«Հաջորդ խորհրդարանում տեղ են ունենալու միայն այն ուժերը, որոնք աներկբայորեն պաշտպանում են հեղափոխության արժեքները». Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովում իր ելույթում անդրադարձավ վերջին ներքաղաքական իրադարձություններին, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավարի շուրջ սկսված գործընթացներին:

Այս առնչությամբ Ն. Փաշինյանը կրկին անդրադարձավ դատական համակարգին.

«Էլի ասելու են՝ բա ինչի՞ մինչև հիմա դատարանների հարցը լուծված չի. լուծված չի մի պարզ պատճառով՝ մենք չենք ուզել և չենք ուզում խամաճիկային հին համակարգը փոխարինել խամաճիկային նոր համակարգով: Մենք ուզում ենք, որ երկրում լինի իրական անկախ դատարան: Այն դատավորը, որ իր համոզմունքով և խղճով և առանց կողմնակի ազդեցությունների և առանց հին կոռուպցիոն կապերի և առանց հին կոռուպցիոն նոստալգիայի կկայացնի որոշում, այդ դատավորը մեր գլխի վրա տեղ ունի: Այդ դատավորը էս երկրի հենասյունն է, և մենք ամեն ինչ անելու ենք այս մարդկանց պաշտպանելու համար, և մենք ամեն ինչ անելու ենք՝ էն մյուսներին դուրս շպրտելու համար դատական համակարգից. Եվ ոչ մի բան մեզ չի կանգնեցնի»:

Անդրադառնալով «Բարգավաճ Հայաստան» խմբակցության՝ ԱԺ նիստերը բոյկոտելու և ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի գործով կայացված որոշման վերաբերյալ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի դիտարկումներին՝ նա հավելեց.

«Իմիջիայլոց ասեմ՝ Ձեր վկայակոչած դատական ակտում դատարանն առնվազն հիմնավոր կասկածը հաստատել է, որ կա հիմնավոր կասկած, և էլ չեմ ասում, ես զարմանում եմ՝ էսօր խոսում եք, ասում եք՝ քաղաքական ուժը բոյկոտել է` իշխանությունը չի մտածում: Քաղաքական ուժն իմ գնահատմամբ՝ ինքնաոչնչացվել է: Երբ որ էս ամբիոնից լուրջ դեմքով ասվում է մի բան, հերքվում է մի բան, որ ՀՀ բոլոր քաղաքացիները գիտեն, բոլորը գիտեն՝ առանց բացառության. Այսինքն՝ նորությո՞ւն է, որ Հայաստանում կան քաղաքական ուժեր, որ ընտրակաշառք են բաժանել, և նորությո՞ւն է, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն ընտրակաշառքով է ընտրվել։ Նորությո՞ւն է որևէ մեկի համար: Եվ երբ որ կանգնում այս ամբիոնից ասում ես մի բան, որը բոլորը գիտեն, որ էդպես չի, դա նշանակում է ինքնաոչնչացում:

Իրենք այսօր այստեղ չեն ոչ թե նրա համար, որ հետապնդվում են, այլ իրենք այսօր այստեղ չեն, որ չկան այլևս, որովհետև ժողովրդի աչքերի մեջ նայող և սուտ խոսող քաղաքական ուժը Հայաստանում քաղաքական գործունեություն չի՛ ծավալելու. Չի՛ կարելի ժողովրդին ձեռ առնել: Եվ ասեմ՝ ովքեր ճշմարտությունից դուրս են խոսում, նրանք էլ չեն կարողանալու»:

Վարչապետի համոզմամբ՝ այսօր Հայաստանում տեղի է ունենում ամենամեծ բարեփոխումը. «Քաղաքական դաշտի բարեփոխում է տեղի ունենում, և նրանք, ովքեր կուլիսիներից մարիոնետների նման կառավարվել են, այլևս Հայաստանի քաղաքական դաշտում տեղ չեն ունենալու, և նրանք, ովքեր մարիոնետների են կառավարել, նրանք այս քաղաքական դաշտում տեղ չեն ունենալու: Այո, թույլ տվեք կանխատեսել՝ հաջորդ խորհրդարանական ընտրություններում, հաջորդ խորհրդարանում տեղ են ունենալու միայն ու միայն այնպիսի քաղաքական ուժեր, որոնք աներկբայորեն պաշտպանում են 2018թ. ոչ բռնի թավշյա հեղափոխության, ժողովրդական հեղափոխության արժեքները: Սա չի նշանակում, որ լինելու է… Այսօր այդ ուժերից էլ կան, որ մեզ քննադատում են, ամենամեծ քննադատելու տեղն իրենք ունեն: Եվ ամենաշատն իրենց քննադատությունից ենք մենք նեղվում:

Չենք նեղանում, նեղվում ենք, որովհետև նրանք քննադատում են, լավ են անում, որ քննադատում են, ապագան իրենցն է»:

Գործադիրի ղեկավարը խոսեց նաև ապագայի քաղաքական ուժերի մասին. «Այսօր շատ է խոսվում նրա մասին՝ ով է ապագա իշխանությունը, ով է ապագա ընդդիմությունը. ապագա իշխանությունն էլ, ընդդիմությունն էլ այ էս դահլիճի 100 տոկոսի այն ուժերն են, ովքեր կանգնել են և ժողովրդին վերադարձրել են իշխանության, դրանից դուրս որևէ մեկն այս խորհրդարանում տեղ չի ունենալու: Եվ ես սա ասում ոչ թե՝ որպես վարչապետ, սա ասում եմ՝ որպես ՀՀ քաղաքացի, և ինձ իրավունք եմ վերապահում ասել՝ ես առնվազն մյուսներից մի քիչ ավելի լավ եմ ճանաչում մեր ժողովրդին: Որովհետև մենք մի քիչ ավելի լավ ենք ճանաչում մեր ժողովրդին՝ մյուսների համեմատ, եթե այդպես չլիներ, մենք չէինք կարողանա այսօր այս կազմով գտնվել այստեղ, որովհետև այն բոլորը, երբ մտածում են, որ ժողովրդին կոտրել են, վերջնականապես խաբել են, ժողովրդի պայքարի, ապրելու կամքը կոտրել են, այդ մարդիկ սխալվեցին և հրապարակային խոստովանեցին այդ սխալները: Հիմա էլ, այո, կորոնավիրուսը երկնային մանանայի նման թափվել է նրանց գլխին, նրանց թվում է՝ այ, էս ինչ լավ էր էս կորոնավիրուսը, վերջապես մենք վերակենդանանալու … այսինքն՝ քաղաքական բացիլը վերակենդանանալու շանս է ստացել․ իրենց թվում է: Եվ հիմա եկել են՝ սովերից են խոսում, սոցիալական բունտերից են խոսում, այ ժողովուրդ ջան, ախր այդ սոցիալական բունտից, որ խոսում եք, այդ սոցիալական բունտից դուք վախեցեք, որովհետ սոցիալական բունտ որ եղավ, մենք ի՞նչ ունենք, որ սոցիալական բունտի զոհ է դառնալու: Առաջին հերթին ձեր ապօրինի կառուցած դղյակները, ձեր բենթլիներն է դառնալու սոցիալական բունտի զոհ: Ուզո՞ւմ եք սոցիալական բունտ, հրահրեք սոցիալական բունտ, տեսնենք՝ այդ սոցիալական բունտի արդյունքում դուք որտե՞ղ եք հայտնվելու և ի՞նչ դիրքով, որ շատ կարևոր է»:

Ընդդիմությանը ճնշելու, հանրահավաքների արգելքներ մասին մտահոգությունների վերաբերյալ վարչապետը նկատեց. «Այսօր խոսում են, ասում են՝ ընդդիմությանը ճնշում են և հանրահավաքները արգելում են. մի նրբություն չեն արձանագրել՝ էդ մեր հանրահավաքներն էլ են արգելված նույն տրամաբանությամբ: Տեսանք ձեր արած հանրահավաքը՝ կես միլիոն դոլար ծախսում եք՝ երկու հարյուր հոգի մարդ եք կարողանում հավաքել, կեսին՝ սպառնալով, և այլն, և գալիս եք առանց դիմակների կանգնում եք, ասում եք՝ չկա կորոնավիրուս:

Հիմա թևածում է, հիմա էլ պիտի ասեն՝ իշխանությունը կորոնավիրուսը գցել է ընդդիմության ջանը, որ հիվանդանան, չկարողանան իշխանափոխություն անել: Հիմա էլ ամաչում են ասել, որ կորոնավիրուսով հիվանդացել են, ու հերթով հիվանդանում են: Այ էդ ակցիայի մասնակիցները, որոնց մենք… արգելված է: Բա որ մե՞նք արինք հանրահավաք. դուք մեզ եկել եք հանրահավաքո՞վ եք վախեցնում: Դուք եկեք մեզ փողով վախեցրեք, դուք եկեք վախեցրեք մեզ թալանելու ձեր կարողությամբ, դուք եկեք մեզ վախեցրեք ձեր կրթական ցենզով. ա՛յ, վախենալու բան է, իրոք… դուք եկել եք մեզ հանրահավաքով վախեցնում ե՞ք, այ քեզ բան, այստեղ են ասել՝ կանգնեցրեք ինքնաթիռը՝ իջնող կա»:

Տեսանյութեր

Լրահոս