«Համավարակը երկրում տարածվում է, մենք գույքահարկ ենք քննարկում». Քաղաքացիները՝ գույքահարկի մասին և ոչ միայն

Ոստիկանությունը հայտարարություն է տարածել, համաձայն որի՝ հուլիսի 18-ից Երևանի մի շարք փողոցներում սահմանված առավելագույն արագությունն իջեցվում է 60 կմժ։ Հունիսի 25-ին էլ Ազգային ժողովն օրենք էր ընդունել գույքահարկի բարձրացման մասին: Ինչպե՞ս են մեր համաքաղաքացիները  վերաբերվում գույքահարկի բարձրացման մասին օրենքին, ինչպե՞ս կազդի այն մարդկանց գրպանի վրա, ի՞նչ ազդեցություն կունենա առավելագույն 60 կմժ արագություն սահմանելը, այս և մի շարք այլ հարցերի մասին 168.am-ը զրուցել է երևանցիների հետ:

«Ես գիտեմ, որ միանգամից չի բարձրանալու, այլ տարեցտարի: Իմ տան գույքահարկը չնչին է բարձրանալու: Եթե մենք պետք է 1000, 3000 դրամ ավելի մուծենք, մի տեղ, մեր շենքի բակում էդ գումարը դեր կխաղա, կսարքեն, իսկ էն մարդիկ, ովքեր դղյակներ ունեն ու ինձանից քիչ են մուծում, էդ մարդիկ են բողոքում, «սելը չի ճռռում, սելվորն է ճռռում»: 60 կմժ սահմանելու մասին էլ ասեմ, որ ուզես էլ, չես կարող դրանից արագ քշել, ամեն քայլափոխին խցանումներ են: Տեղ կա, որ էստեղից ոտքով ավելի շուտ կհասնես, քան, եթե մեքենայով գնաս: Սա լավ բան է և՛ հետիոտնի, և՛ մեքենա վարողի համար»,- մեզ հետ զրույցում ասաց լոտո վաճառող մի տղամարդ:

«Դեռ սպասողական վիճակ է, քանի որ ասում են, որ մինչև 2026 թ.-ն է բարձրանալու, դեռ սպասում ենք, չեմ խորացել: Չեմ հաշվել, թե իմ տան գույքահարկն ինչքան է բարձրանալու: Եթե իրենց խոստացածի պես՝ այնքան բարձրացնեն աշխատավարձերը, որ չազդի մարդկանց գրպանի վրա… հուսով ենք: 60 կմժ սահմանելուն ես դրական եմ վերաբերվում, ավարիաներ շատ են լինում, ինքս էլ մեքենա եմ վարում ու կարծում եմ, որ ճիշտ է»,- ասաց մի տղամարդ:

«60կմժ արագություն սահմանելուն նորմալ եմ վերաբերվում: Չեմ կարծում, որ դա կազդի վթարների քանակի վրա, քանի որ դա կախված է վարորդի վարելու իմացությունից: Մարդ կա՝ դանդաղ քշելուց էլ ա վթարվում, մարդ կա՝ արագ քշելուց էլ»,- ասաց մի տաքսու վարորդ:

«Ես քաղաքականությամբ չեմ հետաքրքրվում, չեմ կարող պատասխանել»,- ասաց մի կին:

