«Դավիթ Տոնոյանին գուցե մի օր հանեն, բայց ոչ մոտակա ժամանակներս»․ Մհեր Հակոբյան

Հաշվի առնելով ՀՀ-ում տեղի ունեցած և ունեցող ներքաղաքական զարգացումները, ուժային որոշ կառույցների՝ իշխանությունների համար ինչ-ինչ չափով ներքաղաքական խնդիրների լուծման գործում ներգրավվածությունը, որքանո՞վ է բանակին, զինված ուժերին հաջողվում հեռու մնալ քաղաքականությունից և ներքաղաքական «խաղերից»:

Ռազմաքաղաքական վերլուծաբան Մհեր Հակոբյանը 168.am-ի հետ զրույցում վստահեցրեց, որ, բարեբախտաբար, բանակը բավականին հեռու է քաղաքական խաղերից:

«30 տարիների պետական ավանդույթների մեջ կարևոր դեր ունեցավ այն, որ բանակը հեռու պահվեց քաղաքականությունից: Եվ, բարեբախտաբար, կարողացանք մենք մեր զինված ուժերում սպաների և զինվորների մտածողության մեջ ներդնենք, որ դուք սրբազան գործ եք անում՝ երկրի սահմանները պաշտպանելով, ներքին ռազբորկաներին խառնվելը ձեր պատվից ցածր բան է»,- նշեց նա:

Դիտարկմանը, որ մարտիմեկյան դեպքերը քննելիս շատ է խոսվում բանակի ներգրավվածության, քաղաքական պրոցեսներին խառնվելու մասին, ավելին՝ «թավշյա հեղափոխության» օրերին ականատես եղանք, թե ինչպես խաղաղապահները միացան ցուցարարներին, վերլուծաբանը նշեց, որ բերված օրինակները բացառություններ են, եթե նույնիսկ ընդունենք, որ բանակը խառնվել է քաղաքական պրոցեսների:

«Դա ընդամենը 2 բացառություն է, քննարկենք դրանցից յուրաքանչյուրն առանձին. առաջին՝ Մարտի 1-ի դեպքերի զոհերը, որքանով հասկանում ենք բաց աղբյուրներից, չեն եղել բանակայինների «ձեռքով», այսինքն՝ ԶՈՒ-ի կամ ՊՆ-ի, այլ՝ ոստիկանների: Ավելին, նույնիսկ կարծիք կա, որ օլիգարխների թիկնապահներ են կրակել, բայց սա շատ մութ հարց է, որի պատասխանը չգիտենք, և հարց է՝ հաստատ կիմանա՞նք մի օր, թե՞ ոչ: Այսինքն՝ բանակը գրեթե չխառնվեց, այլ զուտ ապահովեց իր ֆիզիկական ներկայությունը։ Ինքս 2008-ին Երևանում քայլել եմ, տեսել եմ ՊՆ համարանիշներով մեքենաներ, բեռնատարներ, ինձ համար աքսիոմա է՝ բանակը եղել է Երևանում, բայց զուտ իր ներկայությունն է ապահովել՝ ստանձնելով ռազմավարական և պետական օբյեկտների պահպանությունը, գուցե մի քիչ ավելի, բայց բանակը չի մտել, ջարդել-փշրել: Սա նման է նրան, որ մի ծանրակշիռ մարդ մտնում է սենյակ, և բոլոր վիճողները, այդ մարդուն հարգելով, լռում են: Հիմա այս մարդը խառնվե՞ց, թե՞ ոչ: Այո, ինքը եկավ, գուցե՝ խառնվեց, բայց ոչ մեկի վրա չբռնացավ: Ըստ այդմ՝ ես չեմ համարում, որ 2008-ի մարտի 1-ին բանակը խառնվել է այն իմաստով, որով ասվում է: Ինչ վերաբերում է 2018-ի ձեր նշած դեպքին, ապա ընդամենը մեկ ստորաբաժանում է մասնակցել, այստեղ, այո, մասնակցությունն ավելի շատ էր, բայց ոչ այնքան շատ, որքան լինում են, օրինակ, աֆրիկյան երկրներում բանակային հեղաշրջումների դեպքում:

Զինծառայողները նախ ներկայացնում էին մեկ զորամաս, որը դասական բանակային զորամաս չէ, երկրորդ՝ անզեն էին, երրորդ՝ ագրեսիվ չէին: Այսինքն՝ իրենց քաղաքական դիրքորոշումը, ըստ էության, հայտնեցին պասիվ: Գուցե ավելի ակտիվ էին, քան մարտի 1-ին, բայց միևնույն է՝ դա չեմ համարում լիարժեք խառնվել: Այս համատեքստում կարելի է հիշել 1996-ի ընտրությունները, Վազգեն Սարգսյանի կողմից քաղաք զորք մտցնելը, բայց այս դեպքում իրավիճակը նման էր 2008-ի վիճակին, որովհետև զուտ իր ներկայությամբ զսպեց կողմերին:

Ակտիվ քաղաքական դերակատարություն զորքը չունեցավ: Ցավալի և վատ էպիզոդներ են, բայց 30 տարում երեքն ընդամենը, ընդ որում՝ 2-ը՝ ստատիկ, միայն մեկը՝ մի քիչ ակտիվ, և այս դեպքում չի կարելի ասել, որ բանակը քաղաքականացավ: Այս պահին մեր բանակը կատարում է իր մարտական խնդիրները սահմանում, և մեզ բնավ պետք չէ բանակին լրացուցիչ խնդիրներով ծանրաբեռնել, որը կարող է բերել նրա վարկաբեկմանը»,- մանրամասնեց Մհեր Հակոբյանը՝ հավելելով, որ այս երկու տարում պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն այս առումով շատ առողջ ազդակներ իջեցրեց՝ բանակային բուրգից՝ մինչև ներքև:

Մամուլում դարձյալ ակտիվացել են Դավիթ Տոնոյանի պաշտոնանկության մասին խոսակցությունները, լուրերը, ավելին, երեկ նա հրապարակեց իր տեսլականը՝ զինված ուժերի նպատակների և առաջնահերթությունների վերաբերյալ, ինչը մեկնաբանվեց, թե սա փորձ է Տոնոյանի կողմից՝ ցույց տալու իշխանություններին, որ դեռ շատ բան կարող է անել:

Ռազմաքաղաքական վերլուծաբանն այս առնչությամբ կարծիք հայտնեց, թե ուժային կառույցներից 2-ի ղեկավարները փոխվեցին, և այս ֆոնին իներցիոն մակարդակում պարզ է, որ պիտի ասեն՝ ուրեմն հիմա Դավիթ Տոնոյանին էլ կփոխեն՝ հիշեցնելով, որ, երբ ժամանակին Արթուր Վանեցյանը և Վալերի Օսիպյանն ազատվեցին զբաղեցրած պաշտոններից, այս համատեքստում դարձյալ շրջանառվում էր Դավիթ Տոնոյանի անունը, բայց նա շարունակեց պաշտոնավարել:

«Այսինքն՝ այս իներցիոն պահն է, որ այն անգամ չհաստատվեց, այս անգամ էլ, կարծում եմ, քիչ հավանական է»,- ընդգծեց մեր զրուցակիցը:

Հակադարձմանը, որ այս անգամ մամուլում ակնարկներ կան Տոնոյանի դեմ հնարավոր գործերի, զենքի «ապօրինի» առքուվաճառքի մասին, Մհեր Հակոբյանը պատասխանեց, որ հիմնական խնդիրներն այս առումով, ըստ էության, ԳՇ ուղղությամբ են, ոչ թե պաշտպանության նախարարի: Այսինքն՝ եթե սլաքներ ուղղելու լինեն, ապա դա կուղղվի ԳՇ-ին, ոչ թե ՊՆ-ին: Միաժամանակ վերլուծաբանը պնդեց, որ, իր կարծիքով՝ ԳՇ պետի պաշտոնից Արտակ Դավթյանի ազատման պատճառն այնուհանդերձ հենց որդու հարսանիքն էր:

«Եթե իշխող ուժը հայտարարում է, որ երկրում համաճարակային պատերազմ է, և գլխավոր պաշտոնյաներից մեկը ոչ միայն անձնական կարգապահություն չի դրսևորում, այլ դեմ է գնում երկրի Գերագույն գլխավոր հրամանատարի կարծիքին, իսկ աշխատանքային իրավունքում կա «վստահության կորուստ» հասկացություն, երբ գործատուն կարող է աշխատողին գործից հանել վստահության կորստի հիմքով: Մենք այս դեպքում գործ ունենք քաղաքական թիմի հետ, և ներքին վստահությունը կարևոր է: Թե չէ Նիկոլ Փաշինյանը խոսում է դիմակից, ֆեյսբուքյան իր էջում նկարներ է դնում ռեստորաններից, մեկ էլ իր թիմակիցը բազմամարդ հարսանիք է անում: Իմ խորին համոզմամբ՝ Արտակ Դավթյանի ազատման պատճառը հենց հարսանիքն էր, ոչ թե զենքի պահը»,- պնդեց Հակոբյանը:

Ինչ վերաբերում է Դավիթ Տոնոյանին, ապա, ըստ վերլուծաբանի, քիչ հավանական է նրան պաշտոնից հեռացնելը. առաջին՝ իշխող ուժը չունի համապատասխան թեկնածու, իսկ Տոնոյանը քաղաքացիական և ռազմական գործի հատման կետում գտնվող հաջող և քաղաքակիրթ պաշտոնյա է: Եվ եթե նրան հանեն, կամ ներսից պիտի մի գեներալի բերեն, որի դեպքում քաղաքացիականի պահը չկա, կամ դրսից բերեն մի քաղաքացիականի, որի դեպքում էլ ռազմական գործչի պահն է բացակայում, մինչդեռ Տոնոյանի դեպքում առկա են երկու անհրաժեշտ որակներն էլ՝ քաղաքացիական և ռազմական: Այսինքն՝ Դավիթ Տոնոյանը քաղաքացիական և ռազմական ոլորտների հատման կետում գտնվող շատ հաջող կադր է:

«Տոնոյանը վերջին 2 տարում առնվազն նվազագույնը բանակը տարել է զարգացման ուղիով, իսկ առավելագույնը՝ շատ մեծ գործ է արել: Հիմա նրան հանես՝ ո՞ւմ դնես, կամ ինչի՞ հանես: Եթե ռեալ դատենք, Տոնոյանն իր գործն անում է: Իմ կարծիքով՝ գուցե մի օր հանեն, բայց ոչ մոտակա ժամանակներս»,- լրացրեց վերլուծաբանը:

Իսկ թե որքանով ներքաղաքական զարգացումների, իշխանությունների գործողությունների մասին խոսելիս կարող ենք ասել, որ ՀՀ-ում գործ ունենք «հիբրիդային պատերազմի» հետ, ինչպես նշում են որոշ քաղաքագետներ, վերլուծաբաններ, ռազմակաքաղաքական վերլուծաբանը ճիշտ չհամարեց «հիբրիդային պատերազմ» ձևակերպումը, երբ խոսքն արտաքին թշնամու կամ հակառակորդի մասին չէ:

«Մեր քաղաքական դաշտում կարող է ինչ-որ բան լինել, և դա լինի հիբրիդային, բայց դա չլինի պատերազմ: Քաղաքական դաշտում մենք կարող ենք խոսել հիբրիդային քաղաքական պայքարի մասին, բայց ոչ պատերազմի, որովհետև եթե հանկարծ մենք մեր ներքաղաքական դաշտում խոսենք «հիբրիդային պատերազմի» մասին, կվիրավորենք մարդկանց, ուժերին, քանի որ «հիբրիդային պատերազմ» ՀՀ-ի դեմ մղում է Ադրբեջանը, Թուրքիան, մեր թշնամիները:

Ըստ այդմ՝ կստացվի, որ Ադրբեջանը և Թուրքիան «հիբրիդային պատերազմ» են մղում մեր քաղաքական դաշտում: Բայց արդյո՞ք ճիշտ է այդ պնդումը: Ես կհամաձայնեմ, եթե, օրինակ, ասվի՝ Քոչարյանի թիմը Նիկոլ Փաշինյանի դեմ մղում է քաղաքական հիբրիդային պայքար, և հակառակը, բայց ասել, որ Քոչարյանի թիմը «հիբրիդային պատերազմ» է մղում Փաշինյանի դեմ, դա նշանակում է՝ ասել, որ Քոչարյանի թիմը դավաճան է, միացել է արտաքին թշնամիներին և երկրի ներսում վարում է պատերազմ, մինչդեռ դա անում են մեր արտաքին թշնամիները, և այս ձևակերպմամբ վիրավորում ենք տվյալ քաղաքական ուժին:

Բառեր և տերմիններ ընտրելիս պիտի զգույշ լինենք, թվում է՝ հոմանիշ բառեր են, բայց տարբեր իրավիճակներ են արտահայտում: Կրկնում եմ՝ ՀՀ-ում տեղի է ունենում քաղաքական հիբրիդային պայքար, բայց ոչ պատերազմ: Մեկ այլ օրինակ. հիմա իշխանության ներկայացուցիչները, օրինակ՝ Ալեն Սիմոնյանը, հաճախ է ասում՝ ամենակոշտ պատասխանն ենք տալու: Բայց սրանով լեզվամտածողության հետ կապված սխալ են թույլ տալիս. իրենց թվում է, որ կոշտը դա վճռականի հոմանիշն է, բայց վճռականությունը կարող է իր մեջ կոշտություն ունենալ և կարող է չունենալ: Եթե դու ուզում ես ասել, որ վճռական պատասխան ես տալու, այդպես էլ ասա, որովհետև վճռականությունը միշտ չէ, որ կոշտություն է ենթադրում:

Օրինակ, հաճախ ոստիկանության վճռական գործողություններն ասոցիացվում են կոշտության հետ, մարդիկ դա որպես հոմանիշ են ընկալում, ինչը սխալ է: Կոշտը կարող է վճռականի մի տարր լինել, բայց վճռականությունը պարտադիր չէ, որ կոշտ լինի:

Հիմա կարող է «վճռական» գործես որևէ մեկի դեմ, սպեցնազ ուղարկես, դուռը ջարդեն ու մտնեն, իրեն գցեն գետնին ու քարշ տալով բերեն, սա կլինի կոշտ և վճռական, բայց կարող ես մի քննիչ ուղարկել այդ մարդու տուն, քաղաքակիրթ թակի դուռը, մտնի, ցույց տա որոշումը և ասի՝ պիտի քեզ ձերբակալենք: Սա կլինի վճռական, բայց ոչ՝ կոշտ: Ցավոք, մեր էլիտայի մոտ մի մտայնություն կա, որ ուզում են ժողովրդի ուղեղի վրա ազդեն և ասում են, թե գործողությունները կոշտ են՝ նկատի ունենալով վճռականը: Առաջնայինը, եթե ուզում են դրականը ցույց տալ, վճռականն է, իսկ դա, ինչպես արդեն ասվեց, ոչ միշտ է ենթադրում հենց կոշտություն»,- եզրափակեց ռազմաքաղաքական վերլուծաբանը:

Տեսանյութեր

Լրահոս