Ո՛չ իշխանության, ո՛չ էլ ընդդիմության վարկանիշը որոշելու ժամանակը չէ. Լիլիթ Մակունց
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն այսօր խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի այն հայտարարությանը, որ իշխանությունը պետք է 100 տոկոսով փոխվի:
Նա շեշտեց, որ համավարակի, արտակարգ դրության պայմաններում նման հայտարարություններ անելն անընդունելի է.
«Նման պայմաններում կապ չունի, թե մենք ինչ քաղաքական օրակարգեր կարող ենք ունենալ, նման բան անգամ թույլ չի տալիս ՀՀ սահմանադրությունը»,- ընդգծեց պատգամավորը՝ չցանկանալով մեկնաբանել այն հայտարարությունները, թե այսօր համավարակի դեմ պայքարն այս վիճակում է, քանի որ Կառավարությունը չի ընդունում ընդդիմադիրների առաջարկները:
Ըստ Մակունցի՝ պարետատունը պետք է ասի՝ որքանով է նրանց առաջարկներն ընդունում, կամ չի ընդունում:
Լիլիթ Մակունցը նաև բնական համարեց, որ քաղաքական կուսակցության հայտարարությանը տրվում է քաղաքական պատասխան:
Նա հրաժարվեց չմեկնաբանել նաև Կոտայքի մարզպետի այն հայտարարությունը, որ համավարակի այս ժամանակահատվածում իշխանությունների վարկանիշն անկում է ապրել:
«Եթե թույլ կտաք, ես կմեկնաբանեմ ոչ թե քաղաքական գործիչների հայտարարությունները, այլ ասեմ, որ բոլորս ենք տեսնում, որ այսօր մարդկությունը կանգնած է մեծ մարտահրավերի առջև: Աշխարհի բոլոր պետությունները, որոնք պայքարում են համավարակի դեմ, բոլոր իշխանություններին այդ առումով մարտահրավեր է նետված, բոլոր պետություններն անցնում են շատ դժվար ճանապարհով: Անկախ այն հանգամանքից, թե որքան ուժեղ տնտեսություն ունեն կամ առողջապահական համակարգ, բոլորն անցնում են դժվարությունների միջով, և այս առումով Հայաստանը բացառություն չէ»,- հավելեց իշխող խմբակցության ղեկավարը՝ ընդգծելով, որ այս պահին քաղաքական ուժերի՝ ո՛չ իշխանության, ո՛չ ընդդիմության, վարկանիշը որոշելու ժամանակը չէ, դրա փոխարեն՝ ուժերը մոբիլիզացնելու ժամանակն է, որը բխում է ՀՀ քաղաքացիների առողջության, ապրելու իրավունքից:
Ստեղծված իրավիճակին քաղաքական գնահատական տալու նպատակով քննիչ հանձնաժողով ստեղծելու մասին հնչող հայտարարությունների մասին էլ Լիլիթ Մակունցն ասաց, որ այդ հարցը չեն քննարկել:
«Ինչ վերաբերում է կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակին, գործողություններին և ընդհանրապես արդյունքին, ապա այսօր դեռ վաղ է որևէ գնահատականից խոսելը»,- եզրափակեց «Իմ քայլը» խմբակցության ղեկավարը։