
«Այս իրավիճակից դուրս գալու միակ ճանապարհը միայն ու միայն հանրային ու վարքագծային փոփոխություններն են». Նիկոլ Փաշինյան

Ազգային ժողովը հատուկ նիստ էր հրավիրել, որտեղ քննարկում էր Կառավարության ընդունած որոշումը՝ արտակարգ դրությունը մինչև հուլիսի 13-ը երկարաձգելու վերաբերյալ: Հանդես գալով հատուկ զեկուցմամբ, վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ արտակարգ դրությունը երկարացնելու որոշում են կայացրել, քանի որ դեռևս մարտին հայտարարված արտակարգ դրության պատճառները չեն վերացվել:
«Ցավոք, ՀՀ-ում կորոնավիրուսի համաճարակը շարունակում է տարածվել: Այսօրվա դրությամբ մենք ունենք 15 281 հաստատված դեպք, բուժվել է 5639 քաղաքացի, մահացել է 258 մարդ: Այս պահին ունենք 425 ծանր վիճակում գտնվող հիվանդ, ծայրահեղ ծանր վիճակում են գտնվում 100 քաղաքացի: Բուժհաստատությունները գտնվում են գերբեռնված վիճակում, 1857 սովորական մահճակալներից, երեկ երեկոյան դրությամբ, զբաղված են 1551-ը, 239 վերակենդանացման մահճակալներից, երեկվա դրությամբ, ծանրաբեռնված էր 204-ը»,- նշեց վարչապետը:
Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, որ ընդհանուր առմամբ իրավիճակը ճգնաժամային է, ուստի այսօրվա հարցը հետևյալն է, ո՞րն է ճգնաժամից դուրս գալու և կորոնավիրուսով վարակված քաղաքացիների թիվն իջեցնելու հայեցակարգային պատկերացումը:
Նա ևս մեկ անգամ ընդգծեց, որ հարցի լուծումը մարդկանց մտքում և գլխում է:
«Այս իրավիճակից դուրս գալու միակ ճանապարհը միայն ու միայն հանրային ու վարքագծային փոփոխություններն են: Այս վարքագծային փոփոխությունների հիմնավորումը կարևոր է, որովհետև ամենատարբեր կանխատեսումներով կորոնավիրուսի համավարակը ոչ միայն Հայաստանում, այլ աշխարհում գոյություն է ունենալու 1,5 տարի, նույնիսկ կան գնահատականներ, որ առաջիկա 5 տարում աշխարհը գտվելու է համավարակի մեջ: Բնական է, որ այս ընթացքում մեծ աշխատանքներ են տարվում պատվաստանյութ հայտնաբերելու ուղղությամբ: Տեսականորեն այդ պատվաստանյութը կարող է ստեղծվել 1 կամ 3 ամսից, կարող է նաև ստեղծվել 3 տարում: Այստեղ մենք պետք է առաջնորդվենք «հույս ունեցիր լավագույնի, բայց պատրաստվիր վատթարագույնին» սցենարով:
Ուզում եմ ասել, որ կորոնավիրուսի հետ կապված մեր ամենօրյա թվերն արձանագրում են, թե մենք ինչպես ենք պահել հակահամաճարակային կանոնները վերջին 7-14 օրվա ընթացքում, քանի որ այսքան է վիրուսի ինկուբացիոն շրջանը: Այսինքն՝ մենք հակահամաճարակային կանոնները պատշաճ մակարդակով չենք պահպանել: Դիմակի պարտադիր կրման կարգը սահմանել ենք հունիսի 3-ին, եթե սահմանված կանոնը պատշաճ պահպանվեր, ապա, մեծ հավանականությամբ, մենք այսօր պետք է ունենայինք թվերի նվազում»,- շեշտեց Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետն արձանագրեց, որ անկախ Կառավարության գործադրած ջանքերից, եթե լայնորեն այդ կանոնները չպահպանվեն, ապա համաճարակի հաղթահարումը դառնալու է անհնարին: