Բաժիններ՝

«Խնդրի լուծման հետ կապված՝ ես չունեմ այլ պատկերացում, քան այն բանաձևը, որով առաջնորդվել եմ իմ քաղաքական գործունեության ողջ ընթացքում». Նիկոլ Փաշինյան

Ազգային ժողովի հրավիրած այսօրվա հատուկ նիստի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ կարող է ստեղծվել մի իրավիճակ, որ պարզապես այլ ընտրություն չունենան և վերադառնան «լոք դաունի» վիճակի:

«Մենք ունենք հաշվարկներ, եթե մեզ հաջողվի կայուն պահել իրավիճակը, այսինքն՝ մնանք օրը 550-600  նոր դեպքի շրջանակներում, ապա այդ բեռը մեր առողջապահական համակարգի համար տանելի կլինի, այսինքն՝ մենք կկարողանանք սպասարկել մեր բոլոր հիվանդներին: Եթե այս ամենից էականորեն տարբեր վիճակ ունենք, ապա մենք կկարողանանք ուղղակի գնալ տոտալ «լոք դաունի», ինչը կնշանակի՝ հարված հասցնել մեր տնտեսությանը»,- նշեց վարչապետը:
Նա ընդգծեց, որ այս հարցի հետ կապված լուծումը տեսնում է Կառավարության և ժողովրդի զանգվածային համագործակցության մեջ:

Վարչապետը հիշեցրեց, որ ինքը ևս վարակվել է կորոնավիրուսով և այն հաղթահարել է, հետևաբար՝ կոչ է անում բոլոր քաղաքացիներին անվերապահորեն հետևել սահմանված բոլոր կանոններին:

Ավելին՝ պետք է ձևավորել այնպիսի միջավայր, որ այդ կանոնների չպահպանումը լինի ամոթ, դառնա հանրային իմաստով մեկուսացման վկայություն:

«Այս խնդրի լուծման հետ կապված՝ ես չունեմ այլ պատկերացում, քան այն բանաձևը, որով առաջնորդվել եմ իմ քաղաքական գործունեության ողջ ընթացքում: Այս բանաձևն ունի շատ պարզ թվաբանական արտահայտություն՝ 1+1+1+1,  և այդպես հարյուր-հազարներ, և այդպես միլիոնավոր մարդիկ: Եվ ուրեմն՝ սիրելի հայրենակիցներ, կոչ եմ անում, խնդրում եմ, որ մենք գնահատենք այս պահը, գնահատենք պահի լրջությունը և հասկանանք, որ սա մեկ շաբաթվա կամ մեկ տարվա խնդիր չէ: Հետևաբար՝ մենք խնդիր ունենք հարմարվել նոր իրողություններին, նոր աշխարհին, և այդ նոր աշխարհում՝ որպես հանրություն, պետություն, ունենք անհրաժեշտություն ապացուցելու մեր կենսունակությունը: Համոզված եմ, որ մենք միասին կկարողանանք հաղթահարել այս ճգնաժամը և ապահովել մեր ժողովրդի, հայրենիքի կենսունակությունը»,- եզրափակեց Նիկոլ Փաշինյանը:

Հիշեցնենք, որ ԱԺ հատուկ նիստում քննարկվում է Կառավարության որոշումը՝ արտակարգ դրությունը մինչև հուլիսի 13-ը երկարացնելու վերաբերյալ:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս