Հայաստանի ժողովրդավարության ներկա մակարդակով կարելի է հիրավի հպարտանալ. Արա Սահակյան
«Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արա Սահակյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Ազգային ժողովում գործադիրի ղեկավարի` հունիսի 25-ի ելույթի կապակցությամբ
Հայաստանի ժողովրդավարության ներկա մակարդակով կարելի է հիրավի հպարտանալ:
Սակայն այն 2 տարում չի ստեղծվել կամ որակական թռիչք ապրել: Ժողովրդավարության, արդարության, իրավունքի, ազգային արժանապատվության արժեքները պահպանել են հայերի վերջին մի քանի սերունդները: Նրանցից ամենալուսեղենները դրանք կյանքի են կոչել Առաջին Հանրապետության կարճատև կյանքի ընթացքում, անմռունչ պահպանել կառափնարանին կանգնած, աքսորի ճանապարհներին, քաղաքական կալանավայրերի ցուրտ խցերում, ընդհատակյա հայրենասիրական խմբակներում, համազգային զարթոնքի ցույցերում ու երթերում, ղարաբաղյան պատերազմի խրամատներում: Այդ արժեքները երբեք չեն եղել իշխանության մենաշնորհը: Ընդհակառակը, ժողովուրդը այն պարտադրել է իշխանությանը, քայլ առ քայլ նվաճել լսելի լինելու, իշխանություն ձևավորելու, վերահսկելու, փոփոխելու իր իրավունքը»: