ԲՀԿ-ն դիմելու է ՍԴ՝ արտակարգ դրության պայմաններում հավաքների կազմակերպման որոշման իրավաչափությունը վիճարկելու համար
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորներն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հանդես եկան հայտարարությամբ:
ԱԺ փոխնախագահ Վահե Էնֆիաջյանը տեղեկացրեց, որ հունիսի 5-ին ԲՀԿ-ի քաղխորհրդի նիստի ժամանակ Գագիկ Ծառուկյանի հայտարարությունից հետո եղան քաղաքական ռեպրեսիաներ, որից հետո սկսվեցին քրեական հետապնդման գործողությունները:
«Հազարից ավելի քաղաքացիներ մտահոգ են ստեղծված իրավիճակով, նրանք եկել էին իրենց զորակցությունը հայտնելու Գագիկ Ծառուկյանին, որոնց բերման են ենթարկել: Կորոնավիրուսային համաճարակով պայմանավորված՝ մեր վիճակը ոչ միայն վատթար է տարածաշրջանում, այլ առհասարակ աշխարհում՝ համամասնության մեջ: Արդեն ունենք հարյուրավոր մահեր, և կա պատասխանատվության հարց»,- ասաց Վ. Էնֆիաջյանը:
Նա վստահեցրեց, որ իրենց խմբակցությունը նախաձեռնելու է, որպեսզի ստեղծվի հանձնաժողով և հանգամանալից քննի և պատասխանատվության ենթարկի ոլորտը ձախողած մարդկանց:
Խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանն էլ տեղեկացրեց, որ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունն այսօր միանգամից հանդես է գալու երկու նախաձեռնությամբ, նախ՝ առաջարկելու է ստեղծել քննիչ հանձնաժողով՝ կորոնավիրուսի դեմ պայքարի կազմակերպման, կանխարգելման աշխատանքներն ուսումնասիրելու համար:
«Երկրորդը՝ դիմելու ենք Սահմանադրական դատարան՝ վիճարկելու արտակարգ դրության պայմաններում հավաքների կազմակերպման որոշման հետ կապված իրավաչափությունը վիճարկելու մասով: Այս երկու նախաձեռնության հետ կապված աշխատանքներն արդեն իսկ ընթացքի մեջ են, կոչ ենք անում, որպեսզի այդ գործընթացում մեզ միանան նաև «Լուսավոր Հայաստան» խմբակցության մեր գործընկերները՝ բավարար չափով ստորագրություններ ունենալու համար: Հասկանում եմ, գուցե մեր ընդդիմախոսներն ասեն, թե այսօր դրա ժամանակը չէ, բայց հավատացնում եմ ձեզ, որ մենք հապաղելու ժամանակ չունենք: Մենք պարտավոր ենք պարզելու, թե արդյո՞ք կորոնավիրուսի դեմ պայքարի գործում Կառավարության և պարետատան կողմից իրականացված քայլերը եղել են ժամանակին»,- նշեց Իվետա Տոնոյանը: