«Այդ բացը չի կարող լրացնել նույնիսկ վարչապետի խրոխտ ֆեյսբուքյան ստատուսը՝ ի աջակցություն մասնագիտական տկարությամբ պարուրված արդարադատության նախարարի ինքնախոստովանական ցուցմունքին». Ռոբերտ Հայրապետյան

Իրավաբան Ռոբերտ Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Սահմանադրության 5-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի համաձայն՝ Սահմանադրությունն ունի բարձրագույն իրավաբանական ուժ: Օրենքները պետք է համապատասխանեն սահմանադրական օրենքներին, իսկ ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերը՝ սահմանադրական օրենքներին և օրենքներին:

2015 թվականի Սահմանադրության համառոտ պարզաբանումների 29-րդ էջում նշված է. «Ինչպես 2005 թվականի Սահմանադրությամբ, այնպես էլ բարեփոխված Սահմանադրությամբ ճանաչվում է իրավական ակտերի աստիճանակարգության մեջ Սահմանադրության գերակա դիրքը։ Սակայն հանվել է այն դրույթը, որը սահմանադրական բոլոր նորմերին տալիս էր անմիջական գործողության ուժ…»։

Տվյալ դեպքում, համապատասխան Սահմանադրության փոփոխությամբ ամրագրված դրույթը չի մատնանշված որպես անմիջականորեն գործող նորմ։
Հենց դա է պատճառը, որ նախկինում էլ համանման դրույթը ամրագրվել է ՍԴ մասին օրենքում, նախքան յոթերորդ գլխի ուժի մեջ մտնելը (2018 թվականի հունվար- մարտ)։

Ավելին, Սահմանադրությունն ու օրենքները թույլ չեն տալիս այս կամ այն պաշտոնատար անձին կամ առհասարակ որևէ մեկին որոշելու Սահմանադրության և օրենքների միջև հակասությունը։ Նշվածի համար կա Սահմանադրական արդարադատություն կամ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքով սահմանված համապատասխան ընթացակարգ։

Հ. Գ. Այդ բացը չի կարող լրացնել նույնիսկ վարչապետի խրոխտ ֆեյսբուքյան ստատուսը՝ ի աջակցություն մասնագիտական տկարությամբ պարուրված արդարադատության նախարարի ինքնախոստովանական ցուցմունքին»:

Տեսանյութեր

Լրահոս