Էդմոն Մարուքյանի ճակատագրական ընտրությունը

Ցանկացած քաղաքական ուժի ու քաղաքական գործչի կյանքում լինում են բեկումնային, շրջադարձային պահեր, որոնցում կայացված այս կամ այն որոշումը ճակատագրական է դառնում տվյալ ուժի ու գործչի համար։

Հանգամանքների բերումով այսօր այդպիսի շրջադարձային կետում է հայտնվել «Լուսավոր Հայաստան» կուսակցությունն ու նրա նախագահ Էդմոն Մարուքյանը։ Նա հայտարարել է, որ երկրում տեղի ունեցած սահմանադրական ուզուրպացիայի հարցով չի դիմում Սահմանադրական դատարան, «քանի որ վերջինս քննելու է/էր Ռոբերտ Քոչարյանի գործով դիմումը։

Քիչ առաջ հայտնի դարձավ, որ Քոչարյանի փաստաբանները ՍԴ-ից հետ են վերցրել այդ դիմումը՝ ըստ էության վերացնելով այն խոչընդոտը, որն Էդմոն Մարուքյանին հետ էր պահում այս փուլում, հե՛նց այսօր ՍԴ դիմելու քայլից։ Եվ եթե Մարուքյանն անկեղծ էր երեկվա իր այն հիմնավորումներում, որ այս փուլում չեն դիմում ՍԴ՝ Քոչարյանի շահերին անուղղակի չծառայելու համար, ապա այսօր, երբ այդ հանգամանքը վերացված է, նա պետք է նույնքան անկեղծություն ունենա և հայտնի անմիջապես ՍԴ դիմելու մասին։

Այլապես կստացվի, որ նա երեկ անկեղծ չէր ու Քոչարյանի գործոնն օգտագործում էր զուտ որպես պատրվակ՝ ՍԴ դիմելուց հրաժարվելու համար։ Էդմոն Մարուքյանի համար այդ որոշումն ամենևին հեշտ չի լինի կայացնել, քանի որ նա քաջ գիտակցում է, որ ՍԴ դիմելու դեպքում արժանանալու է իշխանության կողմից ամենաստոր քննադատության ու հայհոյանքների։ Բայց նա պետք է գիտակցի նաև, որ հակառակ դեպքում ևս արժանանալու է հայհոյանքների՝ բոլոր նրանց կողմից, ում համար կարևոր է սահմանադրությունն ու իրավականությունը։

Այսինքն՝ անկախ նրանից՝ ինչ որոշում կկայացնի Մարուքյանը, նա հայտնվելու է այս կամ այն կողմի թիրախում, նրան երկու դեպքում էլ հայհոյելու են։ Պարզապես մի դեպքում հայհոյելու են երկրի համար բախտորոշ ու ճակատագրական պահին վճռական, սահմանադրությունից ու օրենքից բխող որոշում կայացնելու, մյուս դեպքում՝ վախկոտության կամ իշխանության հետ գործարքի գնալու, վերջնականորեն իշխանության խամաճիկ դառնալու համար։

Այսպիսով, Մարուքյանը պետք է ընտրություն կատարի այս երկու հնարավոր տարբերակների միջև, տարբերակներ, որոնցից մեկի դեպքում կարող է առանցքային դերակատարում ստանձնել սահմանադրության ու իրավականության պաշտպանության գործում, մյուսի պարագայում՝ հավերժ կրել իշխանության ուզուրպատորին ծառայողի անպատվաբեր խարանը։

Երրորդ ճանապարհ պարզապես չկա։ Այս որոշմամբ, ի դեպ, Մարուքյանը վճռելու է ոչ միայն ՀՀ Սահմանադրության պաշտպանության հարցը, այլ նաև անձամբ իր ու իր ղեկավարած քաղաքական ուժի ապագան։

Ընտրությունը դժվարին է, բայց միևնույն ժամանակ՝ այլընտրևանք չունեցող։ Համենայնդեպս, առողջ բանականության ու քաղաքականության տրամաբանության տեսանկյունից։ Կա երկու ճանապարհ՝ մեկը տանում է դեպի քաղաքական աղբանոց, մյուսը՝ դեպի երկրում սահմանադրականության ու իրավականության վերականգնում։

Մնում է սպասել, թե դրանցից որը կընտրի Էդմոն Մարուքյանը։ Ի դեպ, նա շատ ժամանակ չունի։

Տեսանյութեր

Լրահոս