
Հունաստանում վրացական վարորդական իրավունքը կփոխանակվի առանց քննություն հանձնելու

Վրաստանի և Հունաստանի միջև ուժի մեջ է մտել ազգային վարորդական իրավունքների փոխադարձ ճանաչման և փոխանակման մասին համաձայնագիրը։ Այս մասին գրում է aliq.ge-ն։
Ներքին գործերի նախարարության հաղորդմամբ՝ համաձայնագիրը ուժի մեջ է մտել այս տարվա հունիսի 21-ին։
Համապատասխանաբար, կողմերի իրավասու մարմինների կողմից տրված վավեր վարորդական իրավունքի տերերը կկարողանան իրենց օրինական բնակության պետությունում ստանալ համարժեք վարորդական իրավունք՝ առանց տեսական կամ գործնական քննություն հանձնելու անհրաժեշտության։
Համաձայնագրով սահմանվում է, որ փաստաթղթի ուժի մեջ մտնելուց հետո վարորդական իրավունքի հետևյալ կատեգորիաները/ենթակատեգորիաները՝ «AM», «A», «A1», «A2», «B», «B1», «C», «D», «C1», «D1», «BE», «CE», «DE», «C1E», «D1E», ենթակա կլինեն փոխանակման առանց տեսական և գործնական քննություններ հանձնելու։
Վրաստանը նմանատիպ համաձայնագիր է ստորագրել Իսպանիայի Թագավորության և Իռլանդիայի հետ, որտեղ վրացական վարորդական իրավունքների փոխանակումն արդեն հնարավոր է։ Իտալիայի հետ համաձայնագրի շուրջ քննարկումներ են ընթանում։