«Ո՞վ է պատասխան տալու պատրաստի հիվանդանոցները չօգտագործելու համար». Նաիրա Զոհրաբյան

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն այսօր խորհրդարանի հատուկ նիստում հայտարարեց, որ վարչապետին կտրամադրեն Սպիտակում տեղի ունեցած միջադեպի հետ կապված տեսանյութը, որտեղ ոստիկանն անհամաչափ գործողություններ է իրականացնում կնոջ նկատմամբ:

«Դուք նշեցիք, որ ոստիկանը պետք է լինի դուխով, բնականաբար, ավելացնելով՝ նաև օրենքով: Ես չգիտեմ՝ դուխովի չափանիշը որն է, բայց կարծում եմ՝ ոստիկանի դուխը պետք է լինի բացառապես օրենքը: Ի՞նչ էր արել այդ կինը, նա դիմակով էր, բացեցի պարետի որոշումը, փորձեցի գտնել դիմակը կրելու ցուցումները, եթե կա նման ցուցում, ապա մարդկանց գերակշիռ մասը, այդ թվում՝ ես, չգիտեի: Սա էլ որերորդ դեպքն է, ես չգիտեմ՝ ոստիկաններն ինչով են ոգևորվում, ինչն է նրանց այդպես անհամաչափ դուխ տալիս, որ փորձում են գերազանցել իրենց լիազորությունները: Պարոն վարչապետ, Դուք կարևոր երկու արձանագրում եք արել, մի քանի օր առաջ ասացիք, որ քայլում ենք դժոխքի միջով, իսկ այսօր ասացիք, որ իրավիճակն իսկապես ճգնաժամային է»,- նշեց Նաիրա Զոհրաբյանը:

Այնուհետև շարունակելով միտքը՝ պատգամավորն ընդգծեց, որ չպետք է որդեգրել դիտորդի կարգավիճակ և ասել, որ ոլորտներ կան, որտեղ գրանցվել է ձախողում, բայց դրա մասին չպետք է խոսել, քանի որ պանդեմիա է:

«Դուք նշել եք, որ 200  հոգի հիվանդ սպասում են իրենց հերթին, սա՝ այն դեպքում, երբ թիվ 1 հիվանդանոցը պատրաստ է հիվանդներ ընդունելու և պատրաստ է եղել մարտ ամսից, նման հայտարարություն արեց նաև «Նաիրի» ԲԿ-ի տնօրենը, ո՞վ է պատասխանատու այդ ռեսուրսը չօգտագործելու համար»,- ընդգծեց նա:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս