 56 հազար նոր դեպք: Իսկ հուլիսի 8-ին դեպքերի թիվը երկրում գերազանցել է 60 հազարը, ինչը համավարակի սկզբից ի վեր դարձել է ամենամեծ ամենօրյա աճը երկրների թվում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: