Բաժիններ՝

Թող լինեն սահմանափակումներ, վերահսկողություն, բայց կարողանանք աշխատել․ նարգիլե մատուցողները՝ պարետին

Մայիսի 18-ից, պարետի որոշմամբ, հանրային սննդի օբյեկտների գործունեությունը գրեթե ամբողջությամբ թույլատրված է, սակայն կան որոշ սահմանափակումներ, որոնցից մեկը նարգիլեի մատուցումն է։

«Նարգիլե սիրողների միության» նախագահ Գոռ Գասպարյանը համամիտ չէ այս որոշման հետ, քանի որ այն բազմաթիվ խնդիրներ է առաջացնում՝ հարկերի, տուրքերի վճարման հետ կապված բարդություններ և այլն։

«Այս ակումբներն աշխատում են հանրային սննդի լիցենզիայով, սակայն ուշադրությունից դուրս ենք մնացել։ Ասել են, որ հանրային սննդի ոլորտը կարող է աշխատել սահմանափակումներով, իսկ մենք, բացի հանրային սննդի մեջ մտնելը, նաև մասնագիտացված նարգիլե ակումբներ ենք, իսկ նարգիլեն՝ որպես բացառություն, նշված է պարետի որոշման մեջ՝ Առողջապահության նախարարության կողմից։ Մենք բոլոր վճարումներն այս ընթացքում կատարել ենք, հարկերն ուզենք-չուզենք՝ վճարում ենք, քանի որ փաստացի երկու տարբերակ ունենք․ կամ դռները փակենք ու ասենք, որ դադարեցնում ենք մեր գործունեությունը, կամ աշխատենք։ Հիմա մենք փաստացի աշխատում ենք, բայց չենք աշխատում»,- 168am-ի հետ զրույցում ասաց Գոռ Գասպարյանը։

Նրա փոխանցմամբ՝  այս ընթացքում աշխատողների չեն կրճատել, սակայն արդեն այն պահն է, որ այլևս հնարավոր չէ։

«Օգտվել ենք նաև կառավարության սոցիալական աջակցության միջոցառումներից՝ ինչպես բոլոր սննդի կետերը։ Այն ամենը, ինչ պարետը որոշել է՝ սեղանների հեռավորություն, ձեռնոցների, դիմակների, ախտահանիչ նյութերի առկայություն, հենց հիմա բոլոր տեղերում կան, միակ խնդիրն այն է, որ նարգիլե մատուցելը՝ որպես բացառություն, արգելված է ու ահագին մարդիկ տուգանվել են, բայց այդ մարդիկ նարգիլե տվել են գոյատևելու համար։ Նրանք բոլորը օրավարձով աշխատող մարդիկ են, չեն կարող չաշխատել և գումար վաստակել։ Սակայն  մտնում, 24, 48, 72 ժամով փակում են, տուգանում, և խնդիրների առջև ենք կանգնում։ Մեր հիմնական խնդիրն է՝ թույլ տալ աշխատել։ Ասում են, որ այս պայմաններում նարգիլեն կարող է վնասակար լինել, սակայն նարգիլեի մատուցումը կարող է լինել 100 տոկոս անվտանգ, մենք պատրաստ ենք հիմնավոր ապացույցներ ներկայացնել, որ կարող ենք նարգիլեն մատուցել այնպես, որ բացառենք վարակի տարածումը։ Փորձել ենք մեր առաջարկը ներկայացնել պարետատուն, բայց մեզ եկել է պատասխան, որ համաճարակային պայմաններում հանդիպումներ չեն անցկացվում։ Թող լինեն սահմանափակումներ, վերահսկողություն, բայց կարողանանք աշխատել։ Ունենք  մոտ 720 աշխատակից»,- նշեց Գոռ Գասպարյանը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս