«Մարուքյանը պաշտպանում է պետությանը պետությունի՞ց». Ռոբերտ Հայրապետյան

Իրավաբան Ռոբերտ Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«ՄԱՐՈՒՔՅԱՆԸ ՊԱՇՏՊԱՆՈՒՄ Է ՊԵՏՈՒԹՅԱՆԸ ՊԵՏՈՒԹՅՈՒՆԻ՞Ց

Մի կողմ թողնելով քաղաքական կոմպոնենտը՝ անդրադառնամ Մարուքյանի մի քանի պնդումներին.

Ինչպես գիտենք, Մարուքյանը նշել էր, որ ուշ ՍԴ դիմելու պատճառը Քոչարյանի գործին չմիջամտելն է։ Նշվել է նաև, որ նշված նիստից հետո պատրաստվում են դիմել ՍԴ։

Որոշ ժամանակ անց, Քոչարյանի փաստաբանները ետ են վերցնում իրենց դիմումը ՍԴ-ից։ Արդյունքում, ՍԴ-ն պետք է քննի միայն դատարանի դիմումի հիման վրա համապատասխան նորմի սահմանադրականության վերաբերյալ գործը։

ՍԴ օրենքի համաձայն՝ դիմումատուն իրավունք ունի ետ վերցնել իր դիմումը ՍԴ-ից, մինչ դատաքննությունը…։

Փաստորեն, պետությունը, ի դեմս դատարանի, ավելին, ի դեմս հեղինակավոր, վստահելի, իշխանության սիրելի դատավոր Աննա Դանիբեկյանի, ունի համապատասխան գործիքակազմ Մարուքյանի գնահատմամբ որոշակի «ռիսկերի» առկայության դեպքում դիմել Սահմանադրական դատարան՝ դիմումը ետ վերցնելու համար և զրկել ՍԴ-ին նշված գործը քննելու իրավունքից։

Այդ դեպքում հարց է առաջանում, ո՞ւմ համար է մտահոգված Մարուքյանը, ո՞ւմ է պաշտպանում՝ պետությանը պետությունի՞ց, Փաշինյանին՝ Դանիբեկյանի՞ց, թե՞ Փաշինյանին՝ Փաշինյանից։ Արհեստական է հնչում։

Չանդրադառնալով ավելի ուշ ՍԴ դիմելու իմաստազրկմանը, որի մասին բազմիցս է խոսվել, անդրադառնամ այսօր արված մեկ այլ տարբերվող պատճառաբանության, այն է՝ կդիմեն ՍԴ, եթե գործը կասեցվի։

Կասեցումը այս դեպքում հետևանքների առումով չի տարբերվում դատաքննության օրը երկար ժամկետով հետաձգելուց։ Օրինակ, գործը կարող է կասեցվել հիմա, վերսկսվել երեք ամսից, կամ էլ կարող է դատաքննությունը հետաձգվել երեք ամսով։

Այդ դեպքում, ինչո՞ւ է պարոն Մարուքյանը մեջ բերում կասեցման պատճառաբանությունը, այլ ոչ՝ հետաձգման, կամ ինչո՞ւ օրինակ չեն առաջարկում ԱԺ ներկայացուցչին, որպես կողմ, ներկայացնել հետաձգման միջնորդություն։ Հնարավո՞ր է, որ պատճառն այն է, որ ի տարբերություն հետաձգման օրենսդրական հիմքերի առկայության, կասեցման հիմք օրենքով ամրագրված չէ այս դեպքի համար։ Կարճ ասած, չկա պայմանի կատարման հնարավորություն, չկա խոստումը պահելու անհրաժեշտություն, այն է՝ դիմել ՍԴ։
Բարի գիշեր»:

Տեսանյութեր

Լրահոս