Բաժիններ՝

Եկատերինբուրգի ադրբեջանական սփյուռքի ղեկավարին հետախուզում են հայտարարել

Եկատերինբուրգի ադրբեջանական սփյուռքի ղեկավար Շահին Շիխլինսկիին հետախուզում են հայտարարել քրեական հոդվածով։

Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով ՌԴ ներքին գործերի նախարարության տարածաշրջանի Գլխավոր վարչության բազան:

«Հետախուզման համար հիմնավորումը. հետախուզվում է Քրեական օրենսգրքի հոդվածով», – ասվում է նյութերում:

Հուլիսի 1-ին Շիխլինսկին և նրա որդին ձերբակալվել էին, այնուհետև հարցաքննությունից հետո ազատ արձակվել։ Այնուհետև հուլիսի 16-ին հայտնի դարձավ, որ Եկատերինբուրգում ադրբեջանական սփյուռքի ղեկավարի որդին՝ Մուտվալա Շիխլինսկին, ձերբակալվել է պետական պաշտոնյայի նկատմամբ բռնության գործով: Նրա կալանքը մնում է ուժի մեջ։ 

Ավելի վաղ, Ռուսաստանի Դաշնության Սվերդլովսկի մարզի քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը հայտնել էր, որ Եկատերինբուրգում կասեցվել է էթնիկ խմբավորման գործունեությունը, որն, ըստ քննիչների, ներգրավված է եղել 2001, 2010 և 2011 թվականներին տեղի ունեցած մի շարք սպանությունների մեջ:

Ձերբակալվածներից երկուսը մահացել են։ Ադրբեջանը դատապարտել է տեղի ունեցածը՝ դա անվանելով սպանություն, և բողոք է հայտնել ՌԴ անվտանգության ուժերի գործողությունների դեմ, իսկ Ռուսաստանի հետ մշակութային և որոշ այլ միջոցառումներ չեղարկվել են։ Բացի այդ, Բաքվում կալանավորվել են «Sputnik Ադրբեջան» գործակալության ղեկավարը և գլխավոր խմբագիրը, ինչպես նաև ՌԴ մի շարք այլ քաղաքացիներ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս