«Քաղաքական պատասխանատվության հարց ենք բարձրացնելու». Էդմոն Մարուքյան
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն այսօր խորհրդարանում հատուկ նիստի ընթացքում անդրադարձավ արտակարգ դրությունը ևս մեկ ամիս երկարաձգելու վերաբերյալ Կառավարության ընդունած որոշմանը:
Նա նշեց, որ պետք է քաղաքական և քաղաքացիական իրավունքների համատեքստում որոշում կայացնեն, թե ինչպես են ոսկե միջինն ընտրում, որ մարդիկ կարողանան իրենց քաղաքական և քաղաքացիական իրավունքները վայելել։
«Սա կապված է բողոքի ձայնը հնչեցնելու իրավունքի հետ, այդ ձայնը պետք է չսահմանափակվի, և անգամ պանդեմիայի ժամանակ քաղաքակիրթ երկրներում այս իրավունքն իրացվում է համապատասխան չափանիշերով՝ սոցիալական հեռավորությունը պահպանելով, դիմակներով և այլն։ Ես կառավարությանն առաջարկում եմ քայլ անել և քաղաքական և քաղաքացիական իրավունքների առումով հնարավորություն տալ, որ նրանք, ովքեր ցանկանում են բողոքի ակցիաներ անել կառավարության և խորհրդարանի առջև, այդ ակցիաները կարողանան կատարել։ Նաև ասել եմ, որ մեկ անձի բողոքը չի կարող համարվել արտակարգ դրության խախտում, և բոլոր այն դեպքերում, երբ մեկ անձը բողոքում է և բերման է ենթարկվում, այստեղ խախտում կա։ Կարծում եմ՝ այս իշխանությունը՝ վարչապետը՝ այստեղ նստած, ընդհանրապես մտահոգվելու խնդիր չունի, որ կարող են երկրում լինել բողոքի ակցիաներ, հետևաբար՝ բոլոր այն հիմնավորումները, թե այս արտակարգ դրությունը երկարացվում է, որ բողոքի ակցիաներ չլինեն, ես այդ գծի մեջ չեմ, այդպես չեմ դիտարկում. մտահոգությունն առողջությունն է: Մենք նաև ասել ենք, որ այս ամենի ավարտից հետո քաղաքական պատասխանատվության հարց ենք բարձրացնելու»,- ընդգծեց Էդմոն Մարուքյանը, ապա ներկայացրեց սոցիալական աջակցության մի քանի առաջարկ։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում