«Չեմ պատրաստվում մեկնաբանել ամեն մեկի ասածը». Ալեն Սիմոնյանը՝ իր հարցազրույցում հնչեցրած հայտարարության մասին
Օրերս «Հեղափոխության պահապաններ» կոչվող խմբավորման համահիմնադիր Հայկ Ստեփանյանը ծեծի էր ենթարկվել, որի արդյունքում ստացել էր մարմնական վնասվածքներ և տեղափոխվել հիվանդանոց։
Միջադեպից հետո «Հեղափոխության պահապանների» տղաներից մեկի ծնողը հայտարարել էր, որ ծեծկռտուքի ժամանակ ներկա է եղել պատգամավորներից մեկը, ով, սակայն, մեքենայից չի իջել։ Համացանցում շրջանառվող լուրերի համաձայն՝ այդ անձը եղել է ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը:
168.am–ը Ալեն Սիմոնյանից հետաքրքրվեց, թե այս տեղեկությունը որքանո՞վ է համապատասխանում իրականությանը, արդյո՞ք նա է եղել, եթե այո, ապա ինչո՞ւ չի իջել մեքենայից, ինչո՞ւ չի կանխել ծեծկռտուքը:
«Ինքս երբևէ որևէ տեղ «Հեղափոխության պահապանների» հետ որևէ խնջույքի չեմ եղել, որևէ մեքենայի մեջ չեմ եղել: Նմանատիպ հրապարակում տեսել եմ, և այդ հրապարակման հետ կապված իմ փաստաբանները հայց են նախապատրաստում: Վստահ եմ, որ կհաղթեմ, որովհետև այդ օրը, այդ ժամին ես կնոջս հետ եղել եմ քաղաքում քայլելիս»,- ասաց Ալեն Սիմոնյանը:
Մեր հաջորդ հարցը վերաբերում էր նրա՝ ռուսալեզու վրացական լրատվամիջոցին տված հարցազրույցին: Այդ հարցազրույցում Ալեն Սիմոնյանն ասել էր, որ ՀՀ կառավարությունը կոմպենսացրել է ՀՀ բոլոր քաղաքացիների կոմունալ բոլոր վճարների 50 տոկոսը։
Հետաքրքրվեցինք, թե կառավարության ո՞ր ծրագրով է նման բան եղել, սա ապատեղեկատվություն չէ՞, հատկապես, որ փնտրել ու նման որոշում չենք գտնել:
Սակայն Ալեն Սիմոնյանը նախընտրեց հարցադրումը շրջանցել՝ ինչ-ինչ «մեկի», հետո էլ՝ ինչ-որ «մարդկանց» ակնարկելով։
«Ես չեմ պատրաստվում մեկնաբանել ամեն մեկի ասածը, բնական է, Ձեզ ի նկատի չունեմ, ես գիտեմ՝ դա ով է ասել, այդ թեման շրջանառության մեջ գցել: Ամեն մեկի ասածը ես չեմ պատրաստվում մեկնաբանել: Կոչ եմ անում բոլորիդ նման մարդկանց խոսքերի վրա չհիմնվել: Իմ պարզաբանումը սա էր՝ նման հարցի հետ կապված թող հետաքրքրվեն, ճշտեն, իսկ տարբեր մարդկանց ասած, առավել ևս՝ իմ իմացած մարդու ասածը, որը դա գցել է շրջանառության մեջ, արհամարհում եմ իր հետ կապված որևէ բան մեկնաբանել»,- եզրափակեց Ալեն Սիմոնյանը՝ այդպես էլ չպարզաբանելով, թե կառավարության ո՛ր որոշմամբ է ՀՀ բոլոր քաղաքացիների բոլոր կոմունալ վճարները փոխհատուցվել։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում