Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը հարուստ չէ, փոխարենը՝ պատկառելի կարողության տեր է նրա որդին
ՀՀ նախկին փոխոստիկանապետ Հունան Պողոսյանը Սյունիքի մարզպետի պաշտոնը ստանձնել է 2018թ. հոկտեմբերի 16-ին:
Հայտարարատու պաշտոնատար անձի առկա անշարժ գույքի վերաբերյալ պաշտոնեական պարտականությունները ստանձնելու օրվա դրությամբ տվյալներ չկան: Բացակայում են տվյալներ նաև Հունան Պողոսյանի առկա շարժական գույքի, արժեթղթերը և այլ ներդրումների, ինչպես նաև Հայտարարատու պաշտոնատար անձի հանձնած փոխառությունների մասին:
Հայտարարատու պաշտոնատար անձի դրամական միջոցները պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ կազմել են 15,000,000 դրամ և 20,000 ԱՄՆ դոլար գումար:
2019թ. հայտարարագիրն ուսումնասիրելիս նույնպես նկատում ենք, որ Սյունիքի մարզպետի մոտ բացակայում են նրա, նրա ընտանիքի անչափահաս անդամների և խնամակալության կամ հոգաբարձության տակ գտնվող անձանց սեփականության՝ տվյալ տարվա ընթացքում ձեռք բերված և օտարված, տարվա վերջում առկա անշարժ գույքի, տրանսպորտային միջոցների, արժեթղթերի և այլ ներդրումների, բանկային ավանդների, հանձնված և վերադարձված փոխառությունների, տվյալ տարվա սկզբում և ընթացքում ձեռք բերված և օտարված՝ ութ միլիոն դրամից կամ դրան համարժեք արտարժույթից ավելի արժեք ունեցող գույքի (թանկարժեք գույք) վերաբերյալ տվյալները:
Ինչպես պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ, այնպես էլ 2019թ. Սյունիքի մարզպետի մոտ առկա են միայն գումարային միջոցների մասին տվյալներ: Հունան Պողոսյանի բանկային հաշիվների մնացորդները տարվա սկզբում եղել են 1,137,929.87 դրամ, տարվա վերջում՝ 796,583.67 դրամ, տարվա սկզբում՝ 121.72 դոլար, իսկ տարվա վերջում՝ 6,920.70 ԱՄՆ դոլար գումար:
2019թ. սկզբին Հունան Պողոսյանը հայտարարգրել է նաև 12,000,000.00 ՀՀ դրամ կանխիկ գումար, որն անփոփոխ է մնացել տարվա վերջին: Տարվա սկզբին վերջինս կանխիկ ունեցել է նաև 20,000.00 ԱՄՆ դոլար, որը տարվա վերջին դարձել է 8,000.00 դոլար:
Սյունիքի մարզպետը հայտարարագրել է նաև աշխատանքի վարձատրությունից և/կամ դրան հավասարեցված այլ վճարումներից գոյացած 10,165,951.00 ՀՀ դրամ գումար, ինչպես նաև 3,509,880.00 ՀՀ դրամ կենսսաթոշակային գումար:
Որևէ այլ տվյալ Հունան Պողոսյանի 2019թ հայտարարագրում նշված չէ:
Բացի դրամական միջոցներից, տվյալներ չկան նաև Սյունիքի մարզպետի 2018թ. հայտարարագրում: Նշված է միայն, որ հայտարարատու պաշտոնատար անձի եկամուտները հարկային տարում կազմել են 8,596,354.00 գումար, որից 4,794,022.00-ը աշխատանքի վարձատրություն և/կամ դրան հավասարեցված այլ վճարումների, 2,236,132.00-ը՝ կենսաթոշակի, և 1,566,200.00-ը՝ կրկին աշխատանքի վարձատրություն և/կամ դրան հավասարեցված այլ վճարումների տեսքով:
2019թ. Հունան Պողոսյանի կինը՝ Նունե Հովհաննեսի Պողոսյանը, հայտարարագրել է 15,000,000.00 դրամ կանխիկ գումար, որը տարվա վերջում դարձել է 10,000,000.00 դրամ, ինչպես նաև 5,000.00 ԱՄՆ դոլար, որը տարվա վերջում մնացել է անփոփոխ: Սյունիքի մարզպետի կինը հարկային տարում ստացել է նաև 3,085.63 բանկային եկամուտ:
2018թ-ին Նունե Պողոսյանը հայտարարագրել է տվյալ հարկային տարում օտարված, 36,078,000.00 ՀՀ դրամ արժեք ունեցող հողամաս, 7,000,000.00 ՀՀ դրամ՝ հարկային տարվա սկզբում, և 15,000,000.00 դրամ՝ հարկային տարվա վերջում, ինչպես նաև 36,078,000.00 արժեք ունեցղ գույք, որը, թերևս, վերը նշված, օտարված հողամասն է:
Ի հակադրություն ծնողների՝ բավականին պատկառելի կարողության տեր է Հունան Պողոսյանի 27-ամյա որդին՝ Հրաչյա Հունանի Պողոսյանը, ով 2019թ. հայտարարագրել է անհատական բնակելի տունը` հողամասի վրա կառուցված, իր տնտեսական շինություններով, որի արժեքը չի նշվում. Այն գտնվում է Երևանի Աջափնյակ վարչական շրջանում: Հրաչյա Պողոսյանը ունի նաև 2018թ. արտադրության «Տոյոտա» մակնիշի մարդատար ավտոմոբիլային տրանսպորտի միջոց. կրկին գինը նշված չէ:
Սյունիքի մարզպետի որդին ՌԵՆՇԻՆ ՍՊԸ-ին հանձնված փոխառությունների տեսքով տվյալ տարվա վերջում ունեցել է 79,763,200.00 ՀՀ դրամ գումար: Թե որքան գումար է որպես պարտք տվել Հրաչյա Պողոսյանը, հայտնի չէ:
Հունան Պողոսյանի որդու բանկային հաշիվների մնացորդները տարվա սկզբում եղել են 328,257.49 դրամ, վերջում՝ 540,383.27: Ծագման աղբյուրը չի նշվում: Տարվա սկզբում տիրապետել է նաև 19,000,000.00 ՀՀ դրամ կանխիկ գումարի, որը տարվա վերջում դարձել է 17,000,000.00:
Որպես եկամուտ՝ Հրաչյա Պողոսյանը հայտարարագրել է ԲԻԲԼՈՍ ԲԱՆԿ ԱՐՄԵՆԻԱ ՓԲԸ-ից ստացած 79,763,200.00 ՀՀ դրամը, ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ ՓԲԸ-ի 4,916,687.25 դրամը, «Տ-ՔՆՍՏԱՔՇՆ ՓԲԸ»-ից որպես աշխատանքի վարձատրություն գոյացած 7,900,000.00 դրամը, «ԱՐԱՐԱՏ-ԱՐՄԵՆԻԱ ՖՈՒՏԲՈԼԱՅԻՆ ԱԿՈՒՄԲ ԲԲԸ»-ից որպես աշխատավարձ ստացած՝ 5,910,000.00, և «Հայաստանի էլեկտրական ցանցեր ՓԲԸ»-ից աշխատավարձի տեսքով գոյացած՝ 4,265,751.00 դրամը:
2018-ին Հրաչյա Պողոսյանն ավելի համեստ միջոցների է տիրապետել: Նա հայտարարագրել է TOYOTA CAMRY 3.5 GAS մակնիշի 19,280,000.00 ՀՀ դրամ արժողությամբ մեքենա, որը նա ձեռք է բերել հենց այդ տարում, և որպես աշխատավարձից գոյացած 28,411,847.00 ՀՀ դրամ միջոցներ:
Սյունիքի մարզպետի ընտանիքի անդամ հանդիսացող Կարինե Սուրիկի Պողոսյանը 2019թ. հայտարարագրել է 2007թ. արտադրության MERCEDES-BENZ մակնիշի մարդատար ավտոմեքենա, բանկային հաշվի վրա՝ տարեսկզբին՝ 11,214.00, իսկ տարեվերջին՝ 5,188.39 ՀՀ դրամ գումար, ինչպես նաև՝ 161.65 ԱՄՆ դոլար: Վերջինս տիրապետել է նաև 23,000,000.00 ՀՀ դրամ կանխիկ գումարի:
Կարինե Պողոսյանի «ԱՁ Պողոսյան Կարինե» անվամբ գրանցված ձեռնարկատիրական գործունեությունից ստացված եկամուտը կազմել է 4,840,019.00 ՀՀ դրամ, որպես նվիրատվություն՝ ստացել է 6,000,000.00 ՀՀ դրամ գումար: