ՀՀ կառավարությունը ԵՄ-ից նախորդ տարի ստացել է փաստացի 8, 6 մլրդ դրամ դրամաշնորհ
ՀՀ կառավարությունը Եվրամիությունից նախորդ տարի փաստացի ստացել է 8.6 մլրդ դրամ՝ դրամաշնորհային ծրագրերի համար: Ազգային ժողովում մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «Հայաստանի Հանրապետության 2019թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության` եկամուտների և ծախսերի կատարողականի նախնական քննարկմանն այս մասին ասաց ՀՀ ֆինանսերի նախարար Ատոմ Ջանջուղազյանը:
Ջանջուղազյանը անդրադառնալով պաշտոնական դրամաշնորհներին՝ նախ հիշեցրեց, որ ունենք բյուջետային աջակցության դրամաշնորհներ և նպատակային դրամաշնորհներ: Նպատակային դրամաշնորհներից բացի, կան նաև ԵՄ-ի և անդամ երկրների վարկային ծրագրեր, որոնք նույնպես պետբյուջեի մաս են կազմում:
«Ընդհանուր առմամբ դրամաշնորհային ծրագրերի համար ԵՄ-ից փաստացի ստացվել է 8.6 մլրդ դրամ՝ ճշտված ծրագրերի շուրջ 31տոկոսը: Կան ծրագրեր, որոնք ընդհանրապես չեն իրականացվել կամ իրականացվել են տարբեր չափերով: Ոչ նպատակային կամ բյուջետային աջակցության դրամաշնորհները կազմել են գրեթե կեսը կամ 4 մլրդ 451 մլն դրամ: Վարկային միջոցների հաշվին ճշտված ծրագիրը կազմել է շուրջ 20 մլրդ դրամ, փաստացի արձանագրվել է 57 տոկոս ստացում»,-ասաց նախարարը:
Նա շեշտեց՝ նպատակային ծրագրերի դեպքում միջոցները հասանելի և առկա են, սակայն դրանք օգտագործվում են և արտացոլվում են պետբյուջեում այն չափով, որքանով այն ծրագրերն ու միջոցառումներն իրականացվում են: