«Պարոն վարչապետ, Դուք շատ եք խաղում մարդկանց անձնական կյանքի անձեռնմխելիության, բարոյական արժանապատվության հետ». Անի Սամսոնյան

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանն այսօր խորհրդարանում հատուկ նիստի ժամանակ հայտարարեց, որ համավարակի ժամանակահատվածում Հայաստանը չի փայլել մարդու իրավունքների պաշտպանության առումով, որոշ դեպքերում նաև չարաշահվել է այն իրավունքը, որ արտակարգ դրության ժամանակ կարող են սահմանափակվել մարդու մի շարք իրավունքներ:

«Օրինակ՝ տեղեկատվություն ստանալու իրավունքը, հարգելի իշխանություն, դուք բողոքում եք, որ ապատեղեկատվություն է տարածվում համավարակի դեմ պայքարում: Դուք՝ որպես իշխանություն,  ամենաառաջինն եք եղել, ով տվել է ապատեղեկատվություն քաղաքացիներին և հանրությանը՝ համավարակի հետ կապված: Ով սկզբում  ասել է, որ համավարակը վտանգավոր չէ, հետո սարսափեցրել է համավարակով,  ով սկզբում ասել է, որ դիմակ կրելը պարտադիր չէ, հետո մարդկանց պարտադրել է դիմակներ»,- շեշտեց նա:

Պատգամավորն  ընդգծեց, որ ներկայիս խորհրդարանը տվեց տեղորոշման իրավունքը պետությանը՝ հավաքագրել անձանց տվյալները, թե մարդն ում հետ է շփվում, որտեղ է եղել, ինչ հեռախոսազանգեր է ստացել, և այլն:

«Փաստորեն, մենք այս հնարավորությունը տալով պետությանը, նաև թույլ տվեցինք, որ պետությունը մուտք գործի մարդու մասնավոր կյանքի տարածք: Այսօր մենք կանգնել ենք մի խնդրի առաջ, որ մարդու անձնական տվյալները պաշտպանված չեն, որովհետև Կառավարության տարբեր օղակներից կարող են արտահոսել տարբեր տվյալներ: Ինչո՞ւ չէ, նախարարի մակարդակով նման տվյալներ կարող են հայտնվել սեփական էջերին, սեփական գրառումների տեսքով: Այսինքն՝ մենք մեծագույն հարվածի տակ դրեցինք մարդու անձնական տվյալների պաշտպանությունը Հայաստանում»,- հավելեց պատգամավորը:

Անի Սամսոնյանը նաև հիշեցրեց, որ արտակարգ դրության առաջին մեկ ամսում սահմանափակումներ դրվեցին լրատվամիջոցների վրա և փորձ էր արվում չարաշահել այդ սահմանափակումները՝ փորձ անելով գրաքննության ենթարկել լրատվամիջոցներին:

Պատգամավորը նաև ընդգծեց, որ այս իրավիճակում խախտվել է  հավաքների իրավունքը, որը մարդու հիմնարար իրավունքներից է: Այս համատեքստում այն մարդիկ, որոնք փորձում են իրենց բողոքի ձայնը բարձրացնել այս կամ այն խնդրի հետ կապված, բերման են ենթարկվում ոստիկանության բաժանմունք, չնայած պահպանում են սահմանված բոլոր կանոնները:

«Պարոն վարչապետ, Ձեր ֆեյսբուքյան պատերին հայտնվեցին լուսանկարներ, մարդկանց դեմքերով, որոնք շատ մեծ հոգեբանական ճնշում դարձան մարդկանց համար: Ես հասկանում եմ, որ Դուք ուզում եք, որ մարդիկ հետևեն կարգ ու կանոնին, բայց մարդկանց արժանապատվության և նրանց բարոյական նվաստացման ճանապարհով մենք դրան չենք հասնելու: Առհասարակ, պարոն վարչապետ, կարծում եմ՝ Դուք շատ եք խաղում մարդու մասնավոր կյանքի անձեռնմխելիության, նրա բարոյական արժանապատվության հետ։ Ես կարծում եմ, որ սա չի համապատասխանում Ձեր ծրագրով նախատեսած երջանիկ անհատի կոնցեպտին»,- եզրափակեց խոսքը Անի Սամսոնյանը:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս