Բաժիններ՝

Սիգարետի մաքսանենգ արտահանման գործընթացում Փաշինյանների ընտանիքի և Շուշան Ներսիսյանի ներգրավվածության մասին լուրը հերյուրանք է. ՊԵԿ նախագահ

ՊԵԿ նորանշանակ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը կառավարության նիստից հետո լրագրողի հարցին ի պատասխան՝  վստահեցրեց, որ այդ պաշտոնում իր նշանակման հարցում  արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի ընկերը լինելու հանգամանքը որևէ դերակատարություն չի ունեցել, Բադասյանը չի միջնորդել:

Մամուլում նաև տեղեկություններ տարածվեցին Էդվարդ Հովհաննիսյանի՝  բանակում չծառայելու մասին, ՊԵԿ նախագահը  պատասխանելով factor.am-ի լրագրողի հարցերին՝ հաստատեց այդ հանգամանքը և ավելացրեց.

«Առհասարակ մամուլում բանակում չծառայելու վերաբերյալ հրապարակումներն առաջին հայացքից խիստ արատավոր են ընդունվում, սակայն ժամանակին, երբ  եղել եմ զինապարտ, «Զինապարտության մասին» օրենքով, ընտանեկան պայմաններից ելնելով, ավելի կոնկրետ՝ երեխաներ ունենալու փաստով, ուղղակի օրենքով սահմանված կարգով ստացել եմ տարկետում: Սակայն  զինապարտ եմ, ընդգրկված եմ պահեստազորում»,- ասաց Էդվարդ Հովհաննիսյանը:

Անդրադառնալով Սուրբ աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի նկատմամբ առաջին ատյանի դատարանի՝ խափանման միջոցը կալանավորում  ընտրելու մասին որոշումը՝ Վերաքննիչ դատարանի կողմից բեկանման հարցին, ՊԵԿ նախագահը հայտնեց, որ դատարանի որոշումը դեռևս չեն ստացել, ուստի վաղ է հետագա գործողությունների կամ դատարանի որոշման հիմքերի մասին խոսելը:

«Ինչ վերաբերում է բեկանելուն, նշեմ, որ Վերաքննիչ դատարանը, ըստ նախնական տեղեկությունների, կալանքի վերաբերյալ միջնորդության քննության հարցը վերադարձրել է առաջին ատյանի դատարան՝ նոր քննության»,- ասաց Էդվարդ Հովհաննիսյանը:

Պատասխանելով Միքայել Մինասյանի հայտարարությունների  վերաբերյալ այն հարցին, թե ՊԵԿ-ը, մասնավորապես՝ ՊԵԿ նախագահի տեղակալ Շուշան Ներսիսյանը, ինչպես նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի ընտանիքը,  ներառված են մաքսանենգ ճանապարհով ծխախոտի արտահանման գործում, ՊԵԿ նախագահը նշեց, թե ՀՀ-ից մաքսանենգ եղանակով ծխախոտի արտահանման մասին, բացի Միքայել Մինասյանի պնդումներից, այլ փաստարկ, հիմնավորում առկա չէ:

«Ավելին, Պետական եկամուտների կոմիտեն՝ մասնավորապես, և ընդհանրապես այլ պետությունների մաքսային մարմիններից կամ որևէ այլ իրավապահ մարմիններից չի ստացել որևէ պաշտոնական գրություն արտահանված ծխախոտների մաքսանենգ լինելու վերաբերալ:

Ինչ վերաբերում է տիկին Ներսիսյանի կամ Փաշինյանների ընտանիքի կողմից նշված գործընթացում ներգրավվելու մասին, ես էդ տեղեկություններն ուղղակի հերյուրանք եմ համարում, քանի որ որևէ փաստարկներ, որևէ հիմնավորումներ այդ մասին ուղղակի չկան»,- ասաց ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս