Առաջարկ է եղել վերահսկողության մեխանիզմ մտածել, որ հանկարծ ինչ-որ հարուստ մարդ տարբեր ֆիզիկական անձանց կերպարով չմտնի շուկա․Ավագանու անդամը՝ շրջիկ առևտրի կետերի մասին
Հունիսի 24-ին կայացած հերթական նիստում Երևանի ավագանին հավանություն տվեց Երևանում շրջիկ առևտրի կարգավորումների վերաբերյալ որոշման նախագծին: Մասնավորապես, ավագանու որոշմամբ սահմանվել են շրջիկ առևտրի կետերին ներկայացվող պահանջները, պայմանները, շրջիկ առևտրի իրականացման թույլատրելի վայրերը, դրանց տրամադրման (հատկացման) կարգը, ժամկետները, գործունեության իրականացման ժամերը, ինչպես նաև վաճառվող ապրանքների կամ մատուցվող ծառայությունների չթույլատրվող տեսակները, հատուկ տարածք տեղափոխելու կանոնները և այլն: Կարգավորումներն ուժի մեջ կմտնեն 2021 թվականի հունվարի 1-ից:
Շրջիկ առևտրի կետը կամ տրանսպորտային միջոցը հատուկ տարածք տեղափոխելու համար գանձվում է վճար՝ 30 հազար ՀՀ դրամի չափով։ Հատուկ տարածքում շրջիկ առևտրի կետի կամ տրանսպորտային միջոցի պահպանման համար գանձվում է վճար՝ յուրաքանչյուր ժամի համար 100 ՀՀ դրամի չափով, յուրաքանչյուր օրվա համար՝ 1000 դրամի չափով։
Երևանի ավագանու ԲՀԿ խմբակցության ղեկավար Միքայել Մանրիկյանը հույս ունի, որ իրենց կողմից արված մի շարք առաջարկներ հաշվի կառնվեն։
Դրանցից մեկը, օրինակ, շրջիկ առևտրի կետերն էլեկտրականությամբ ապահովելու հարցն է։
«Ասենք՝ փողոցում կանգնած է շրջիկ առևտրի կետն ու գեներատորով է աշխատում, բնականաբար, շենքի բնակիչները կարող են բողոքել աղմուկի համար։ Դեռևս քննարկումների ժամանակ կարևորել ենք ՀԷՑ-ի հետ բանակցություն սկսելը, որպեսզի մարդիկ հոսանք ունենան։ Երկրորդ խնդիրն ու արված առաջարկը վերաբերում է հունվարի 1-ից կարգավորումներն ուժի մեջ մտնելուն։ Կարևորել ենք 6-7 ամսով այն երկարաձգելը՝ հաշվի առնելով այն, թե կորոնավիրուսով պայմանավորված ինչպիսի իրավիճակ կլինի երկրում։ Կարելի է հունվարի 1-ի փոխարեն՝ սեպտեմբեր, հոկտեմբեր ամիսները նշել, որպեսզի մարդկանց հնարավորություն տանք աշխատել։ Առաջարկ է եղել նաև վերահսկողության մեխանիզմ մտածելու մասին, որպեսզի հանկարծ խոշոր խաղացող, ինչ-որ հարուստ մարդ տարբեր ֆիզիկական անձանց կերպարով չմտնի շուկա։ Օրինակ, եթե Կենտրոնում 11 տեղ կա, ինքը տարբեր բրենդի շրջիկ առևտրի կետեր չդնի։ Սա ևս մտահոգիչ է»,- մեզ հետ զրույցում ասաց Միքայել Մանրիկյանը։
Ավագանու անդամի խոսքով՝ ամեն դեպքում այս ընթացքում պետք է փորձեն հոսանքի հարցը լուծել ու հասկանալ, թե ինչպես են վերահսկելու։
«Ընթացքում նոր թերություններ են բացահայտվելու, որոնք վերամշակվելու են, որպեսզի ստանանք իդեալական վիճակ։ Բնականաբար, անհրաժեշտ էր շրջիկ առևտրի կետերի մասով լուծում գտնել, բայց լավ կլիներ, որ կորոնավիրուսի պայմաններում որոշում չկայացվեր, քանի որ կարևոր է, որ այս իրավիճակում մարդիկ աշխատեն ու կարողանան ընտանիք պահել, որովհետև չեմ կարծում, որ հունվարի 1-ին կորոնավիրուսից ձերբազատված կլինենք։ Տա Աստված, որ ցուցանիշները եռակի անկում ապրեն, բայց եթե այդպես չլինի՝ պետք է հունվարի 1-ը երկարաձգել ու մարդկանց աշխատելու հնարավորություն տալ»,- եզրափակեց ավագանու անդամը։