«Այդ դեպքը բացահայտվել է մեր Կառավարության անդամի հետ կապված քրեական հետապնդման շրջանակներում». Ալեն Սիմոնյանը՝ Գագիկ Ծառուկյանի դեմ քրեական գործի մասին

ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը գերազանց է գնահատում «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քննիչ հանձնաժողով ստեղծելու մասին որոշումը, որը պետք է քննի Կառավարության, պարետատան կողմից կորոնավիրուսի դեմ պայքարի, դրա կանխարգելման աշխատանքները:

Նա նույն կերպ է վերաբերվում նաև ԲՀԿ-ի մյուս՝ Սահմանադրական դատարան դիմելու և արտակարգ դրության պայմաններում հավաքներ անցկացնելու վերաբերյալ որոշման իրավաչափությունը վիճարկելու մասին նախաձեռնությանը:

«Շատ կարևոր եմ համարում, որ, օրինակ՝ ԱԺ քննիչ հանձնաժողով ստեղծելու պարագայում մենք կկարողանանք քննել նաև այն լուրերը, որոնք տարածում էին ԲՀԿ-ին մերձ խմբերը, թե իբրև կորոնավիրուս իրականում գոյություն չունի, դիմակ կրել ընդհանրապես պետք չէ, պատգամավորներ կան, որոնք նույնիսկ դիմակ չեն կրում: Մենք պետք է ուսումնասիրենք և հասկանանք, թե արդյո՞ք սա միտումնավոր չի արվում, որպեսզի Հայատանի անվտանգությանը վնաս պատճառի և այսօրվա իրավիճակը քաղաքական նպատակներով օգտագործի:

Ինչ վերաբերում է ՍԴ դիմելուն, ապա Ձեր նշած խմբակցության մեր գործընկերները նույնիսկ ասել են, որ դեմ են քվեարկել Հրայր Թովմասյանի ՍԴ նախագահ դառնալու թեկնածությանը: Բայց հիմա որոշել են դիմել դեմ քվեարկած Հրայր Թովմասյանի՞ն: Ուղղակի վստահ չեմ, որ ՍԴ-ի հետ կապված հարցը մենք մինչև այդ լուծում տված չենք լինի, և այս կազմը կքննի, այ սրա հետ կապված ես խիստ կասկածներ ունեմ»,- ասաց Ալեն Սիմոնյանը:

Նա տեղեկացրեց, որ այս հարցերի հետ կապված քննարկում գործընկերների հետ չի ունեցել, քանի որ իր նախաձեռնության մասին ԲՀԿ-ն հայտարարել է մի քանի րոպե առաջ: Այդուհանդերձ, ևս մեկ անգամ նշեց, որ դեմ չէ հանձնաժողով ստեղծելուն:

Անդրադառնալով այն կարծիքներին, որ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ տեղի ունեցողը քաղաքական գործընթաց է, քանի որ հունիսի 5-ի նրա հայտարարությունից հետո սկսվեցին ռեպրեսիաներ, Ալեն Սիմոնյանը նշեց, որ «Հայաստանը օրենքի երկիր է», և բոլորը, այդ թվում՝ ինքը, հավասար են օրենքի առջև:

«Մենք պետք է հասկանանք՝ արդյո՞ք ՀՀ-ում ընտրակաշառք բաժանվել է, թե՞ ոչ: Բոլոր լրատվամիջոցների եթերում մենք այդ նյութերը տեսել ենք: Հիմա միակ ցավոտ բանը, որը ես կարող եմ նշել, այն է, որ այս պահի դրությամբ միայն այս դեպքն է բացահայտվել: Բայց որևէ մեկի մոտ թող կասկած չլինի, որ մնացած բոլոր դեպքերը ևս բացահայտվելու են, որովհետև այդ դեպքը բացահայտվել է մեր Կառավարության անդամի հետ կապված քրեական հետապնդման շրջանակներում»,- հավելեց նա:

Ինչ վերաբերում է Արթուր Վանեցյանի «Հայրենիք» կուսակցության՝ տարբեր արտախորհրդարանական ուժերի հետ հանդիպումներին, Ալեն Սիմոնյանն ասաց՝ թող բոլորը հավաքվեն մեկ վայրում, որպեսզի քաղաքացին իմանա ով՝ ով է:

Տեսանյութեր

Լրահոս