«Նույնիսկ այն փաստը, որ Ծառուկյանն այս պահին կորոնավիրուսով վարակված է, չի խանգարի, որ դատական նիստը շարունակվի». Փաստաբան
Այսօր ժամը 12:00-ից Վերաքննիչ քրեական դատարանում դատավոր Մխիթար Պապոյանի նախագահությամբ քննվում է Գագիկ Ծառուկյանին չկալանավորելու վերաբերյալ առաջին ատյանի դատարանի որոշման դեմ բողոքը: Ծառուկյանին չկալանավորելու որոշումը բողոքարկել են՝ ինչպես Դատախազությունը, այնպես էլ՝ Ծառուկյանի փաստաբանական թիմը: Դատախազությունն իր բողոքում նշել է, որ Առաջին ատյանի դատարանի որոշումն անհիմն է, Ծառուկյանի փաստաբանական թիմի բողոքի հիմքում էլ այն է, որ հիմնավոր կասկած չկա, թե Ծառուկյանն առնչություն ունի գործի հետ: ԲՀԿ ղեկավարի փաստաբանական թիմի անդամ Երեմ Սարգսյանը լրագրողների հարցին, թե հնարավո՞ր է, որ Գագիկ Ծառուկյանի՝ կորոնավիրուսով վարակված լինելու և, հետևաբար՝ դատարան չներկայանալու պատճառով նիստը հետաձգվի, պատասխանեց.
«Տեսականորեն հնարավոր է, որ նիստն առանց Գագիկ Ծառուկյանի կայանա, օրենքը նման հնարավորություն նախատեսում է: Ամեն ինչ կախված է նաև կողմերի կարծիքներից, թե ի՞նչ դիրքորոշում կարտահայտեն, և, ի վերջո, դատարանը որոշում պետք է կայացնի: Մենք եկել ենք հենց այն նպատակով, որ դատական նիստի հետաձգում տեղի չունենա, և նույնիսկ այն փաստը, որ Ծառուկյանն այս պահին կորոնավիրուսով վարակված է, էդ փաստը չի խանգարի, որ դատական նիստը շարունակվի: Կարծում եմ, որ այսօր պետք է շարունակվի, բայց հաշվի առնելով այն ծավալը, որն առկա է՝ Դատախազության բողոքը, պաշտպանների մի քանի բողոքները, կարծում ե՝մ այսօր, այնուամենայնիվ, ժամանակի առումով հնարավոր չի լինի ավարտել, բայց պրոցեսը ցույց կտա»,- ասաց Սարգսյանը:
Հարցին, թե փաստաբանական թիմի բողոքն ինչի՞ն է վերաբերում, փաստաբանը պատասխանեց.
«Բողոքարկվել է հիմնավոր կասկածի բացակայության մասը, ՀՔԾ-ի քննության մասը, ԱԺ-ում ներկայացված միջնորդագրում մեղադրանքի բովանդակության և կալանավորման միջնորդության մեջ մեղադրանքի բովանդակության էական տարբերությունը, նաև այն, որ սա քաղաքական բնույթ է կրում, այդ մասով շատ մանրամասն վերլուծություն ունենք, ժամանակագրությամբ, կարծում ենք, որ այդ փաստարկները պետք է քննության առարկա դառնան: Առաջին ատյանը նշել էր, որ դրանք այս փուլում քննարկման ենթակա չեն, բայց մեր դիրքորոշմամբ պետք է քննվի: Տեսնենք՝ ի՞նչ կստացվի»:
Լրագրողների մյուս հարցերին Երեմ Սարգսյանը խոստացավ պատասխանել դատական նիստից հետո: