
«Իմ հարցերի ժամանակ այդպես ծիծաղելը և ուրախանալն առողջարար է, բայց «թարգեք», լուրջ բանից եմ խոսում՝ տրագեդիայից». Տիգրան Ուրիխանյանը սաստեց գործընկերներին

ԱԺ այսօրվա հատուկ նիստում անկախ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը հարց ուղղեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին, մինչև հարցը հնչեցնելը նա ողջունեց վարչապետին և մաղթեց բարի գալուստ առողջացածների շարքեր:
Քանի որ պատգամավորի հարցը վերաբերում էր կորոնավիրուսային հիվանդությանը, նա օգտագործեց բժշկական որոշ տերմիներ, ինչը բուռն ծիծաղ առաջացրեց դահլիճում, դրան ի պատասխան՝ Տ. Ուրիխանյանն ասաց. «Հարգելի գործընկերներ, այդ ավանդույթը՝ իմ հարցերի ժամանակ այդպես ծիծաղելը և ուրախանալը, առողջարար է, բայց «թարգեք», որովհետև լուրջ բանից եմ խոսում՝ տրագեդիայից»:
Այնուհետև դիմելով վարչապետին՝ պատգամավորը ձևակերպեց միտքը, որ Նիկոլ Փաշինյանն ինչ-որ իքս պահի արձանագրեց, որ վարակվել է կորոնավիրուսով, մեկ շաբաթ անց արձանագրեց հիվանդությունից ազատվելու հանգամանքը:
«Եթե ունեք տեղեկություն, ապա որքա՞ն ժամանակ է տևել վարակված լինելու, բայց դա չհայտնաբերելու այդ շրջանը, և դրանից ելնելով, չէ՞ որ սա ամենամեծ հարցականն է, և ըստ էության վերահսկողության չենթարկվող իրավիճակն է հասարակության համար»,- նշեց պատգամավորը:
Պատասխանելով հարցին՝ Նիկոլ Փաշինյանը մանրամասն պատմեց, որ թեստի դրական պատասխանն ախտորոշվել է մայիսի 31-ին, ընդ որում, թեստավորումը պայմանավորված է եղել ոչ թե ինչ-որ ախտանշաններով, այլ պատրաստվել է աշխատանքային այց ունենալ, որի ընթացքում նախատեսված է եղել շփում ժամկետային զինծառայողների հետ:
«Առաջին թեստից հետո արդեն ամբողջ ընտանիքով թեստավորվեցինք և արդեն հունիսի լույս 1-ի գիշերը գիտեինք, որ ընտանիքով վարակված ենք: Մեկ շաբաթ անց մեր թեստերի պատասխանը եղավ բացասական: Սա ենթադրում է, որ ես դրանից առնվազն մեկ շաբաթ առաջ եղել եմ կորոնավիրուսով վարակված: Ըստ ամենայնի, ամեն ինչ պատահաբար է ստացվել, մայիսի 23-ից ես որևէ տեղ առանց դիմակի չեմ եղել, առանց դիմակի որևէ շփում, բացի իմ ընտանիքի անդամներից, չեմ ունեցել: Կարևոր է, որ այդ ընթացքում ես ում հետ շփվել եմ, որևէ մեկը չի վարակվել, ինչն ապացուցում է, որ դիմակով լինելը հանդիսանում է որոշակի երաշխիք, որ վարակը չի փոխանցվում»,- շեշտեց նա:
Արձագանքելով՝ Տիգրան Ուրիխանյանն ասաց, որ վարչապետն օրեր առաջ իրեն քարտուղարության միջոցով գրություն էր փոխանցել, հետևաբար՝ 14 օր անց պարզ կլինի՝ ինքը վարակվե՞լ է, թե՞ ոչ:
«Այս առումով ուզում եմ ասել՝ ինչո՞ւ չեն իրականացվում մարդկանց կուտակումների վայրերում լայնածավալ դեզինֆեկցիոն աշխատանքներ: Ամբողջ աշխարհում միշտ այդ աշխատանքներն իրականացվում են, կարելի է, չէ՞, նման միջոցառում ձեռնարկել»,- նշեց Տ. Ուրիխանյանը:
Նիկոլ Փաշինյանը հույս հայտնեց, որ պատգամավորին չի վարակել, չնայած նրան փաստաթուղթ տալու օրն էլ է դիմակով եղել:
«Ես օրինակ գիտեմ, որ ԱԺ դահլիճը ժամանակ առ ժամանակ ախտահանվում է: Ես արդեն ասացի, որ մայիսի 23-ից դիմակով եմ եղել, ենթադրենք, որ, եթե վարակված եմ եղել, արդեն մայիսի 20-ից և Արցախի նորընտիր նախագահի երդմնակալության արարողության ժամանակ դահլիճում շփվել եմ Արցախի երրորդ նախագահի հետ, եղել եմ դիմակով, փառք Աստծո, 14 օր անցել է, և որևէ ախտանիշ նրա մոտ չկա»,- եզրափակեց վարչապետը: