«Ես առաջարկով դիմում եմ Նիկոլ Փաշինյանին. եկեք՝ լուծարենք այս խորհրդարանը». Նաիրա Զոհրաբյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ԱԺ-ում ունեցած ելույթում հայտարարեց, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը այլևս չկա, քաղաքական դաշտում տեղ չի ունենալու. «Իրենք այսօր այստեղ չեն ոչ թե նրա համար, որ հետապնդվում են, այլ իրենք այսօր այստեղ չեն, որ չկան այլևս, որովհետև ժողովրդի աչքերի մեջ նայող և սուտ խոսող քաղաքական ուժը Հայաստանում քաղաքական գործունեություն չի՛ ծավալելու»:
168.am-ի հետ զրույցում ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն անդրադարձավ ԲՀԿ-ին ուղղված Նիկոլ Փաշինյանի գնահատականներին և մեղադրանքներին:
«Ես օնլայն հետևում էի նիստին, և անկեղծ ասած՝ այդ լեքսիկոնը, այդ բառամթերքը, այդ ոճը, գործընկերների հետ հարաբերվելու այդ հաթաթաները, սպառնալիքները վաղուց արդեն զարմանալի չէին: Սպասելի էր, որ սոցիալ-տնտեսական այս աղետալի վիճակում հանրության ուշադրությունը սոցիալական գերլարվածությունից, աղքատությունից, կորոնավիրուսի ահագնացող տեմպերից շեղելու համար, բնականաբար, պետք է ընտրվեն արհեստական թիրախներ՝ քաղաքական ուժեր, գործիչներ, նրանց դեմ պետք է հայտարարվի խաչակրաց արշավանք, պատերազմ, որ հանրությանն ասվի՝ ահա, սիրելի հայրենակիցներ, եթե դուք վատ եք ապրում, սոված եք, եթե մեր երկրում բարեփոխումներ տեղի չեն ունենում, մեղավորը ԲՀԿ-ն է»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը:
Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, թե «նորությո՞ւն է, որ Հայաստանում կան քաղաքական ուժեր, որ ընտրակաշառք են բաժանել, և նորությո՞ւն է, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն ընտրակաշառքով է ընտրվել», Նաիրա Զոհրաբյանը հետևյալն ասաց.
«ԱԱԾ-ն, որ «բոևիկ» տեսանյութ էր տարածել և ասում էր, որ ովքեր տեղեկություն ունեն ԲՀԿ-ականների կողմից ընտրական կաշառք բաժանելու վերաբերյալ, թող դիմեն իրենց, կարծում եմ՝ պետք է դիմի նաև ՀՀ վարչապետին, որովհետև Նիկոլ Փաշինյանն այսօր իմպերատիվ հայտարարություն արեց, որ ԲՀԿ-ն ընտրակաշառք է բաժանել: Կարծում եմ, որ ինքը պետք է ներկայացնի կոնկրետ փաստեր՝ էմոցիոնալ հայտարարություններից զատ: Հիշեցնեմ, որ Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ բարձրագույն իշխանության ուղղակի հրահանգով ամեն օր կազմալուծվում էր մեր շտաբների աշխատանքը, մեր ակտիվիստներին տանում էին քաղմասներ և մինչև լուսադեմ պահում էին՝ ասելով, որ ահազանգ ենք ստացել իքս քաղաքացուց, որ ԲՀԿ իքս շտաբում ընտրական կաշառք են բաժանում: Կազմալուծում էին մեր շտաբների աշխատանքները և այսպես էլ որևէ քրեական գործ չհարուցվեց՝ ընտրական կաշառքի մասով: Հիմա, եթե երկրի թիվ մեկ պատասխանատուն նման իմպերատիվ հայտարարություն է անում, ես կարծում եմ՝ նա այս հարցով պետք է նաև հարցաքննվի՝ ներկայացնելով կոնկրետ փաստեր, ոչ թե գլխավոր դատախազի նման՝ օդում թափահարելով A4 ֆորմատի մի թուղթ»:
Վարչապետը նաև խոսել էր քաղաքական ուժերի ապագայի մասին՝ նշելով, որ ապագա իշխանությունն էլ, ընդդիմությունն էլ այն ուժերն են, ովքեր կանգնել են և ժողովրդին վերադարձրել են իշխանության. «Դրանից դուրս որևէ մեկն այս խորհրդարանում տեղ չի ունենալու»:
Նաիրա Զոհրաբյանը չի զարմանում, որ Նիկոլ Փաշինյանն իրեն շարունակում է նույնացնել ՀՀ պետականության հետ և շարունակում քաղաքացիների անունից հայտարարություն անել. «Որքան տեղյակ եմ՝ ՀՀ քաղաքացիներն են որոշում, թե ովքեր լինեն կամ չլինեն հաջորդ կամ դրան հաջորդող խորհրդարաններում: Եվ որքան էլ վարչապետի ցանկությունը մեծ լինի՝ հաջորդ խորհրդարանում տեսնել իր երազած քաղաքական ուժերին, դրա որոշողը լինելու է ՀՀ քաղաքացին: Բայց քանի որ մեծարգո վարչապետն այդքան վստահ է, որ ԲՀԿ-ն չի լինելու հաջորդ խորհրդարանում, ես առաջարկով դիմում եմ Նիկոլ Փաշինյանին՝ եկեք՝ լուծարենք այս խորհրդարանը, գնանք արտահերթ խորհրդարանական ընտրությունների. արդյունքը ցույց կտա, թե որ քաղաքական ուժը կհայտնվի լուսանցքում, որ քաղաքական ուժերը կստանան ժողովրդի քվեն: Ես չեմ ուզում Նիկոլ Փաշինյանի լեքսիկոնն օգտագործել, որով ինքը հարաբերվում է քաղաքական ուժերի, մեր երկրի պետականության, մեր պատմության մեջ լուրջ դերակատարություն ունեցած ՀՅԴ-ի, ԲՀԿ-ի և մյուս քաղաքական ուժերի հետ»:
Ըստ պատգամավորի՝ ակնհայտ է, որ Հայաստանը կանգնած է հումանիտար աղետի շեմին: «Հենց վարչապետն ինքը խոստովանեց, որ տնտեսական խայտառակ անկում է լինելու, որ տասնյակ տարիներով չենք կարողանալու վերականգնել: Այսօր գրանցվել է կորոնավիրուսով վարակվելու 771 դեպք, ո՞վ է սրա պատասխանատուն՝ խորհրդարանում նստած ընդդիմությո՞ւնը, ԲՀԿ-ն: Չի հաջողվելու պատասխանատվությունը օտարել և փորձել տարբեր տեղերում մեղավորներ փնտրել՝ նախկինների ստվերները, ԲՀԿ-ն, մամուլը, հեռուստաընկերությունները. դա չի ստացվելու, որևէ մեկին չի հաջողվելու խուսափել իր բաժին պատասխանատվությունից: Ես հասկանում եմ, որ համատարած ձախողումները կարող են առաջացնել լուրջ սթրեսային, նյարդային վիճակներ և բերել նման նյարդային հայտարարությունների, խնայեք ձեզ, պարոն վարչապետ, խնայեք ձեր նյարդերը, որովհետև մեր երկրին դեռ շատ լուրջ փորձություններ են սպասվում, որոնց պատասխանատվությունը պետք է կրեք դուք և ձեր քաղաքական թիմը, որին ժողովուրդը, այո, հեղափոխությունից հետո տվել էր վստահության բացարձակ քվե, և ցանկացած դեպքում պատասխանատվությունը ժողովրդի վրա գցելը չի ստացվելու: Ես սա ասում եմ ինքնաքննադատաբար, որովհետև ես ինքս էլ էմոցիոնալ գործիչ եմ, և այո, ես ինքս էլ երբեմն նման պոռթկումներ ունենում եմ և հասկանում եմ, որ դա սխալ է, թուլության նշան է: Այդ պաթոսով, այդ լեքսիկոնով խոսել քաղաքական դաշտի հետ, գործընկերների հետ՝ չեմ կարծում, որ սա երկրի ղեկավարի պատշաճ պահելաձև է»: