ԱՄՆ-ում կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը կտրուկ սրվել է
ԱՄՆ-ում կրկին կտրուկ սրվել է կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը: Ջոն Հոփքինսի հետազոտական համալսարանի տվյալներով, վերջին մեկ օրում երկրում գրանցվել է վարակի 35 հազար 900 նոր դեպք: Գրեթե նույնքան, որքան գրանցվել էր ապրիլին համավարակի պիկի ժամանակ:
«Deutsche Welle»-ն տեղեկացնում է, որ հատկապես ծանր իրավիճակ է ստեղծվել ԱՄՆ-ի հարավում: Այդ իսկ պատճառով Նյու Յորք, Նյու Ջերսի և Կոնեկտիկուտ նահանգները մտցրել են կարանտին հարավային նահանգներից, այդ թվում՝ Ալաբամայից, Արկանզասից, Արիզոնայից, Ֆլորիդայից, Հարավային Կալորինայից, Տեխասից եկողների համար:
«Այդ շրջաններից եկողները, հատկապես այն հատվածներից, որոնք ավելի շատ են տուժել համավարակից, կարող են իրենց հետ վարակ բերել: Պետք է ճշմարտության աչքերին նայել: Հերքումը կյանքի ռազմավարություն չէ»,- ասել է Նյու Յորքի նահանգապետ Էնդրյու Կուոմոն: Եկածների կողմից կարանտինի ռեժիմը խախտելու համար նախատեսված է տուգանք 2 հազար դոլարի չափով: Կարանտինի պայմանները կրկնակի խախտելու դեպքում սահմանվել է 5 հազար ԱՄՆ դոլարի չափով տուգանք: