Էդ ի՞նչ խոսելու ձև է. Նիկոլ Փաշինյանը՝ Տիգրան Ուրիխանյանին հարցից հետո նկատողություն արեց
ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանն այսօր Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հարց ուղղեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Սակայն մինչև հարցը հնչեցնելը՝ հայտարարեց, որ մի պահ «պաուզա» է տալու, որպեսզի հրճվանքը թևակոխի դահլիճ:
«Միշտ մտածում էի, որ Ձեր իշխանության օրոք և պայմաններում չի կարող լինել իրավիճակ, երբ որևէ պետական կառույցի պարտավորություն քաղաքացու նկատմամբ չիրականացվի: Առավել ևս, որ որևէ պետական կառույցի պարտավորություն չիրականացվի, քաղաքացին դիմի դատարան, կառույցը բողոքարկի, բայց պարտվի: Հետո քաղաքացին դիմի հաջորդ ատյան, բողոքարկի՝ կրկին պարտվի, և այդպես՝ մի քանի անգամ: Հետո վճիռ հրապարակվի, որ կառույցն իր պարտավորությունը պետք է կատարի, բայց կրկին տեղի չունենա: Այս տարվա հունվարի 22-ին կայացվել է վերջնական վճիռ, որով Պաշտպանության նախարարությունը պարտավորվել է սոցիալական շարժման համահիմնադիր և պահեստազորի սպաների շահերի պաշտպանությունը համակարգող, պահեստազորի մայոր Ցոլակ Խաչատրյանին փոխհատուցել իրեն օրինական կարգով հասանելի չվճարված արձակուրդայիները: Մինչև օրս չի կատարվել եռաստիճան դատական վճիռը»,- նշեց Տիգրան Ուրիխանյանը:
Այնուհետև կիսահեգնական տոնով ասաց. «Այստե՞ղ է իմ սիրելի պաշտպանության նախարարը, այստեղ չէ»:
Հարցին պատասխանեց Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը:
Նա նշեց, որ բուն դատական վարույթին ծանոթ չէ, կծանոթանա, կհասկանա՝ ինչ խնդիր է:
«Ինձ Պաշտպանության փոխնախարարը հուշեց, որ կա Կառավարության որոշման նախագիծ՝ վերաբաշխում կատարելու վերաբերյալ: Կարծես թե այդ խնդիրը լուծվում է, մնացած մասով կուսումնասիրենք՝ կտեղեկացնենք»,- ասաց Ռ. Բադասյանը:
Տիգրան Ուրիխանյանը նույն հեգնական տոնով արձագանքեց. «Ճի՞շտ որոշում էր՝ Արդարադատության նախարարին բերել ու պատասխանել, մինչև օրս ինչն է քննարկվում՝ տվեք այդ մարդու փողերը: Ավելին՝ պարոն վարչապետ, բա չե՞ք իմացել, որ Պաշտպանության նախարարը ինձ ու Ձեզ դատի է տվել….. »:
Եվ վաչապետ Նիկոլ Փաշինյանը տեղից ընդհատելով պատգամավորին՝ արձագանքեց .«Էդ ինչ խոսելու ձև է»: