«Բնականաբար, ես չէի էլ սպասում, որ կունենաք այդքան ուժ՝ ընդունելու ձեր բացթողումներն ու չանցնելու բանավեճի կոռեկտության սահմանը». Նաիրա Զոհրաբյանը՝ Արսեն Թորոսյանին

ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում դիմել էր ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանին՝ գրելով.

«Տիկին Զոհրաբյան, ես շատ շնորհակալ եմ Ձեզնից կորոնավիրուսային հիվանդությունից մահացած մեր քաղաքացու դիակի ճանաչման հետ կապված խնդրի մասին բարձրաձայնելու համար, չնայած ինքս տեղյակ էի այդ հարցից և զբաղվում էի դրա լուծմամբ։

Իսկ հիմա լավ կլինի վերադառնաք Ձեր «մահացած» քաղաքական ուժի ռեինկառնացիային, եթե իհարկե դա ձեր մոտ ստացվի, ինչում խիստ կասկածում եմ»:

Գրառման մեկնաբանություններում Նաիրա Զոհրաբյանը պատասխանել է Արսեն Թորոսյանին: Նա, մասնավորապես, գրել է.

«Պարոն Թորոսյան, մեր քաղաքական ուժով այդքան մի մտահոգվեք, դրա կարիքը, վստահեցնում եմ Ձեզ, հաստատապես չկա: Իսկ այ կորոնավիրուսի դեմ տապալված պայքարով, այլևս անկառավարելի դարձած իրավիճակով ու այս ամենի համար ձեր բոլորի հավաքական պատասխան տալու ոչ նախանձելի հեռանկարով հաստատապես մտահոգվելու բան ունեք: Բնականաբար, ես չէի էլ սպասում, որ կունենաք այդքան ուժ՝ ընդունելու ձեր բացթողումներն ու չանցնելու բանավեճի կոռեկտության սահմանը։ Դրա համար ոչ միայն դաստիարակություն է պետք, այլ նաեւ ձեր թիմի անսխալականության սինդրոմից ազատվելու ունակություն, ինչը, բնականաբար, չունեք։ Ամեն դեպքում՝ դիմակ կրեք, դիմակ: Մի լրացում էլ անեմ` Ձեր փոխարեն ես ոչ թե կզբաղվեի քաղաքական ուժերի մոնիտորինգով, այլ ուղղակի ներողություն կխնդրեի գյումրեցի տատիկի հարազատներից»:

Տեսանյութեր

Լրահոս