Թուրքիայում «լրտեսության» գործով լրագրող է կալանավորվել
Անկարայի հանրապետական գլխավոր դատախազության կողմից իրականացվող «քաղաքական և ռազմական լրտեսություն» գործով հետաքննության շրջանակներում հունիսի 8-ին բերման ենթարկված լրագրող Մյույեսեր Յըլդըզը կալանավորվել է, իսկ Իսմայիլ Դյուքելը ստորագրությամբ ազատ է արձակվել։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը:
Նշենք, որ Մյույեսեր Յըլդըզը OdaTV լրատվական պորտալի Անկարայի լրատվական ծառայության տնօրենն է, իսկ Իսմայիլ Դյուքելը՝ TELE1 հեռուստաալիքի ներկայացուցիչն Անկարայում։
Ըստ OdaTV-ի՝ Յըլդըզը, որը ռազմական թեմաներ է լուսաբանում, ձերբակալվել էր իր տան խուզարկությունից հետո, որի ընթացքում ոստիկաններն էլեկտրոնային նյութեր էին առգրավել։
Նրանց հարցաքննել է Անկարայում ահաբեկչության և կազմակերպված հանցագործությունների դեմ պայքարի վարչության պատասխանատու գլխավոր դատախազի օգնական Վեյսել Քաչմազը։
Յըլդըզի փաստաբանը հայտնել է, որ իր պաշտպանյալի նկատմամբ կալանավորման որոշման պատճառը OdaTV-ում հրապարակված հետևյալ վերնագրերով լուրերն են՝
«Ովքե՞ր են այն թուրք հրամանատարները, որոնք հանդիպել են Հաֆթարի հետ»
«Ո՞ր հրամանատարն է գնացել Լիբիա․․․Նրա փոխարեն ո՞վ է եկել»։