Կոնֆորմի՞զմ, թե՞ մասնագիտական համերաշխություն

«Լրատվամիջոցների ղեկավարները պետք է խուսափեն, առանց ակնհայտ անհրաժեշտության, իրենց լրագրողներին ուղարկել այնպիսի վայրեր, որտեղ այդ կարգի վտանգավոր կուտակումներ կարող են լինել»:
ԵՄԱ նախագահ Բորիս Նավասարդյան

Բազմիցս լսել ու կարդացել ենք այն արտահայտությունը, թե լրագրությունը երկրորդ ամենավտանգավոր մասնագիտությունն է։ Ըստ որում, տարօրինակ է, որ առաջին «վտանգավորները» հաճախ փոխվում են՝ փորձարկող օդաչուներ, հանքափորներ և այլն, իսկ երկրորդ «պատվավոր» տեղը միշտ լրագրողներինն է։ Եվ, իրոք, «Լրագրողներ առանց սահմանների կազմակերպության» տվյալներով՝ միայն 2020 թվականին աշխարհում սպանվել է 15 լրագրող, ազատազրկվել՝ 237-ը։ Ու չնայած դրան, լրագրողները շարունակում են հայտնվել ամենառիսկային գոտիներում, վտանգում են առողջությունը, ազատությունը, հաճախ նաև կյանքը՝ կատարելով իրենց առաքելությունը՝ հանրությանը տեղեկացնել ու իրազեկել տեղի ունեցող իրադարձությունների, հակամարտությունների, մարդու իրավունքների խախտման և այլ երևույթների մասին։

Պատճառն այն չէ, թե նրանք «արկածներ որոնողներ» են կամ ադրենալինի կտրուկ պահանջ ունեն, այլ այն, որ իսկական լրագրողը լավ է գիտակցում իր առաքելության նպատակն ու նշանակությունը, հասկանում, որ առանց չորրորդ իշխանության, ինչպես անվանում են մեդիան, չեն կարող լիարժեք գործել առաջին երեք իշխանությունները, և չի կարող լինել իրական ժողովրդավարություն ու առաջընթաց։ Հասկանում են, որ կարող են «հրմշտվել» և նույնիսկ հարվածներ ստանալ, կարող են հանիրավի «բերման ենթարկվել» ու կալանավորվել, գիտակցում են, որ վտանգում են առողջությունն ու անգամ կյանքը, բայց մարտի են նետվում, որովհետև իրենց մի պարզ հարց են տալիս՝ եթե ոչ՝ դու, ապա՝ ո՞վ։

Համոզված եմ, որ 1988-ին խորհրդային տարիների լրատվամիջոցների ղեկավարներն էլ վստահ էին, թե հանրահավաքները լուսաբանելու ակնհայտ անհրաժեշտություն չկա, ու երբ հարյուր-հազարավոր մարդիկ պայքարում էին իրենց իրավունքների, ազատության ու անկախության համար, լրատվամիջոցները հրճվանքով գրում էին, թե՝ այսինչ գյուղում մշակույթի տան տանիքն է նորոգվել, փառք ՍՄԿԿ։ Երբ 1989-ին Հայաստանում պարետային ժամ էր հայտարարված, նույն այդ լրատվամիջոցների ղեկավարները խուսափում էին, ավելի ճիշտ, արգելում էին իրենց լրագրողներին այցելել այնպիսի վայրեր, որտեղ վտանգավոր կուտակումներ կարող են լինել, բայց միևնույն է՝ նվիրյալ լրագրողները, ռիսկի դիմելով, գնում էին սեփական աչքերով տեսնելու և արձանագրելու, թե ինչ է կատարվում։

Արցախյան պատերազմի տարիներին զենքը, գրիչը կամ տեսախցիկը ձեռքներին՝ բազմաթիվ լրագրողներ գնում էին առաջնագիծ՝ կատարելու իրենց մասնագիտական առաքելությունը։ Ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ  լրատվամիջոցների ղեկավարները չէին խուսափում իրենց լրագրողներին ուղարկել Արցախ։ Եվ ընդհանրապես՝ աշխարհի բոլոր թեժ կետերից, վտանգավոր վայրերից  պատմություններ պատմում, բացահայտումներ անում  են հենց լրագրողները։

Իսկ լրագրողների այս վտանգավոր գործունեության շնորհիվ որքան անօրինականություններ են շտկվել, որքան ապօրինի ձերբակալվածներ են ազատվել, որքան հանցագործներ են արժանի պատիժը ստացել․․․ հաշվե՞լ եք։

Այո, լրագրողի մասնագիտությունը վտանգավոր է, ու մենք պետք է ամեն ինչ անենք այդ վտանգը մեղմելու համար։ Շատ երկրներում այդ հարցը լուծվում է մասնագիտական համերաշխության շնորհիվ։ Ու դա չի վերաբերում միայն լրագրողներին։

Եթե, օրինակ, ոստիկան է սպանվում, ապա ողջ ոստիկանական համակարգն իր պարտքն է համարում գտնել ու պատժել հանցագործին, ու դրա համար էլ կազմակերպված հանցագործների շատ ու շատ խմբավորումներ պարզապես սարսափում են նրանց հետ կոնֆլիկտից՝ հասկանալով, որ ողջ համակարգը 24-ժամյա ռեժիմով կաշխատի իրենց դեմ։ Ու եթե մեր լրագրողներն ու լրատվական կազմակերպություններն էլ կոնֆորմիստական խորհուրդ-ցուցումների փոխարեն՝ նման համերաշխություն ցուցաբերեն, եթե որևէ լրագրողի հանդեպ ցանկացած ճնշում ու ապօրինի հալածանք համարեն անձնական վտանգ, եթե համախմբված պայքարեն դրա դեմ, ապա լրագրողների հանդեպ հալածանքներն ու ճնշումները միանշանակ կնվազեն, ու կնվազի նաև մասնագիտական վտանգը։

Տեսանյութեր

Լրահոս