«60կմժ սահմանելը նորմալ բան է: Չեմ կարծում, որ վթարները դրանից կքչանան, նորմալ քշողը նորմալ ա քշում, արագ քշողն արագ ա քշում: 10կմժ արագությունն էդքան էական ազդեցություն չի ունենա, հատկապես, որ անհնար է քաղաքում 60կմժ-ից ավելի քշելը, հազիվ էլ կարում ես քշես էդքան: Տների գույքահարկին ես շատ վատ եմ վերաբերվում, դրա կարիքն այս պահին չկար, դա կարար լիներ հետագայում, կորոնավիրուսի համավարակը երկրում տարածվում է, մենք գույքահարկ ենք քննարկում: Ես դա շատ վատ տարբերակ եմ համարում: Սուրեն Թովմասյանը լիքը մտածելու բան ունի, էս պահին ժողովուրդն ի վիճակի չի, ինքը պետք է դրա մեջ այս պահին չթաթախվեր, դա իրեն պետք չէր»,- ասաց մեկ այլ քաղաքացի և ավելացրեց, որ Սուրեն Թովմասյանը պետք է անգամ հրաժարական տալու գնով թույլ չտար, որ այս պահին այս օրենքն ընդունվեր:

«Նորմալ եմ վերաբերվում, որովհետև մեր նման մարդիկ գույքահարկը վճարում են, իսկ որոշ մարդիկ, որոնք դղյակներ ունեն, շատ չնչին են վճարում, դրա համար ես կողմ եմ, որ գույքահարկը բարձրանա: Ճիշտ ժամանակն էր, մի ամիս՝ այս կողմ, մի ամիս՝ այն կողմ, ոչինչ չէր փոխելու: Եթե չեն կարող վճարել գույքահարկը, թող տները վաճառեն, գնան իրենց գրպանին համարժեք տուն առնեն»,- ասաց մի տղամարդ:

«Տեղյակ չեմ դեռ»,- ասաց մի կին:

«Դրական եմ վերաբերվում, չեմ հաշվել, թե մեր տան գույքահարկը որքան է բարձրանալու: Նախկինում շատ ցածր էր: Բնականաբար, խնդիրներ առաջանալու են, բայց գտնում եմ, որ օրենքը պետք էր, հիմա թե ոնց կաշխատի, դա այլ հարց է:
60 կմժ արագություն սահմանելու մասին ասեմ, որ ով որ հանգիստ քշում է, շարունակելու է հանգիստ քշել, որոշ դեպքերում ես էլ եմ նեղվում, որ ազատ տարածքներում քիչ է արագությունը, բայց ինչ արած, օրենք է, պետք է ենթարկվենք: Միայն արագությունից չէ, որ վթարներ են լինում, վարորդների ընդհանուր կարգապահական խնդիր է: Արագությունը մեծացնելը կամ քչացնելն այնքան էլ օգուտ չի տալու, բայց որ որոշել են, ուրեմն պետք է»,- ասաց մեկ այլ քաղաքացի:

«Լսել եմ, շատ վատ եմ վերաբերվում, շատ բացասական: Այս ծանր պայմաններում չեմ կարծում, որ ևս մեկ հարկատեսակ էր պետք ժողովրդին, կարծում եմ՝ պետք չէր: Չեմ հաշվել, թե իմ տան գույքահարկը որքան է բարձրանալու: 60կմժ սահմանելը ճիշտ է, երթևեկության կանոնների խստացումը, կանոնակարգումը՝ հաշվի առնելով մեքենաների առատությունը, կանխարգելիչ միջոց է, կարծում եմ»,- ասաց մի տղամարդ:

«Իհարկե, տեղյակ եմ: Իմ տան գույքահարկը շատ չի բարձրանալու: Անհեթեթություն է 2000 դրամ վճարելը, որ 10.000 դրամ դառնա, ոչ մեկը չի տուժի: Ով շքեղ տուն ունի, թող շատ մուծի, ի՞նչ խնդիր կա»,- ասաց քաղաքացիներից մեկը:

«Գույքահարկը կարևոր է տնտեսության զարգացման համար, բայց էս դիմակներն են ահավոր: Ոնց որ օդը վաճառեն մեզ վրա: Եթե տուգանք են վերցնում մաքուր օդ շնչելու համար, հետևաբար՝ դա դառնում է օդի հարկ վերցնել: Թե ինչքան է բարձրանալու գույքահարկս, չեմ հաշվել»:

Տեսանյութեր

Լրահոս