«Կամավորական շարժման ժամանակ մենք չենք նայել՝ այնտեղ ընդդիմություն է, դիմություն է». Սեյրան Օհանյանը՝ Նիկոլ Փաշինյանի 2016թ. ելույթը հիշեցնող գրառման մասին

ՇՊՀ դասախոս, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համահիմնադիր և նախկին անդամ Արթուր Համբարձումյանը ֆեյսբուքյան իր էջում դիմել է Արցախի Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանին, Հայաստանի պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին՝ գրելով․

«Պարոնայք գեներալներ: Տեղյակ եք, որ Փաշինյանն իր ջոկատով 2016 թ. մայիս ամսին եղել է Արցախում: Հուսով եմ՝ նաև գիտեք, որ հետագայում դա ներկայացվել է հասարակությանը, որպես ապրիլյան գործողություններին մասնակցություն: Այդ ժամանակահատվածի հետ կապված կա մի շատ տարօրինակ ևս մեկ իրադարձություն՝ ձեր ենթակայության տակ գտնվող զորամասերից մեկում՝ հարյուրավոր զինվորների, սպայակազմի առաջ տեղի է ունեցել Փաշինյանի ելույթը:

Խնդրում եմ պարզաբանեք, թե ո՞վ է թույլ տվել, որ ընդդիմադիր, բանակում չծառայած, երկրի այն ժամանակվա գերագույն գլխավոր հրամանատարին պետական դավաճանության մեջ մեղադրող անձը կարողանար ելույթ ունենալ ԶՈՒ-ի սպայակազմի, զինվորականության առջև»:

168.am-ի հետ զրույցում Արթուր Համբարձումյանը նշեց, որ իր հրապարակած տեղեկությունը ներքին ինֆորմացիա չէ, նույնիսկ տեսանյութ կար, որտեղ Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունենում սպայակազմի առաջ. «Սա գաղտնիք չէ, ուղղակի մոռացված է: Մարդիկ ուշադրություն չէին դարձրել սրա վրա, և ես ցանկացա թարմացնել մարդկանց հիշողությունը, որովհետև տեղի ունեցածն իրոք աննախադեպ էր:

Սա մոտավորապես նույնն է, որ, օրինակ, Նավալնին կամ Յավլինսկին հայտնվեն ռուսական որևէ զորամասում, զինվորներին, սպաներին շարեն և թույլ տան, որպեսզի այդ ընդրիմադիր գործիչները ելույթ ունենան»:

Մեր զրուցակիցը նկատեց՝ այդ ժամանակ արդեն Նիկոլ Փաշինյանը մեղադրել էր Սերժ Սարգսյանին պետական դավաճանության մեջ. «2015 թ․ «Իմպիչմենտի« նախագիծ էր ներկայացրել, որտեղ Սերժ Սարգսյանն ուղիղ մեղադրվում էր պետական դավաճանություն կազմակերպելու մեջ»:

Հարցին՝ Ձեր ենթադրությամբ՝ ո՞վ է թույլատրել այդ ելույթը, Ա. Համբարձումյանը պատասխանեց. «Քաղաքական ղեկավարության կողմից պետք է թույլտվությունը լիներ. կոնկրետ անձ չեմ կարող ասել: Բայց առանց թույլտվության, վստահաբար, կարող եմ ասել, դա չէր կարող տեղի ունենալ»:

168.am-ը այս գրառման վերաբերյալ մեկնաբանություն խնդրեց ՀՀ Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանից:

Նա ծանոթ չէր գրառմանը և մեզնից տեղեկանալով բովանդակությանն ու հարցադրումներին՝ այսպես արձագանքեց.

«Նյութին տեղյակ չեմ, ծանոթանալուց հետո էլ՝ ես հիմա չեմ կարող հիշել, թե ով որ զորամասում է եղել. պետք է դիմել այսօրվա ՊՆ ղեկավարությանը:

Բայց Կամավորական շարժման ժամանակ մենք չենք նայել՝ այնտեղ ընդդիմություն է, դիմություն է, և եթե զինվորների առաջ ինչ-որ խոսք են ասել, հայրենիքի պաշտպանությանը վերաբերող ոգևորիչ ելույթ են ունեցել, ոչ ընդդիմադիր կեցվածքով, ես էդտեղ ոչ մի բան չեմ տեսնում»:

ԱՀ պաշտպանության նախկին նախարար Լյովա Մնացականյանի հետ կապ հաստատել չստացվեց:

Տեսանյութեր

Լրահոս