«Արտակարգ դրության երկարաձգումը չունի որևէ այլ նպատակ, քան այս իշխանության հեռացման հետաձգումն է». Արթուր Վանեցյան
«Հայրենիք» կուսակցության ֆեյսբուքյան էջը հայտարարություն է տարածել արտակարգ դրության՝ արդեն երրորդ աննգամ երկարաձգման վերաբերյալ:
Արտակարգ դրության երկարաձգումն ունի բացառապես քաղաքական նպատակ
Հունիսի 13-ին ավարտվում է արդեն երկու անգամ երկարաձգված արտակարգ դրությունը։
Այս ընթացքում ակնհայտ դարձավ, որ արտակարգ դրության պահպանումը հետապնդում է բացառապես քաղաքական նպատակ այն պարզ պատճառով, որ ՀՀ օրենսդրությունը, մասնավորապես արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության հարցերը կարգավորող օրենքները, առանց արտակարգ դրություն հայտարարելու ամբողջությամբ եւ լիարժեք կարող են ապահովել անհրաժեշտ բոլոր իրավական գործիքները, ընդ որում հենց այն նպատակներին հասնելու համար, որը գործող կառավարությունը դրել է արտակարգ դրության ռեժիմ սահմանելու որոշման հիմքում։
Նշված օրենսդրության կետերի լիարժեք կիրառումն ամբողջությամբ կարող են ապահովել համավարակի հետ կապված բոլոր այն միջոցառումների իրականացումը, որոնք գործում են այս պահին։ Իսկ արտակարգ դրություն հայտարարելու ռեժիմից այն տարբերվում է բացառապես գործող իշխանության կողմից դրված քաղաքական նպատակների համար կիրառված սահմանափակումներով։ Չունենալով բողոքի ակցիաների հակակշռող ինստիտուտը, իշխանությունն այս ընթացքում զբաղվել է բազմաթիվ խնդրահարույց և մարդկանց կյանքը բարդացնող օրենքների ընդունմամբ և քաղաքական հակառակորդների հանդեպ քրեական հետապնդումներ կազմակերպելով։ Մինչդեռ բարոյական և քաղաքագիտական բոլոր նորմերը պահանջում էին, որ այս ընթացքում խորհրդարանն ընդուներ միայն համաճարակին վերաբերող օրենքներ և ձեռնպահ մնար որևէ այլ նախաձեռնության դակումից՝ քանի դեռ հանրությունը սահմանափկված էր կարծիք արտահայտելու իրավունքի հարցում։
Արտակարգ դրության ռեժիմի պահպանումը չի տալիս գեթ մեկ լրացուցիչ հնարավորություն, որը կարող է կապ ունենալ համավարակի դեմ պայքարի հետ։ Փոխարենը՝ արտակարգ դրության ռեժիմում սահմանափակվում են անձանց հավաքների ազատությունը, վարչապետին անվստահություն հայտնելու խորհրդարանական լիազորությունը եւ սահմանադրական հանրաքվե անցկացնելը։
Ակնհայտ է, որ գործող քաղաքական իշխանության համար պարզ է իր նկատմամբ լայն հանրության դժգոհությունը, որը պատրաստ է Փաշինյանին գամելու անվստահության սյունին։
Այսպիսով, հակահամաճարակային միջոցառումների իրականացումը համարելով պարտադիր, պահանջում ենք իշխանությունից հրաժարվել արտակարգ դրության ռեժիմի հերթական երկարաձգումից, որը կրկին հանգեցնելու է քաղաքացիների սահմանադրական իրավունքների անհիմն սահմանափակման»,-ասված «Հայրենիք» կուսակցության խորհրդի հայտարարության մեջ:
Իր հերթին կուսակցության նախագահ, ՀՀ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանն էլ թվիթթերյան իր էջում, մեկնաբանելով արտակարգ դրության երկարաձգման՝ իշխանությունների որոշումը, գրել է.« Արտակարգ դրության երկարաձգումը չունի որևէ այլ նպատակ, քան այս իշխանության հեռացման հետաձգումն է։ Սա ուղղակի անթույլատրելի է։ Այս ողջ գործընթացի օրինականությունը շուտով դառնալու է մանրամասն քննության առարկա»: