Հպարտություն էր խաղալ Հայաստանի հավաքականում, բայց ես դեռ կվերադառնամ. Էդգար Մանուչարյան
Ֆուտբոլի պատմության մեջ շատ քիչ են այն ֆուտբոլիստները, որոնք աստվածային տաղանդ ունեն և նաև հաջողակ են: Քիչ են նրանք, որոնք իրենց տաղանդի շնորհիվ նորից ստիպում են սիրահարվել մի խաղի, որի 90 րոպեների ընթացքում էկրաններին են գամում միլիոնների և հենց այդ միլիոնների սրտերին ստիպում բաբախել նույն ռիթմով: Անկախ Հայաստանի պատմության մեջ դեռևս քիչ են այն ֆուտբոլիստները, որոնք հասել են եվրոպական բարձրակարգ ակումբներում խաղալու մակարդակին: Նրանցից առաջիններից մեկը Էդգար Մանուչարյանն էր: Նա օրեր առաջ հայտնեց, որ ավարտում է կարիերան հավաքականում, ինչն էլ առիթ հանդիսացավ հանդիպելու նրա հետ, իմի բերելու անցածը, խոսելու գտածի և կորցրածի մասին, անդրադառնալու ապագային
-Էդգար, ո՞ր տարիքում եք ձեզ հիշում ֆուտբոլի գնդակով, ինչպե՞ս սկսվեց ամեն ինչ:
-Երևի կլինեի 6 կամ 7 տարեկան: Փոքր տարիքից ահավոր շատ էի սիրում ֆուտբոլը, բայց չեմ կարող բացատրել, թե ինչու: Հիշում եմ` 6 տարեկան էի, բայց խաղում էի 10-11 տարեկան տղաների հետ: Այն ժամանակ բակերի առաջնություն կար, որտեղ միշտ ինձ վերցնում էին և խաղում էի հիմնական կազմում: Այն ժամանակ Մալաթիայի թիմում` մարզիչներից մեկը, ում անունը Հակոբ էր, սովորություն ուներ բակերով շրջել և գտնել լավ ֆուտբոլ խաղացող տղաների: Խոսեց մայրիկիս հետ, և ես գնացի նրա մոտ մարզվելու: Այդտեղից էլ սկսվեց ամեն ինչ, ես սկսեցի ավելի լուրջ վերաբերվել ֆուտբոլին:
-Պատանեկան տարիքում դուք այն բացառիկ ֆուտբոլիստներից էիք, որը մի քանի հավաքականներում էր խաղում: Ինչպե՞ս եք հիշում այդ օրերը:
–Պատանեկան տարիքը շատ լավ եմ հիշում, կարծես աչքիս առաջ լինի: Մի քանի հավաքականներում խաղալով ծանրաբեռնվածություն չկար: Ես ուզում էի խաղալ և շատ խաղալ: Միշտ հանդես եմ եկել ինձնից տարիքով մեծ տղաների հետ, սակայն երբեք չի խանգարել ինձ: Ինձ դուր էր գալիս խաղալ տարբեր տարիքային թիմերում և մրցել այնպիսի թիմերի դեմ, ինչպիսին Անգլիան, Իտալիան էին: Ինձ համար դա շատ մեծ փորձ էր:
–Ժամանակին առիթ ունեիք խաղալու լեգենդար ֆուտբոլիստների դեմ և կողքին, խոսքը Այաքսում անցկացրած ժամանակի մասին է: Ի՞նչ սովորեցրեցին այդ օրերը ձեզ:
-Մեծագույն փորձ էր խաղալ Այաքսում և այդպիսի լեգենդար ֆուտբոլիստների դեմ: Ամենակարևորը, որ սովորեցի` որքան էլ համաշխարհային ֆուտբոլի աստղ լինես, միևնույնն է պետք շատ աշխատես: Ակումբի փիլիսոփայությունը սովորեցի, ինչպես պետք է ճիշտ աշխատել պատանի ֆուտբոլիստների հետ: Կուզենայի, որ մարզչական աշխատանքի մեկնարկում մի քանի ամիս գնալ այնտեղ, առավել խորությամբ ուսումնասիրելու Այաքսը ներսից:
–Ձեր կարիերայի ընթացքում ամենամեծ դժվարությունը վնասվածքներն էին, ի՞նչ եք կարծում` ճակատագիրն այլ կլինե՞ր, եթե չլիներ այն չարաբաստիկ վնասվածքը Բարսելոնայի դեմ խաղում: Ինչպիսի՞ն կլիներ ձեր կարիերան ըստ ձեզ:
-Կյանքումս սովորել եմ ամեն վատ բանի մեջ դուրս բերել լավը: Չգիտեմ, եթե չլիներ այդ վնասվածքը, ես գուցե առհասարկ չմնայի Այաքսում և վերադառնայի: 13 րոպե շատ լավ խաղացի, բայց մինչև հիմա էլ պարզ չի, թե որքան կկարողանայի այդպես լավ տեմպի մեջ մնալ: Ես այն համարում եմ իմ կարիերայի մեկնարկը:
–Մասնագետների մեծամասնությունը միակարծիք է` Մանուչարյանի տաղանդը չհասավ իր գագաթնակետին… դուք էլ եք այդ կարծիքին:
–Այո, միանշանակ: Խաղը հասկանալու առումով և դաշտը տեսնելու տեսանկյունից ոչ մեկից չեմ սովորել` մեջիցս էր: Դեռևս երբ 7 տարեկան էի, տեսնում էի մանրուքներ, որոնք չէին տեսնում մեծահասակները, և դա զարմացնում էր նրանց: Գուցե եղել է ինչ-որ ժամանակ, երբ 100 տոկոսով չեմ նվիրվել խաղին, բայց երբեք գլուխս չեմ կախել: Եթե կամքի ուժ չունենայի կարծում եմ կարիերաս կավարտվեր դեռևս երբ ես 24-25 տարեկան էի: Սակայն ամեն ինչ այնպես չգնաց, ինչպես ես և բոլորն էին ուզում տեսնել կարիերաս: Առաջ շատ էի մտածում անցած ճանապարհի մասին, սակայն հիմա այն կարծիքին եմ, որ շատ ֆուտբոլիստներ կերազեին իմ անցած ճանապարհն ունենալ: Ամեն ֆուտբոլիստի չէ, որ հաջողվում է ռուսական Պրեմիեր լիգայում 100-ից ավելի հանդիպում անցկացնել կամ էլ Այաքսի նման ակումբում խաղալ: Կարծում եմ ունեցածս հնարավորության 50-60 տոկոսն եմ օգտագործել:
– Ի՞նչ խորհուրդ կտայիք հիմա 17 տարեկան Էդգար Մանուչարյանին:
-Խորհուրդ կտայի աշխատել…հավատալ… չսպասել վաղվա օրվան: Սխալ է սպասելը, թե այսօր չստացվեց, վաղը կստացվի, հետո տարիներն այնքան արագ են անցնում, որ չես զգում: Եթե այդ տարիքում նույն խելքն ունենայի, ինչը հիմա է, առավել քան վստահ եմ, համաշխարհային գրանդ ակումբում խաղալիս կլինեի: Եթե նպատակ ունես, պետք չէ կողքիներին լսել: Իհարկե, պիտի նաև սխալվես և հենց այդ սխալներից էլ սովորես:
-Որն է Ձեր կարիերայի ամենատպավորիչ գնդակը:
-Ինձ համար բոլոր գոլերը հիշվող են, նույնիսկ այն պարզ գոլերը: Այո, եղել են սիրուն գնդակներ եմ հեղինակել Նիդեռլանդների առաջնությունում, Ռուսաստանի առաջնությունում: Հավաքականում Մակեդոնիայի դեմ արտագնա խաղում խփած գնդակը գուցե այնքան էլ սիրուն չէր, սակայն ինձ համար շատ կարևոր էր, քանի որ Այաքսից նոր էի վերադարձել Փյունիկ, այն ինձ հիշեցրեց, որ կարող եմ ավելին անել:
-Էդգար, հավաքականում շատ երկար հանդես չեք եկել, բայց ազգային ընտրանու կազմում խաղալն այլ է, ինչպե՞ս եք հիշում խաղերը թիմի կազմում:
-Հավաքականում խաղալն ինձ համար հպարտություն էր: Իսկապես շատ մեծ է պատասխանատվության զգացումը, երբ ընտրանու կազմում ես խաղում: Սակայն հպարտության հետ նաև շատ է անհանգստությունը: Բայց կրկնակի հպարտ էի, որ այդքան փոքր տարիքից եմ սկսել հավաքականում խաղալ:
– Օրեր առաջ հայտնեցիք, որ ավարտում եք կարիերան հավաքականում, ինչո՞ւ հիմա:
-Պարզապես այդպիսի զգացողություն ունեցա: Վստահ եմ, եթե մարզավիճակս լավացնեմ, պատրաստ կլինեմ նորից խաղալու: Բայց երկար ժամանակ չէի հրավիրվում. եթե անկեղծ` այն վիճակում էլ չէի, որ կանչեին: Եկավ այն պահը, որ զգացի` ժամանակս Հայաստանի հավաքականում ավարտված է: Բայց որոշել եմ, հավաքականից շատ չեմ հեռանալու, մի որ ընտրանու գլխավոր մարզիչն եմ դառնալու:
–Ինչո՞ւ, ի՞նչ ունեք տալու ընտրանուն:
–Եթե անկեղծ, ապա մտածում էի կարիերայիս ավարտից հետո չմնալ ֆուտբոլում: Իրական կյանքը և ֆուտբոլայինն այլ է: Այստեղ կհանդիպես մարդկանց, ովքեր կարծես դիմակ կրելիս լինեն: Սակայն վերջին տարիներին ավտոմատ կերպով սկսել էի նաև մարզչական աշխատանքից գլուխ հանել: Հասկացել եմ` ինչ ուզում է լինի, պատանի ֆուտբոլիստներին երբեք ու երբեք հոգեբանորեն չպետք է կոտրել: Սակայն Հայաստանում մեր օրերում պատանիներին հնարավորություն չեն տալիս: Ես այն կարծիքին եմ, որ նրանց ոչ թե մեկ անգամ է պետք հնարավորություն տալ, այլ երկուս էլ, երեք էլ: Մարզչի և ֆուտբոլիստի փոխհարաբերությունները պետք է հիմնաված լինեն հարգանքի վրա:
–Անդրադառնալով ներկայիս թիմին` ի՞նչ կարծիք ունեք մարզչի մասին:
–Գիտեմ, որ աշխատել է «Սևիլիա»-ում և Բիլբաոյի «Ատլետիկ»-ում: Եթե նա այդ թիմերում է աշխատել, անխոս, մեծ փորձ կունենա: Բայց ֆուտբոլն այժմ այլ է, անկախ նրանից` փորձառու ես, թե ոչ` արդյունք է պետք: Մեր ազգը հիմա արդյունքի է սպասում: Հիմա պետք է այնպես անել, որ հավաքականն այնպես խաղա, որ երկրպագուն նորից գա մարզադաշտ, նորից հավատա: Ես այն կարծիքին եմ, որ մենք մեր հույսը պետք է դնենք մեր կադրերի վրա: Գուցե ասածս կոպիտ է հնչում, բայց Հայաստանում այժմ մերը չի մնացել: Ֆուտբոլիստների մեծամասնությունը լեգեոնական է: Լեգեոնականները հայ ֆուտբոլիստներից այնքան էլ ուժեղ չեն: Մերոնք զիջում են միայն ֆիզիկապես:
–Ազգերի լիգայում մեր` խմբում ունեցած հնարավորությունների մասին ձեր կարծիքը խնդրեմ:
–Հնարավորություն միշտ էլ կա: Եթե տարիներ առաջ հարցնեիք, թե այս խմբում ինչ շանսեր ունենք, կասեի, որ միանշանակ դուրս ենք գալու, բայց հիմա` ոչ: Առաջ սերունդն ավելի ուժեղ էր: Բայց վստահ եմ, որ միանշանակ թիմը կկարողանա լինել առաջին տեղում: Այս խմբում մեր մրցակիցները հավասար են:
-Հայաստանի առաջնության մասին խոսելով` մրցաշարը կարծես նոր շունչ ստացած լինի, ի՞նչ կարծիք ունեք դուք:
–Գուցե առաջնությունն այժմ շատ ավելի հետաքրքիր է, բայց ինձ համար անընդունելի է, որ թիմերում այսքան շատ լեգեոնական կա: Հիասթափվում եմ ֆուտբոլից` տեսնելով այս ամենը: Հիմա շատ փակագծեր չեմ բացի, երբ այլևս ֆուտբոլ չխաղամ, առավել բաց կլինեմ: Մենք պատանի հայ ֆուտբոլիստներին հոգեբանորեն կոտրում ենք: Մարզիչները նույն վերաբերմունքի չեն արժանացնում հայ ֆուտբոլիստին և լեգեոնականներին: Եվ դա նորմալ է, որ պատանիները հիասթափվում են, բայց աննորմալ է, որ լեգեոնականներն այսօր մեր երկրում այսքան շատ են: Բայց գուցե խնդիրը նրանում է, որ մենք` հայերս, չենք սիրում սպասել, ուզում ենք ամեն ինչ և միանգամից: Այդպես չի լինում:
–Չեմ կարող չհարցնել Փյունիկում ունեցած տարաձայնությունների մասին: Ինչ է իրականում եղել` բացելով փակագծերը:
-Մարդիկ, ովքեր ծանոթ են ինձ, գիտեն. միշտ ասում եմ այն, ինչ մտածում եմ: Սակայն նրանք փորձում էին վարկաբեկել իմ անունը: Պարզապես ես պաշտպանեցի իմ իրավունքները: Ես երեք անգամ ընդառաջել եմ նրանց, բայց նրանք միևնույնն է ուզում էին իրենց պայմաններն առաջարկել ինձ: Նրանք մինչև վերջ իրենց վատությունն արեցին և ինձ իմ գումարը պետք է երեք փուլով տային, բայց այդպես չարեցին: Այս կերպ ուզում էի ցույց տալ հայ ֆուտբոլիստներին, որ կարողանան պաշտպանել իրենց իրավունքները
–Փոխելով հարցերի բնույթը. ո՞վ է բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստը:
-Մեսին: Միանշանակ:
–Ինչպես կուզեք, որ ձեզ հիշեն:
-Այնպիսին, ինչպիսին կամ` պարզ, հասարակ, անկեղծ և միշտ, միշտ պատրաստ օգնելու նրանց, ովքեր իմ կարիքն ունեն:
–Աստծուն տեսնելիս ի՞նչ կասեիք:
–Կարծում եմ ներողություն կխնդրեի…
–Եվ 2016 թվականին առիթ ենք ունեցել միասին Մոսկվայից Երևան թռչել, և ես նստած էի ձեր նստատեղի հենց հետևի հատվածում և նկատեցի, որ ամբողջ ընթացքում գիրք էիք կարդում: Ի՞նչ եք կարդում հիմա…
–Գիտեք, տարիներ առաջ մայրս ինձ ստիպում էր, որ կարդամ, բայց ես չէի անում այն, ինչ ինձ ստիպում էին: Հիմա ես սկսել եմ կարդալ ու հասկանում եմ, որ ավելի շատ պիտի կարդամ: Ժամանակին շատ էի կարդում ֆուտբոլիստների ինքնակենսագրականները: Օրեր առաջ վերջացրեցի «Ալքիմիկոսը», որը ինձ շատ դուր եկավ և հիմա սկսել եմ կարդալ «Վանականը, որը վաճառեց իր Ֆերարին» գիրքը:
–Բլից հարցեր: Թոմը, թե Ջերին:
– Ջերին:
-Սուրճ, թե թեյ:
–Սուրճ:
-Կլոպ, թե Գվարդիոլա:
-Գվարդիոլա:
Պաղպաղակ, թե պիցցա:
–Պաղպաղակ:
Մարադոնա, թե Պելե:
–Մարադոնա:
-Գիրք, թե ֆիլմ:
-Ֆիլմ:
-Սև, թե սպիտակ:
–Սև:
-Շնորհակալ եմ անկեղծ և հաճելի զրույցի համար:
Հարցազրույցը` Վարվառա Հայրապետյանի