Իմ ազգականներից որևէ մեկը նախարարությունում չի աշխատում. Զարուհի Բաթոյան
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանն այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպարույցում անդրադառնալով այն խոսակցություններին, որ իր ազգականները վերջերս նախարարությունում աշխատանքի են տեղավորվել, նշեց, որ ազգականներից որևէ մեկը նախարարությունում չի աշխատում:
«Այն տեղեկությունը, որ իմ տատիկի քրոջ թոռն աշխատում է նախարարությունում՝ այդ տեղեկատվությունը հերքվել է, դա սուտ է: Այսինքն՝ այս բոլոր տեղեկությունները չեն համապատսխանում իրականությանը: Ինչ վերաբերում է այն տեղեկատվությանը, որ նախարարության աշխատակազմի գլխավոր քարտուղարի պարտականություններ կատարողն իմ քրոջ տագրն է, ապա այս մասին դեռևս մեկ տարի առաջ քաղծառայողի գրասենյակը հրապարակում է արել: Այսինքն՝ նա համապատասխանում է ֆինանսական վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատարի բոլոր պայմաններին: Նա իմ ազգականը չէ, և նման խնդիր չկա, մնացած առումներով տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը»,- պարզաբանեց նախարարը:
Հարցին՝ արտակարգ դրության հետ կապված սահմանափակումները վերացնելուց հետո սոցիալական լարվածության աճ նկատե՞լ է, նախարարն ասաց, որ նման լարվածություն կա, և մարդկանց կարիքները տարբեր են:
«Սոցիալական խնդիրների հետ կապված՝ մեզ մոտ զանգերը, ցավոք, երբեք չեն պակասում, բայց նույն տեմպը չէ, ինչ կապված է սոցիալական ծրագրերի ամփոփման հետ»,- ընդգծեց նա:
Հարցին՝ ինչպե՞ս է ստացվել, որ վիրուսը ներթափանցել է տարեցների տուն-ինտերնատ, Զարուհի Բաթոյանը պատասխանեց, որ իրենց ունեցած վարկածի համաձայն՝ տարեցների խնամքի կենտրոնի անձանցից մեկը տեղափոխվել է հիվանդանոց, և այնտեղից վերադառնալուց հետո, նրա հետ նույն սենյակում գտնվող անձի մոտ նկատվել է ջերմություն:
«Վարկածն այն է, որ գուցե այդ վարակը, կարող է, հիվանդանոցում է եղել, բայց մենք ունենք նաև մանկատանը դեպքեր, մենք կարանտին էինք սահմանել դեռևս փետրվարին»,- ընդգծեց նա:
Անդրադառնալով Գեմաֆին Գասպարյանի հրաժարականին, Զարուհի Բաթոյանն ասաց, որ իրենց համատեղ աշխատանքը շատ արդյունավետ է եղել 2019 թվականին, սակայն ամեն ինչ դրանով սահմանափակվել է. «Թերացման մասին չէ խոսքը, այլ արդյունավետ աշխատանքի, հետագա աշխատանքներն այլ կերպ ենք պատկերացնում»,- եզրափակեց նախարարը: