Ռադիոկապի ձայնագրությունը ոչնչացրել են, մարդուն գուցե ասել են` արագացրու. Րաֆֆի Ասլանյան

Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյան կողմից վրաերթի ենթարկված Սոնա Մնացականյանի և նրա չծնված երեխայի գործով Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը մեղադրյալ Արամ Նավասարդյանի վերաբերյալ մեղադրական վերդիկտ կայացրեց։

«Այս պահին դատարանը լուծել է միայն մեղավորության հարցը, ինչից տուժող կողմը գոհ է այն իմաստով, որ դատարանի կողմից կայացված վերդիկտը բխում է գործով հավաքված և դատարանում հետազոտված ապացույցների ծավալից»,- դատարանի բակում լրագրողների հետ զրույցում նշեց տուժող կողմի փաստաբան Րաֆֆի Ասլանյանը։

Փաստաբանը տեղեկացրեց՝ հաջորդիվ արդեն լրացուցիչ դատալսումների փուլում դատարանն անդրադառնալու է պատժի հարցին։

«Բնականաբար, 244-րդ հոդվածով պատիժ չի նշանակելու, որովհետև 2022թ․ հուլիսի 1-ից ուժի մեջ մտած Քրեական օրենսգրքով ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը լքելն այլևս հանցագործություն չէ։ Այսինքն, տվյալ հանրորեն վտանգավոր արարքն ապաքրեականացված է, հետևաբար՝ այդ հիմքով պատիժ չի նշանակի դատարանը, իսկ 242-րդ հոդվածի երկրորդ մասով, բնականաբար, նշանակելու է պատիժ։

Կարդացեք նաև

Ըստ տվյալ պահին գործող Քրեական օրենսգրքի՝ նշված արարքի համար նախատեսված էր ազատազրկում մինչև 5 տարի ժամկետով։ Նոր ՔՕ-ում ազատազրկումը 2-5 տարի ժամկետով է, բայց հաշվի առնելով, որ անձի վիճակը վատթարացնող է, բնականաբար, տվյալ դեպքում կիրառելի է նախկին քրեական օրենսգիրքը»,- մանրամասնեց նա։

Դիտարկմանը, թե ամբաստանյալը մինչև օրս պնդում է, որ անմեղ է, որ ինքը արագությունը չի գերազանցել, Րաֆֆի Ասլանյանն արձագանքեց.

«Ամբաստանյալը և ամբաստանյալի պաշտպաններն օրենքով չարգելված բոլոր միջոցներով պաշտպանվելու իրավունք ունեն, հետևաբար՝ իրենց մեղադրանքը վիճարկելը բխում է իրենց քրեադատավարական իրավունքից։ Բայց երբ այդ կողմը դա վերածում է արդեն իրավական շանտաժի… պաշտպան Բալոյանը երեկ ասում էր, որ Սոնա Մնացականյանը գուցե քաղաքական հայացքներով պայմանավորված՝ դիտավորյալ չի զիջել և դիտավորյալ հատել է ճանապարհը, կամ դիտավորյալ հետքայլ է կատարել, այսինքն՝ երբ փորձում են տուժող անձին ինքնասպանություն վերագրել, սա արդեն, ես կարծում եմ, որ իրավունքի տիրույթում, այնուամենայնիվ, չի տեղավորվում։ Որքան էլ կողմն ազատ պաշտպանվելու հնարավորություն ունի, պետք է այդ սահմանները պահպանի»։

Անդրադառնալով փորձաքննության ընթացքում փորձագետների կողմից տեսանյութից կադր հանելու և այդպիսով արագությունն արհեստականորեն մեծացնելու մասին հարցին՝ Րաֆֆի Ասլանյանը պատասխանեց․

«Դա, ինչպես պաշտպանության կողմն է պնդում, կուլ տված կադր չի։ Առաջինն անշարժ կադրն է, հաջորդ կադրերը շարժական կադրեր են։ Այսինքն՝ երբ փորձագետը պնդում է, որ առաջին կադրում ցույց եմ տվել ավտոմեքենայի տվյալ պահի անշարժ դիրքը, հաջորդ երկու կադրերում շարժ է, և սա հաշվել են վայրկյան, իսկ պաշտպանների պնդմամբ՝ առաջին կադրը ևս պետք է վայրկյանների մեջ հաշվարկվեր։

Եվ սա էր խնդիրը, որ փորձագետն ասում էր՝ դա զրոյական կադր է, լավ, վերջապես ես որտե՞ղ վերցնեմ ավտոմեքենայի ստատիկ դիրքը։ Ասում է՝ եթե դուք ստատիկ դիրքը փորձում եք հաշվել վայրկյանի ծավալում, արհեստականորեն արագություն է նվազում։

Առաջին կադրում մեքենան կանգնած է, երկրորդ կադրում շարժվում է, երրորդում շարժվում է, այսինքն՝ դա տևում է մեկ վայրկյան։ Հիմա պաշտպան Բալոյանն ասում է, չէ՛, մեկ վայրկյանում տեղավորեք երեք կադր։

Բայց եթե նույնիսկ ակնադիտական եղանակով նայում ենք, բոլորս, ովքեր վարորդ են, նույնիսկ ոչ վարորդները, տեսնում են, որ այդտեղ 72 արագություն չի, դա 108 արագությունից ավելին է։ Ընդ որում, փորձագետն ի՞նչ է նշել․ դա նվազագույն արագություն է, խաչմերուկը մուտք գործելու պահին արգելակման պայմաններում է 108, և, ակնհայտ է, որ այդ ավտոմեքենան առնվազն մինչև խաչմերուկ մուտք գործելը 120-130 արագությամբ է եղել»։

Սոնա Մնացականյանի գործով տուժող կողմի պաշտպան Րաֆֆի Ասլանյանը վերստին արձագանքելով Նիկոլ Փաշինյանի՝ այս գործին առնչվող աղմկահարույց մեկնաբանությանը, թե դա իր ավտոշարասյունը չէ, այլ վարչապետի, շեշտեց․

«Նիկոլ Փաշինյանի խոսքի արժանահավատության ստուգման համար նախ պարտավոր են ներկայացնել ավտոմեքենաների մեջ գործող ռադիոկապի ձայնագրությունը, որը ոչնչացվել է, և ես նույնիսկ մտածում եմ, որ ոչ թե ոչնչացվել է, այլ պահվում է դիտավորյալ կերպով։

Այդտեղ կա մի հանգամանք, որը խնայողաբար թաքցվում է։ Տեսեք՝ պաշտպանն ինչ է ակնարկում, որ արագության պատասխանատուն Արամ Նավասարդյանը չէ, այսինքն՝ մարդուն գուցե ասել են՝ արագացրու։ Եվ պաշտպանական եզրափակիչ ելույթները եթե լսում ենք, տպավորություն է, որ Արամ Նավասարդյանը քավության նոխազ է դարձել շարասյան ղեկավար կազմի մոտ․ եթե այդպես է, պաշտպանական կողմն ու Արամ Նավասարդյանը թող ցուցմունք տան»։

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս