Ինչի՞ վրա է կառավարության հույսը։ Գուցե վարկերի՞
Երբ երկրի առջև կանգնած մարտահրավերներն օրեցօր ավելանում են, ժողովրդի սոցիալական վիճակը սարսափելի արագությամբ վատանում է, իսկ տնտեսությունը՝ գահավիժում, թվում է, թե իշխանություններն այլ բան չպիտի ունենային անելու, քան օր ու գիշեր աշխատելու՝ այդ դրությունից երկիրը հնարավորինս քիչ կորուստներով դուրս բերելու համար։
Բայց ի՞նչ են անում նրանք. ժողովրդի հոգսերը մի կողմ թողած՝ ամբողջ թափով լծվել են ամեն գնով իրենց քաղաքական հակառակորդների նկատմամբ հաշվեհարդար տեսնելու գործին։ Ժողովրդի ձայնն այլևս լսող չկա։ Ժողովրդի իշխանությունն այլևս միայն ժողովրդի ընտրյալներինն է, ովքեր տաքուկ տեղավորվել են իրենց փափուկ բազկաթոռների մեջ և մտածում են ոչ թե՝ ժողովրդի հոգսերը հոգալու, այլ՝ սեփական իշխանությունն ամրապնդելու մասին։ Կարևոր չէ, որ ժողովրդի մի ստվար հատված այսօր հացի խնդիր ունի, և այդ խնդիրը գնալով խորանում է։
Իշխանությունները մոռանում են, որ այս վիճակի պատասխանատուն իրենք են։ Ու երբ մարդիկ դժգոհում են՝ բավարար հիմքեր ունեն դրա համար։
Համավարակը ցույց տվեց ճգնաժամի պայմաններում երկիրը կառավարելու՝ իշխանությունների անկարողությունը։ Նախկինում մի բան չէ, հիմա ավելի է խառնվել։ Երկիրը գլորվում է անդունդը, ու դա չի կարող չանհանգստացնել։
Իշխանությունն իր անկարողությամբ՝ հողին հավասարեցրեց «հեղափոխության» հետ կապված ժողովրդի հույսերը։ Հիմա ամեն ինչ հակառակ ուղղությամբ է գնում։ Այնինչ մարդկանց խոստանում էին, որ լավ են ապրելու, որ աշխատանք են ունենալու, որ բարձր աշխատավարձ են ստանալու։
Իսկ ի՞նչ ունենք հիմա։ Սոցիալական իրավիճակը երկրում օր օրի լարվում է։ Մարդիկ կորցնում են իրենց եկամուտները։ Եղած աշխատատեղերն էլ փակվում են։
Հիշո՞ւմ եք, թե ժամանակին Նիկոլ Փաշինյանն ինչպես էր հպարտանում աշխատատեղերի ցուցանիշներով։ Տասնյակ-հազարների մասին էր խոսում։ Կարևոր չէ, որ այդ աշխատատեղերը ստեղծվել էին նախկինների օրոք և դուրս էին գալիս ստվերից։ Իսկ հիմա ինչո՞ւ ոչինչ չի ասում, ինչո՞ւ չի խոսում այն մասին, որ մարդիկ կորցնում են իրենց աշխատանքը, որ տասնյակ-հազարներով աշխատատեղեր են փակվում։ Շատերն էլ, եթե նույնիսկ դեռ չեն կորցրել իրենց աշխատանքը՝ կորցրել են աշխատավարձը։
Իրավիճակն աշխատաշուկայում մտահոգիչ է։ Հայաստանի Ամերիկյան համալսարանի հարցումներով աշխատողների շուրջ 20 տոկոսը մայիսին ունեցել է աշխատատեղի կորուստ կամ գտնվել է հարկադիր պարապուրդում։ Շուրջ 40 տոկոսի դեպքում առկա է աշխատավարձերի կամ եկամուտների նվազում։
Ժողովրդին գործազրկության նվազում և աղքատության կրճատում էին խոստանում։ Մինչդեռ, գործազրկությունն ավելանում է, իսկ աղքատությունը խորանում։ Ոչ միայն վերադառնում ենք նախկին ցուցանիշներին, այլև մի բան էլ անցնում ենք։
Ահա սա է, որ այս պահին պիտի առաջին հերթին անհանգստացներ իշխանություններին։ Բայց այդպիսի նշույլ անգամ նրանց գործողություններում չկա։ Վարչապետը ստանձնել է գլխավոր հակահամաճարակաբանի ֆունկցիան և ամբողջ օրը դիմակներից ու ձեռքերը լվանալուց է խոսում։ Տնտեսությամբ ու ժողովրդի հոգսերով զբաղվող չկա։ Ամեն ինչ մնացել է ինքնահոսի։ 25 կամ նույնիսկ 50 հազար դրամի օժանդակություն տրամադրեցին և համարեցին, որ բոլոր խնդիրները լուծեցին։ Ահա սա է եղել կառավարության աշխատանքը։ Ինչ-որ զարգացման ծրագրերից էին խոսում, որոնք այդպես էլ չեն երևում։
Իսկ մարդիկ հույս ունեին, որ Նիկոլ Փաշինյանը գալու է ու ժողովրդի վիճակը լավացնի, երկիրը զարգացնի, ներդրումներով ողողի տնտեսությունը։ Բայց ի՞նչ եղավ. եղավ այն, որ այսօր Հայաստանի տնտեսությունն իսպառ զրկված է ներդրումներից։ Դրսից ներդրումներ չկան ու առաջիկայում չեն էլ լինելու։ Իսկ ներսում չկա վստահություն վաղվա օրվա նկատմամբ։ Ներսում հսկայական կապիտալ կա, բայց այն պատրաստ չէ վերածվել ներդրումների։ Իշխանություններն ամեն ինչ անում են, որպեսզի ներդրումային կապիտալը հեռու մնա տնտեսությունից։ Մինչդեռ, առանց ներդրումների դժվար է պատկերացնել, թե ինչպես պիտի տնտեսությունը դուրս գա այս ճգնաժամից։
Ինչի՞ վրա է կառավարության հույսը։ Գուցե վարկերի՞։
Սկսվել է պետական պարտքի մեծացման գործընթացը։ Այն դեպքում, երբ ժողովրդին խոստանում էին, որ պարտքերը նվազեցնելու են։
Սպասվում է, որ միայն այս տարի պարտքը կավելանա առնվազն 800-900 մլն դոլարով։ Միայն 500 միլիոնը կլինի բյուջեի աջակցություն։ Դա վարկային միջոցների իրացման, թերևս, վատագույն տարբերակն է, որի ավելացված արժեքն ամենացածրն է։ Այդ գումարները ներգրավվում են բյուջեի ծախսերը կատարելու, թոշակ և աշխատավարձ վճարելու համար։
Այլևս պետք է մոռանալ, որ առաջիկա մի քանի տարիներին կարող է թոշակ կամ նպաստ ավելանալ։ Իսկ մարդիկ ժամանակին ինչպիսի հույսեր էին փայփայում։
Այս ընթացքում թոշակները բարձրացել են ընդամենը 3-3,5 հազար դրամով։ Մինչդեռ այդ ընթացքում պետական պաշտոնյաներին լի ու բոլ պարգևավճարներ են բաժանել։ Նրանց համար բյուջեում փող կար, իսկ կենսաթոշակառուների ու սոցիալական մյուս խոցելի խավերի համար չկար։
Տնտեսական հեղափոխություն էին խոստանում, այնինչ տնտեսությունը հայտնվել է ճգնաժամի մեջ։
Ճիշտ է, դրա համար կան նաև օբյեկտիվ պատճառներ, բայց այնպես չէ, որ այս ամենը միայն օբյեկտիվ պատճառների հետևանքն է։ Իշխանություններն իրենց գործողություններով ամեն օր խորացնում են տնտեսական ճգնաժամը։ Փոխարենը՝ քայլեր անելու տնտեսությունն այդ վիճակից հանելու համար։
Սա չէ, որ ժամանակին խոստանում էին ժողովրդին, և սրա համար չէր, որ ժողովուրդը Նիկոլ Փաշինյանին վարչապետ էր կարգում։ Մարդիկ հույս ունեին, որ իրականանալու են իրենց տրված խոստումները, որ այսուհետ լավ են ապրելու, որ լուծվելու է աշխատատեղերի խնդիրը, վերանալու է գործազրկությունը, կրճատվելու է աղքատությունը։ Որ հանվելու են տեսախցիկներն ու արագաչափերը, որ Երևանի փողոցներից մաքրվելու են կարմիր գծերը, որ «նոր Հայաստանում» մարդիկ այլևս չեն լինելու «տուգանքի մատերիալ»։
Բայց ո՞ւր է հիմա այդ ամենը։
Հիմա այդ ամենը դարձել է հեռավոր հուշ՝ մնացած «հեղափոխության» օրերից։ Հիմա իշխանություններն այլ խնդիրներ ունեն։ Իսկ խոստումները վաղուց արդեն անցել են պատմության գիրկը։
ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