Արտակարգ դրությունը վերացնելու «երրորդ տարբերակ չկա». Վարչապետ
ԱԺ արտահերթ նիստի ժամանակ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արկադի Խաչատրյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվեց, թե ո՞րն է այն պահը, շեմը, որին հասնելու պարագայում պետք է քննարկվի արտակարգ դրությունը հանելու հարցը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցին ի պատասխան՝ ասաց, թե տարբերակներից առաջինն այն է, որ հայտնաբերվի պատվաստանյութ, հաստատվի դրա արդյունավետությունը և սկսվի զանգվածային պատվաստման գործընթաց:
«Տարբերակ երկրորդ, երբ արձանագրենք, որ մեր հակահամաճարակային կանոնների պահպանումը բերում է շարունակական թվերի նվազման: Այսօրվա վիճակում, եթե մենք երկու շաբաթ անընդմեջ տեսնենք թվերի նվազում, այսինքն՝ թվերը հասնեն 150-ի կամ դրանից ներքև, ապա մենք կարող ենք ոչ թե արձանագրենք, որ այդ պահին ուղղակի վերացնենք արտակարգ դրությունը, այլև իմանանք, որ այլևս շարունակելու անհրաժեշտություն չկա: Եվ երրորդը՝ երրորդ տարբերակ չկա»,- ասաց վարչապետը:
Նրա խոսքով՝ հենց ամենասկզբում ամենամեծ խնդիրն այն էր, որ դեռևս չկար հստակ բանաձև, թե ինչպես կարելի էր հսկողության տակ առնել հիվանդությունը:
Ըստ Նիկոլ Փաշինյանի, շատ է քննարկվում այն հարցը, որ Կառավարության անդամների հայտարարությունները հաճախ հակասել են միմյանց՝ դիմակ կրել-չկրելու հետ կապված, երբ հայտարարվեց, որ դիմակ չպետք է կրել, այնուհետև հակառակ հայտարարությունը եղավ: Վարչապետն ընդգծեց, որ այս ամենը կապված է այն հանգամանքի հետ, որ կորոնավիրուսը նոր է, և այն դեռ շարունակում է զարգանալ:
«Հետևաբար՝ մենք շատ երկար փորձի, սխալների, ձախողումների արդյունքում եկանք գտանք այն բանաձևը, որը մեզ պետք է երաշխավորի, որ մենք պետք է թվերն առնենք հսկողության տակ՝ կրել դիմակ, պահպանել սոցիալական հեռավորություն, ախտահանել ձեռքերը: Մեր խնդիրն է՝ արտակարգ դրության միջոցառումները գործադրելու միջոցով այդ կանոնների պահպանումը դարձնենք համընդհանուր հանրային վարքագիծ»,- ասաց վարչապետը:
Արձագանքելով՝ Արկադի Խաչատրյանն ընդգծեց, որ կիսում է այն տեսակետը, որ իրավիճակը շատ արագ է փոփոխվում, միևնույն ժամանակ՝ ասաց.
«Կարծում եմ՝ սպասել պատվաստանյութին և դրանով պայմանավորել արտակարգ դրության վերացնելը՝ այդքան էլ ճիշտ չէ, կարծում եմ՝ մենք պետք է ունենանք ինչ-որ չափանիշեր»: