«Նախագիծը միտված է իրավիճակն առավել կառավարելի դարձնելու համար». Նարեկ Զեյնալյան

Առողջապահության նախարարությունը օրենսդրական փաթեթ է մշակում արտակարգ դրության պայմաններում առողջապահական համակարգի կենտրոնացված կառավարում ունենալու համար։

Ինչպես հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից, համաձայն սպասվող օրենսդրական փոփոխությունների՝ արտակարգ դրության ժամանակահատվածում կառավարությանը կտրվի լիազորություն Հայաստանի Հանրապետության բոլոր բժշկական կենտրոնների կառավարումը փոխանցելու Առողջապահության նախարարությանը՝ անկախ բուժհաստատությունների ենթակայության և սեփականության ձևից:

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանի խոսքով՝  նախագիծը դեռ Ազգային ժողով չեն բերել, այդ պատճառով էլ մանրամասներին և հիմնավորումներին ծանոթ չէ:

«Նախագիծը կբերեն՝ կհասկանաք, թե ինչ հոդվածներ են ներառված, ինչ մեխանիզմ է դրա տակ դրված, այսինքն, թե այդ ամենն ինչպես է արվելու: Դրանից հետո դիրքորոշում կարող ենք հայտնել»,- այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Նարեկ Զեյնալյանը:

Հարցին՝ որքանո՞վ էր հրատապ նման նախագծի օրակարգ բերելը,  Նարեկ Զեյնալյանը պատասխանեց, որ այսօրվա օրենքների և ենթաօրենսդրական ակտերի շրջանակներում լիարժեք հնարավոր է իրականացնել առողջապահական համակարգի լիարժեք կառավարում:

«Սա օրենսդրական այլ փաթեթ չէ, այդ նախագիծը միտված է այս իրավիճակն առավել կառավարելի դարձնելու համար: Եվս մեկ անգամ նշեմ, որ ես դեռ հիմնավորումներին ծանոթ չեմ, բայց նպատակը պարզ է՝ կորոնավիրուսային իրավիճակում առավել կառավարելի դարձնել առողջապահական համակարգը, որպեսզի այն մեկ կենտրոնից կառավարվի: Սակայն այստեղ ամեն ինչ կախված է մեխանիզմներից, թե ինչպիսի մեխանիզմ է դրա տակ դրված, ինչպես է այն իրականացվելու, որքան ժամանակ է անհրաժեշտ, և այլն»,- հավելեց պատգամավորը:

Անդրադառնալով «Բարգավաճ Հայաստան» խմբակցության նախաձեռնությանը, ըստ որի՝ ցանկանում է ստեղծել ԱԺ քննիչ հանձնաժողով, որպեսզի ուսումնասիրեն կորոնավիրուսի դեմ տարվող աշխատանքները, Նարեկ Զեյնալյանն ասաց, որ այս պահին քննիչ հանձնաժողով ստեղծելու ժամանակը չէ, այլ գործելու ժամանակն է, հետևաբար, երբ ամեն ինչ ավարտվի, ըստ նրա՝ եթե նպատակահարմար գտնեն, կարող են իրենք էլ ստեղծել:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս