Մտահոգությունը որևէ հիմք չունի. Գոռ Աբրահամյանը՝ «Հրապարակի» հոդվածի վերաբերյալ «Մեդիա պաշտպանի» հայտարարության մասին
ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
««Մեդիա պաշտպան» հասարակական նախաձեռնությունն այսօր, հղում կատարելով «Հրապարակ» թերթում «Անցան լրագրողներին» վերտառությամբ հրապարակմանը, որտեղ քրեական ոստիկանությունից ստացված ինչ-որ զանգի վկայակոչմամբ նշվել է, թե դատախազը հրահանգել է «ուսումնասիրել «Հրապարակի» հեղինակ Էդիկ Անդրեասյանի «Բռնապետիկն ու մենք» հոդվածում առկա հանգամանքները և լուծել հեղինակին քրեաիրավական պատասխանատվության ենթարկելու հարցը», շտապել է իր մտահոգությունը հայտնել, իբր, այլակարծությունը Հայաստանում արդեն քրեական գործերով դատապարտվելու կապակցությամբ։
Ուզում եմ հստակ նշել, որ նշվածը չի համապատասխանում իրականությանը, մտահոգությունը որևէ հիմք չունի և հետապնդում է այդ հրապարակման շուրջ անհարկի աժիոտաժ հարուցելու նպատակ:
Իսկ իրականությունն այն է, որ ՀՀ աշխատանքի և սոցալական հարցերի նախարարից ստացված գրության հիման վրա ՀՀ գլխավոր դատախազությունից ՀՀ Ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչությանը գրությամբ բառացիորեն հանձնարարվել է «Հրապարակ» թերթում տպագրված վերոնշյալ հրապարակման մեջ նշված տեղեկություններում առերևույթ հանցագործության հատկանիշների և ըստ այդմ քրեական գործ հարուցելու հիմքերի առկայությունն ստուգելու նպատակով իրականացնել օպերատիվ միջոցառումներ, և այդպիսիք հայտնաբերվելու դեպքում ՀՀ քրեական դատավարության 180-181-րդ հոդվածներով սահմանված կարգով նախապատրաստել նյութեր:
Այսինքն հոդվածի հեղինակին քրեական պատասխանատվության ենթարկելու հարցը լուծելու հանձնարարություն չի տրվել և չէր կարող տրվել, քանի որ ուղղակի անհեթեթություն և մասնագիտական անգրագիտություն է հանցագործության հատկանիշների ստուգման փուլում որևէ մեկի քրեական պատասխանատվության հարցի առաջադրումն ընդհանրապես:
Իսկ ստուգողական գործողություններ իրականացնելու հանձնարարությունը պայմանավորված է հոդվածում նշված այն տեղեկատվության ստուգմամբ, համաձայն որի՝ ՀՀ վարչապետը «…իմքայլական սոցապնախարարի հետ սերտ համագործակցությամբ յուրացրել է մեր ամենակարիքավոր քաղաքացիների նպաստներից…»:
Ո՛չ առաջին և ո՛չ էլ, վստահաբար, վերջին օրինակն է, երբ որևէ լրատվամիջոցի որևէ հրապարակման կապակցությամբ ՀՀ դատախազության կողմից հետաքննության մարմնին տրվում է դրանում հանցագործության առերևույթ հատկանիշների առկայությունն ստուգելու հանձնարարություն»,- գրել է Աբրահամյանը:
«Մեդիա պաշտպան» հասարակական նախաձեռնությունն այսօր, հղում կատարելով «Հրապարակ» թերթում «Անցան լրագրողներին»…
Gepostet von Gor Abrahamyan am Donnerstag, 25. Juni 2020