Տնտեսության անկումը խորանում է. մայիսին ակտիվությունը նվազել է 12,8 տոկոսով

Հայաստանի տնտեսությունը ծանր ժամանակներ է ապրում։ Համավարակի առաջին իսկ ալիքը կոտրեց «հեղափոխության» ճանապարհը բռնած տնտեսության մեջքը։

Մարտից սկսած տնտեսությունը մտավ անկումային փուլ և շարունակում է ընթանալ այդ ճանապարհով։ Անկումը գնալով խորանում է։ Երրորդ ամիսն անընդմեջ զարգացումները բացասական են։ Տնտեսությունը ռեցեսիայի մեջ է։

Համավարակը քիչ էր, կառավարությունն էլ իր կողմից խորացրեց տնտեսության վնասները՝ ժամանակին քայլեր չանելով այն կանխարգելելու ուղղությամբ։ Իշխանությունները բացարձակ անպատրաստ դուրս եկան համավարակի դեմ պայքարում՝ ավելացնելով տնտեսության ռիսկերը։

Այն ժամանակ, երբ կառավարությունը որոշեց փակել տնտեսությունը՝ իբր թե համավարակի ալիքը կանխելու նպատակով, ապրիլին անկումը հասավ ռեկորդային բարձր ցուցանիշի. նախորդ ամսվա համեմատ՝ տնտեսական ակտիվությունը նվազեց ավելի քան 17 տոկոսով։

Ինչպես հետո պիտի խոստովաներ վարչապետը՝ «մենք տեսնում էինք, որ տնտեսությունն արագ տեմպերով գահավիժում էր»։

Գահավիժումը կանխելու համար կառավարությունը որոշեց բացել տնտեսությունը։ Բացեց ու հարվածի տակ դրեց հասարակության առողջությունը։

Բայց ըստ էության, չշահեց նաև տնտեսությունը։ Ու դա հաստատում է նաև պաշտոնական վիճակագրությունը։

Հրապարակվել են մայիսի տնտեսական զարգացումների օպերատիվ տվյալները։ Դրանց համաձայն՝ կրկին երկնիշ անկում է արձանագրվել։ Նախորդ տարվա մայիսի համեմատ՝ տնտեսական ակտիվությունը մեր երկրում նվազել է 12,8 տոկոսով։ Եվ դա տեղի է ունեցել տնտեսությունը վերաբացելուց հետո։

Բոլոր ոլորտներում անկում է գրանցվել, այն էլ՝ մեծ տեմպերով։ Շինարարության ծավալը մայիսին կրճատվել է ուղիղ 27 տոկոսով։ Այն դեպքում, երբ կառավարությունը շինարարության հետ է կապում՝ ինչպես տնտեսությունը ճգնաժամից հանելու, այնպես էլ՝ արտագնա աշխատանքի չմեկնած ու գործազուրկների շարքերը համալրած մեր տասնյակ-հազարավոր քաղաքացիների ապագան։

Մայիսին ներքին առևտրի ոլորտում ունենք շրջանառությունների 18,4 տոկոսանոց անկում։ Ծառայությունների նվազումը հասնում է 20 տոկոսի։

Անկումային են նաև արդյունաբերության զարգացումները։ Նախորդ տարվա նույն ամսվա համեմատ՝ արտադրության ծավալները կրճատվել են 3,9 տոկոսով։

Բայց դա դեռ շատ քիչ է՝ պատկերացնելու համար ոլորտի իրական վիճակը։ Շատ ավելի կարևոր է, թե հատկապես որ ճյուղերի հաշվին է տեղի ունեցել անկումը։

Հայտնի է, որ արդեն տևական ժամանակ արդյունաբերությունը նստած է ընդերքի վրա։ Այդ երևույթը նկատվում է դեռ անցած տարվանից, բայց այն խորացել է հատկապես այս տարի, առավել ևս՝ համավարակից հետո։

Տարեսկզբի 4 ամիսներին հանքարդյունաբերության աճը հասավ 27 տոկոսի։ 5 ամիսների տվյալները պարզ կլինեն ավելի ուշ։ Բայց ոչ մի կասկած չկա, որ այդ միտումը պահպանվել է նաև մայիսին, ու դա մեծապես նպաստել է, որպեսզի մեղմվի արդյունաբերության անկումը։

Հանքարդյունաբերությունը դարձել է՝ ինչպես արդյունաբերության, այնպես էլ՝ ընդհանրապես տնտեսության այն եզակի ճյուղը, որը համավարակի պայմաններում բարձր աճ է գրանցում։ Անգամ միջազգային շուկաներում մետաղների գների նվազումը խոչընդոտ չէ դրա համար։ Թեև, դատելով հրապարակված վիճակագրական ցուցանիշներից, այդ հանգամանքն էլ չի օգնել կասեցնելու արտահանման անկումը։

Արտաքին առևտրի շրջանառությունները մայիսին կրկին կրճատվել են։ Դա արտահայտվել է՝ ինչպես արտահանման, այնպես էլ՝ ներմուծման ծավալների նվազման տեսքով։

Արտահանումը մայիսին պակաս է եղել 8,7 տոկոսով։ Շատ ավելի մեծ է ներմուծման կրճատումը. նախորդ տարվա մայիսի համեմատ՝ այն հասնում է գրեթե 22 տոկոսի։

Մայիսին տեղի ունեցած այս դրսևորումներից հետո տնտեսական ակտիվության անկումը Հայաստանում խորացել է։

Տարեսկզբի 5 ամիսների տվյալներով՝ այն հասել է 3,9 տոկոսի։ Տնտեսության մեծ մասում ցուցանիշները բացասական են։ 5 ամսում շինարարության անկումը կազմել է 23,4 տոկոս։ Ներքին առևտրի շրջանառությունը կրճատվել է գրեթե 11 տոկոսով։ Ծառայությունների ոլորտում ևս աճ չկա։ Անկումը կազմել է 4,2 տոկոս։ Արտաքին առևտրի ոլորտում գրանցվել է 11,2 տոկոս նվազում։

5 ամիսների կտրվածքով դեռևս աճ կա արդյունաբերության մեջ, բայց այն գնալով սեղմվում է։ Հրապարակված վերջին տվյալներով՝ աճը կազմել է 2,4 տոկոս։ Մեկ ամիս առաջ 4,2 տոկոս էր։

Համավարակին հաջորդած 3 ամիսներին ահա այսպիսին է Հայաստանի տնտեսության պատկերը։ Երրորդ ամիսն անընդմեջ անկում է գրանցվում։ Թե այն մինչև ուր կհասնի, դեռ պարզ չէ։ Տնտեսական անորոշությունները մի կողմից են, համավարակը՝ մյուս կողմից։

Տնտեսության փակումը ոչ միայն չկասեցրեց համավարակը, այլև ավելի խորացրեց ճգնաժամը։ Այսօր էլ վարակը արագորեն տարածվում է՝ խնդիրներ ստեղծելով՝ ինչպես առողջապահության, այնպես էլ՝ տնտեսության համար։

Որքան երկար ձգվի այս իրավիճակը, այնքան ավելի մեծ կլինեն տնտեսության վնասները։

Կան ոլորտներ, որոնք անհնարին է շարք վերադարձնել՝ առանց առողջապահական խնդիրները լուծելու ու համավարակը կանխարգելելու, կամ նվազագույնը՝ կառավարելի դարձնելու։ Այնինչ՝ համաճարակային վիճակը Հայաստանում հեռու է այդպիսին լինելուց։ Վարակակիրների թիվն ավելանում է օրական մի քանի հարյուրով։ Առանձին օրերին այն հասնում է՝ 7-8, նույնիսկ՝ 9 հարյուրի։ Տասնյակ մահեր ենք ունենում։

Այս իրավիճակը ամենևին էլ չի բխում տնտեսության շահերից։ Տուժում են հատկապես այն ոլորտները, որոնք կապված են զբոսաշրջության հետ։

Հայաստանը ստիպված է ամուր փակել իր սահմաններն այցելուների առաջ։ Համավարակի այսօրվա պայմաններում նույնիսկ դժվար է ասել, թե ընդհանրապես երբ հնարավոր կլինի մտածել սահմանները բացելու մասին։ Սահմանները բացելու դեպքում էլ՝ դեռ մեծ հարց է՝ զբոսաշրջիկները կգա՞ն Հայաստան, թե՞ ստիպված կլինեն զգուշանալ  համավարակի բարձր ռիսկային գոտում հայտնվելուց։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս