Ոստիկանությունը 1 օրում Երևանի բակերում դիմակ չկրելու համար 397 արձանագրություն է կազմել. ոստիկանապետ

Կառավարության նիստի մեկնարկից առաջ ոստիկանապետ Վահե Ղազարյանը հայտնեց, որ այսօր կորոնավիրուսի տարածման հիմնական խնդիրն առկա է բակերում, ու այժմ շեշտը դրել են բակերում ուժեղացված ծառայություն իրականացնելու վրա:

«2020 թվականի հունիսի 24-ին արձանագրվել է 1707 վարչական արձանագրություն, որից Երևան քաղաքում արձանագրվել է՝ 939, բակերում դիմակ չկրելու՝ 397 վարչական արձանագրություն: Ոստիկանության ծառայողների կողմից ծառայություն է իրականացվել 397 երթուղիներում»,- վարչապետին զեկուցեց ՀՀ ոստիկանության պետ Վահե Ղազարյանը:

Ոստիկանապետը նաև տեղեկացրեց, որ այսօր ծառայությունն իրականացնելու համար այլ գերատեսչությունից ներգրավված է 433 աշխատակից, համագործակցությունը նորմալ է, խնդիրներ չկան:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ հայտնեց, որ հատկապես երեկոյան ժամերին է պետք ուշադրություն դարձնել բակային տարածքներին: Ըստ Նիկոլ Փաշինյանի՝ վարչական մեթոդները գործի դնելը կարևոր է, բայց ավելի կարևոր է վարքագծային փոփոխությունը:

«Էս առումով կարծում եմ, որ տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչները և ընդհանրապես պետական մարմինների ներկայացուցիչները, կամավորները պետք ա շատ մեծ աշխատանք կատարեն, որովհետև էլի ասում եմ՝ խնդիրը սահմանված կանոնների պահպանման մեջ է: Դրանում մենք համոզված ենք: Դրանում մենք համոզվել ենք փորձագետների հետ քննարկումներում, միջազգային կազմակերպությունների հետ քննարկումների, այլ երկրների փորձը հաշվի առնելու արդյունքում»,- ասաց Նիկոլ Փաշինյանը՝ կրկին քաղաքացիներին կոչ անելով պահպանել հակահամաճարակային կանոնները, հակառակ դեպքում, ըստ վարչապետի, բոլոր ուղղություններով խորանալու են խնդիրները:

Փաշինյանը հավելեց, որ վարչական մեթոդները պետք է գործի դնեն, միևնույն ժամանակ՝ ընդգծելով, որ կառավարության նպատակը մարդկանց չտուգանելն է՝ պայմանով, որ բոլորը կպահպանեն հակահամաճարակային կանոնները:

Տեսանյութեր

Լրահոս