
«Մարդկանց երևի ձեռք չի տալիս, որ Սևակ Աբրահամյանի գործով դատական նիստը դռնբաց լինի»․ փաստաբան

Դատավոր Արտուշ Գաբրիելյանի կալանավորումից հետո Մատաղիսի զորամասի հրամանատար Սևակ Աբրահամյանի գործով մայիսի 2-ից հետո դատական որևէ նիստ տեղի չի ունեցել։ Ըստ Դատալեքսի, վերջին նիստը տեղի է ունեցել մայիսի 2-ին։
Տպավորություն է, որ 2020 թվականի 44-օրյա պատերազմին առնչվող ռազմական քրեական գործերին սկզբում հնչեղություն է հաղորդվում, բայց հետո դրանց նախաքննությունները կամ դատաքննությունները ձգձգվում են, նիստերն ուշ-ուշ հրավիրվում։ Մատաղիսի զորամասի գործը, արդեն երկու տարուց ավելի է՝ դատարանում է։
«Հնչեղություն ստանում են, որովհետև շոու են անում, ինչ-որ մեկն ուզում է ինչ-որ բան ապացուցել, և դատարկ գործերն ուղարկում են դատարան՝ առանց հիմնավոր մեղադրանքի։ Մարդկանց ճակատագրերը խեղում են, 700 ալիքով ցույց տալիս, թե՝ տեսեք․․․»,- 168.am-ի հետ զրույցում նշեց գնդապետի փաստաբան Արման Թամրազյանը։
Նշենք, որ սկզբում որոշվել էր Մատաղիսի հրամանատարի գործով դատական նիստերը դռնբաց անցկացնել, և առաջին նիստը դռնբաց արվեց, հետո, սակայն, անցան փակ ռեժիմի։
«Մեզ անձամբ ձեռնտու էր դռնբաց դատական նիստը, որ հանրությունն իմանար՝ ինչի մասին է այս գործը։ Մարդկանց սա երևի ձեռք չի տալիս»,- ասաց փաստաբանը։
Ինչ վերաբերում է վկաներին, ապա Մատաղիսի զորամասի հրամանատարի գործով հարցաքննվել է ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանը, ավելի ուշ՝ նաև ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանը և այլոք։
«Մոտ 8-9 հոգի հարցաքննվել է, բայց այս առումով դեռ մեծ անելիք կա, որովհետև 51 վկա են դատակոչել»,- տեղեկացրեց Սևակ Աբրահամյանի պաշտպանը։
Հիշեցնենք, որ 2022թ. Քննչական կոմիտեն հաղորդագրություն էր տարածել, որտեղ մասնավորապես նշվում էր, որ Աբրահամյանը պատերազմից մեկ օր առաջ՝ 2020 թվականի սեպտեմբերի 26-ին, զորամասի սպայական կազմի հիմնական մասի և իր կողմից հրավիրված այլ հյուրերի` պաշտպանության բանակի շուրջ 100 սպաների մասնակցությամբ կազմակերպել և անցկացրել է զորամասի կազմավորման օրվան նվիրված խնջույք-հացկերույթ, որի ընթացքում մարտական հերթապահությունում ընդգրկված ենթակա ստորաբաժանումների հրամանատարներից ստացել է առաջնագծում և հակառակորդի թիկունքում ուժերի և միջոցների տեղաշարժերի ու կուտակումների, մարտական գործողությունների անցման վտանգի կտրուկ բարձրացման վերաբերյալ զեկույցներ։
Բայց, ըստ ՔԿ-ի, ի պաշտոնե պարտավոր լինելով որոշում ընդունել զորամասի ամբողջ անձնակազմը և միջոցները լրիվ մարտական պատրաստականության աստիճանի բերելու, պաշտպանության անցնելով մարտական դիրքերը համալրելու և այդ կերպ հակառակորդի հանկարծակի հարձակումը բացահայտելու, կանխելու, դիմագրավելու և այդ մասին առաջին իսկ հնարավորության դեպքում անմիջական պետին զեկուցելու համար, Մատաղիսի զորամասի հրամանատար Սևակ Աբրահամյանը որևէ միջոց չի ձեռնարկել այդ ուղղությամբ:
Մենք տեղեկացրել ենք, որ Ջալալ Հարությունյանը 2020թ. սեպտեմբերի 26-ին կազմակերպված խնջույքի մասին տեղեկացված և հրավիրված է եղել, սակայն չի մասնակցել:
Բացի այս, հայտնել ենք նաև, թե դեռևս 2020-ի սեպտեմբերի 23-ից ինչ կարգադրություններ է արձակել Օնիկ Գասպարյանը, որոնց վերաբերյալ մեկ այլ առիթով Սևակ Աբրահամյանի փաստաբան Արման Թամրազյանը մեզ հետ զրույցում պնդել էր, որ Օնիկ Գասպարյանի կարգադրությունների բոլոր կետերը կատարված են եղել։
Իրենց հերթին ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանը և 10-րդ ԼՀԴ նախկին հրամանատար Կարեն Շաքարյանը, ըստ Դատալեքսի, իրենց ցուցմունքներում վստահեցրել են, որ՝ «եթե անգամ Սևակ Աբրահամյանը թույլ է տվել մարտական հերթապահություն կրելու կանոնների խախտումներ, ապա դրանք չեն առաջացրել ծանր հետևանքներ»։