Բնակարանից հափշտակել էր 1 միլիոն 700.000 դրամ և 8000 դոլար
Հունիսի 7-ին, ժամը 20-ի սահմաններում, ոստիկանության Կումայրիի բաժնում Գյումրի քաղաքի Խրիմյան Հայրիկի փողոցի մի բնակիչ հաղորդում էր տվել, որ ժամեր առաջ, օգտվելով իրենց տնից բացակայելու հանգամանքից, կոտրել են խոհանոցի պատուհանը, տուն մտել, ննջասենյակի պահարանից գողացել 1 միլիոն 7 հարյուր հազար դրամ և 8000 դոլար:
Դեպքի վայր մեկնած իրավապահներն ուսումնասիրեցին տան տարածքը: Որոնողական աշխատանքներ սկսվեցին: Քրեական հետախույզներն ականատես վկաներ հայտնաբերելու նպատակով օպերատիվ հարցումներ իրականացրին, ստուգվեցին ու հերքվեցին տարբեր վարկածներ: Հունիսի 9-ին, ստացված տեղեկություններն իրացնելով, ոստիկանները Գյումրիի Շիրակացու փողոցում բնակվող մի կնոջ բաժին հրավիրեցին, որի անձնական խուզարկությամբ հայտնաբերվեցին ոսկյա զարդեր ու 3.700 դոլար:
Հետագա միջոցառումներով պարզվեց, որ բնակարանային գողության հաջորդ օրը փողն ու ոսկեղենը նախկինում դատապարտված և 2018 թվականին պատիժը կրելուց համաներմամբ ազատ արձակված 36-ամյա որդին է մորը տվել:
Ոստիկանների բացատրական աշխատանքի շնորհիվ նույն օրը, ժամը 22-ի սահմաններում, կասկածվողը ներկայացավ ոստիկանության Կումայրիի բաժին և ձերբակալվեց:
Հանգամանքները պարզվում են:
Միջոցառումներ են ձեռնարկվում՝ գողոնի մյուս մասը հայտնաբերելու ուղղությամբ:
Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է: