«Մեր թիկունքում գաղտագողի այսպիսի բան են անում. վտանգներ ենք տեսնում ՀՀ քաղաքացու համար». Տ․ Զաքարիա ծայրագույն վարդապետ Բաղումյան

Հայ Առաքելական եկեղեցին դուրս է եղել ԿԳՄՍ Հանրակրթության պետական չափորոշիչների մշակման գործընթացից, որոնց մասին մեկ անգամ խոսվել է հեռավար եղանակով կազմակերպված, այսպես ասած, քննարկման ժամանակ և մասնակիցներին տրվել է 1-2 րոպե՝ տեսակետ ներկայացնելու համար, սակայն նման ծավալուն փաստաթղթի վերաբերյալ 1-2 րոպեի ընթացքում հնարավոր չէր խոսել, թեև օրենքով է ամրագրված, որ Հայ Առաքելական եկեղեցին պետք է մասնակցի Հայոց եկեղեցու պատմություն առարկայի չափորոշիչների մշակմանն ու ուսուցիչների որակավորմանը, հետևաբար՝ կարող ենք արձանագրել, որ օրենքը չի պահպանվել։ Այսօր 168 TV«Ռեվյու» հաղորդաշարի եթերում ասաց Մայր Աթոռ սուրբ Էջմիածնի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն Տ․ Զաքարիա ծայրագույն վարդապետ Բաղումյանը։

«Ուզում եմ նշել, որ մեր Սահմանադրության 18-րդ կետը հստակ ասում է, որ Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է Հայաստանյայց սուրբ եկեղեցու բացառիկ դերակատարությունն ազգային ինքնության պահպանման գործում։ Սրանից բացի՝ Վենետիկի հանձնաժողովը երկու անգամ՝ 2009 և 2017 թվականներին, խոցելի չի որակել այս առարկայի դասավանդումը, իսկ ՄԻԵԴ-ը Հայոց եկեղեցու պատմություն առարկայի դասավանդումն անգամ դիտարկել է կրթությամբ իրազեկվածությունը բարելավելու եղանակով մարդու իրավունքների պաշտպանության միջոց։ Սա ցույց է տալիս, որ միջազգային կառույցներն անգամ իրենց տեսակետն այս մասին ասել են»,- ասաց Հայր Զաքարիան՝ հարց ուղղելով չափորոշիչները մշակողներին՝ նման չափորոշիչներ մշակելիս ինչո՞ւ եք հաշվի առնում Սինգապուրի փորձը, որը բազմազգ պետություն է և ոչ, ասենք, մոնոէթնիկ պետությունների փորձը. չէ՞ որ Հայաստանը ոչ թե բազմազգ, այլ մոնոէթնիկ պետություն է։

«Ես ամեն օր շփվում եմ տարբեր դպրոցների ուսուցիչների հետ և կարող եմ փաստել՝ այս առարկայի միջոցով նոր սերունդը տարբերվում է մեր ծնողների սերնդից՝ հիմա նրանք հոգևոր առումով ավելի գրագետ են, ավելի լայնախոհ և շատ լավ ճանաչում են իրենց ազգային եկեղեցին։ Այս առարկան քարոզ չէ»,- ասաց Տ․ Զաքարիա ծայրագույն վարդապետ Բաղումյանը՝ շեշտելով, որ նորանկախ Հայաստանի կրթության ամենամեծ ձեռքբերումն է Հայոց եկեղեցու պատմություն առարկայի դասավանդումը։

Անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հարցադրմանը, թե ինչ ուղերձ ենք հղում եկեղեցու պատմությունը հայ ժողովրդի պատմությունից տարանջատելով և աղճատելով՝ Հայր Զաքարիան պատասխանեց.

«Վարչապետն այս մասին խոսել է Կապանում, բայց մենք գոնե 15 տարվա ընթացքում չենք տեսել մեկին, որն ինքնության աղճատում է ունեցել, և պետք չէ այդ մանիպուլյացիան վերցնել և ասել։ Այո՛, այս առարկան երբ ներդրվեց, սա զուտ թվեր կամ կաթողիկոսների պատմություն չի սովորեցնում, սա արժեհամակարգ է, որը կերտում է մարդ, և սա է խնդիրը։ Հիմա մենք ի՞նչ տեսակ հայ մարդ ենք ուզում պատրաստել, ուզում ենք պատրաստել մի մարդու, որն իր արմատներով ու իր էությամբ կապված է հայոց հողին, ճանաչում է իր ազգային հոգևոր և մտավոր ժառանգությունը և բա՞ց է աշխարհի առաջ, թե՞ պատրաստում ենք մարդու, որը լավ է տիրապետում լեզուների, տեղեկատվական հաղորդակցությանը։ Այս չափորոշիչներից եթե հանում ենք մի քանի արտահայտությունն՝ հայ, Հայաստան և այլն, ապա դրանք հանգիստ կարելի է օգտագործել այլ երկրներում։ Նման կարևորագույն փաստաթուղթը հապշտապ դնել արտակարգ դրության պայմաններում քննարկման, որը ենթադրաբար քննարկելի չէ, կարծում եմ՝ ճիշտ չէ»,- ասաց նա։

Հայր Զաքարիան հարց է հնչեցնում՝ իսկ արդյոք չափորոշիչները մշակողները մտածե՞լ են ազգային ինքնության պահպանության և սփյուռքում հայեցի կրթության խնդրի պահպանման մասին։

«Կամ ի՞նչ է նշանակում, երբ ասում են՝ պետք է ուսումնասիրել Հայաստանի պատմությունը, մշակույթը և կրոնը. Հայաստանի կրոնը ո՞րն է. վախեցել են քրիստոնեություն բառն օգտագործել»,- ասաց նա։

Հայր Զաքարիան նշեց, որ այսօր պակասում է քաղաքական կամքը՝ Հայ Առաքելական եկեղեցու հետ նստելու և քննարկելու առաջացած հարցերը, բացակայել է առաջացած հարցերի վերաբերյալ հանրային դիսկուրսը, որի ընթացքում գուցե սեղանին դրվեր շատ ավելի ճիշտ փաստաթուղթ։

«Առանց մեզ բան է արվում, մեր թիկունքում գաղտագողի այսպես վարվում են մի ինստիտուտի հետ, որը 2000 տարվա պատմություն ունի, որը ցանցային է, և սորոսականների պայքարի բուն նշանակետը այն հաստատություններն են, որոնք ունեն ցանցային համակարգ։ Տկարացնել հայ եկեղեցին ու հայ ընտանիքը, նշանակում է՝ հաջողության հասնել մնացած բնագավառներում։ Սա է խնդիրը։ Մենք վտանգներ ենք տեսնում ապագա Հայաստանի քաղաքացու համար, մենք խնդիրներ ենք տեսնում, որոնք պետք է լուծվեն սիրո և թավշյա մթնոլորտում։ Գաղտագողի, այս համավարակի պայմաններում նման փաստաթուղթ դնելն ազնիվ չէ։ Ես ուզում եմ մտածել, որ սա դրսից ներմուծված ծրագիր չէ, որովհետև ես այլ բաներ եմ տեսնում մոտ ապագայում։ Հույս ունեմ, որ իշխանավորները և իմ ընկերները, որոնք կան իշխանության կազմում, ազգային շահը գերադասելու են իրենց անձնական շահերից, իսկ եթե կա ճնշում, ապա միասին պետք է դիմանանք»,- ասաց նա։

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս